Armlur.am -ին ՀՀ ՊՆ -ից հայտնում են, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նոյեմբերի 1-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին: ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է Ջոն Հեֆերնին` դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, նշելով, որ վստահ է, որ դեսպանը դիվանագետի և ՆԱՏՕ-ում աշխատանքի տարիներին պաշտպանության, անվտանգության հարցերի շուրջ կուտակած մեծ փորձը կծառայեցնի հայ-ամերիկյան հարաբերությունների, այդ թվում նաև պաշտպանական ոլորտի հարաբերությունների հետագա զարգացման և խորացման գործում: ՀՀ պաշտպանության նախարարը դեսպանին համառոտ ներկայացրել է ՀՀ զինված ուժերում իրականացված բարեփոխումները և պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքների իրականացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:
Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների համար` դեսպան Հեֆերնը նշել է, որ ամերիկյան կողմը բարձր է գնահատում Աֆղանստանում, Կոսովոյում, ինչպես նաև Իրաքում խաղաղապահ առաքելությունների ժամանակ ՀՀ զինված ուժերի կողմից ցուցաբերված և ցուցաբերվող աջակցությունը: Դեսպանը հավելել է, որ ողջունելի է զինված ուժերում իրականացվող բարեփոխումների ընթացքը և ամերիկյան կողմը պատրաստակամ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել և զարգացնել հարաբերությունները հայկական կողմի հետ երկկողմ ձևաչափով, ինչպես նաև ՄԱԿ-ի, ՆԱՏՕ-ի և այլ միջազգային կառույցների շրջանակներում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև այլ երկկողմ հետաքրքություն ներկայացնող հարցեր: