ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է. «Ավելի քան 500 գրություններ միջազգային գործընկերներիս, Արցախի շրջափակման 100-րդ օր, 120․000 շրջափակված արցահայ, ովքեր պայքարում են հանուն հայրենիքում ազատ ու խաղաղ ապրելու իրավունքի։
Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակումից ի վեր շուրջ 500 գրություն եմ ուղարկել միջազգային բոլոր գործընկերներիս, խոսել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի, Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի մի շարք կոպտագույն խախտումների մասին, կոչ եմ արել կիրառել գործուն քայլեր՝ զսպելու Ադրբեջանի հանցագործ քաղաքականությունը։
Արդեն 100 օր է՝
🔻Ադրբեջանի կառավարության գործակալները ահաբեկչական գործողություններով շրջափակման պայմաններում պատանդ են պահում Արցախի 120 000 բնակչությանը, ներառյալ՝ շուրջ 30 000 երեխա, 20 000 տարեց, 9000 հաշմանդամություն ունեցող անձ:
🔻ԱՀ ոստիկանության 3 աշխատակիցներ, ծառայությունն իրականացնելու ընթացքում, զոհվել են, մեկը՝ վիրավորվել Ադրբեջանի դիվերսիայի հետևանքով։
🔻Ադրբեջանը պարբերաբար կրակ է բացում սահմանամերձ գյուղերի վրա՝ թիրախավորելով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող բնակիչներին և նրանց տեխնիկան։
🔻Արցախը զրկված է սննդամթերքի, մանկական կերերի ու կաթնախառնուրդների, դեղորայքի անհրաժեշտ մատակարարումից:
🔻Շրջափակման հետևանքով իրենց տներ չեն կարողացել վերադառնալ ընդհանուր առմամբ շուրջ 3900 անձինք, ներառյալ՝ 570 երեխա։
🔻Պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 900 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։
🔻Ադրբեջանը 34 օր շարունակ լրիվությամբ կամ մասնակիորեն ընդհատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը։
🔻Արդեն 71 օր շարունակ լրիվությամբ խաթարված է Հայաստանից Արցախ էլեկտրամատակարարումը։
🔻Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով առնվազն 8300 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը։
🔻Շրրջափակման ընթացքում 20․000 երեխա զրկվել է կրթության իրավունքից։
🔻Շրջափակման մեկնարկից ի վեր աշխարհի բազմաթիվ երկրներ ու միջազգային կազմակերպություններ դատապարտել են Ադրբեջանի գործողությունները և կոչ արել վերացնել շրջափակումը: Հարցը քննարկվել է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները վերացնելու շրջափակումը։ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով։ Եվրոպական խորհրդարանում Արցախի շրջափակման հումանիտար հետևանքների մասին բանաձև է ընդունվել։
❗️Այդուհանդերձ Ադրբեջանը անտեսում է միջազգային բոլոր պարտավորվածությունները՝ շարունակելով փակ պահել Արցախը Հայաստանին և աշխարհին կապող միակ կենսական ճանապարհը»։