Քիչ առաջ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնեց, որ քննվող քրեական վարույթով կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևանի փոխքաղաքապետ Գ. Սիմոնյանը, 2020-2022թթ. ընթացքում զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, անձնական շահագրգռվածությունից ելնելով չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին:
Ըստ քրեական վարույթով ձեռք բերված տվյալների՝ ՀՀ առողջապահության նախարարի 2020թ. հրամանով հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության «CՕVID-19»-ի ախտորոշման և բուժման դիմաց պետական բյուջեից փոխհատուցում ստացող՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների ցանկը, որում ներառվել է նաև «Մեդլայն Կլինիկ» ՍՊ ընկերությունը:
Քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ վերը նշված ծրագրի շրջանակում «Մեդլայն Կլինիկ» ՍՊ ընկերության հիմնադիր տնօրեն Բ. Շ.-ն կազմակերպել է նույն ընկերության բժիշկների կողմից պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող հիվանդության պատմություններում ակնհայտ կեղծ տեղեկություններ ներառելը և իրացնելը, ինչպես նաև նույն անձանց հետ նախնական համաձայնությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 119.005.000 դրամ։
Հետաքրքիր է, որ CՕVID-19»-ը սկսեց լայն տարածում գտնել, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էր:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 11.06.2018 թվականի N 728-Լ որոշմամբ հաստատված Առողջապահության նախարարության կանոնադրության 14-րդ կետում կարդում ենք՝ Նախարարը ղեկավարում է նախարարության գործունեությունը,
16-րդ կետը սահմանում է հետևյալը. նախարարին անմիջական հաշվետու են նախարարի տեղակալները…,
18-րդ կետի 1-ին ենթակետն էլ ասում է, որ նախարարն ինքնուրույն ղեկավարում է նախարարությանը վերապահված գործունեության ոլորտը, ինքնուրույն մշակում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության՝ նախարարությանը վերապահված գործունեության ոլորտի քաղաքականությունը,
Իսկ 20-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված են փոխնախարարի լիազորությունները, այն է՝ նախարարի տեղակալը գործում է նախարարից պատվիրակված լիազորությունների ուժով:
Եվ հարց է առաջանում ինչու է նախարարի ենթական ձերբակալվել, իսկ նախարար Արսեն Թորոսյանը դեռ մնում է անպատիժ:
Բացի այդ, COVID-19-ի դեմ պայքարը շարունակվել է ներկայիս նախարար Անահիտ Ավանեսյանի պաշտոնավարման ժամանակ:
Նաիրա Հովհաննիսյան