ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Խաշթառակ համայնքի բնակիչ Ս.Հ.-ի եւ նրա դստեր Մ.Հ.-ի կողմից իրենց հետ համատեղ բնակվող անչափահաս երեխաներին ֆիզիկական ուժեղ ցավ եւ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, ինչպես նաեւ ծանր մարմնական վնաս պատճառելու հետեւանքով անզգուշությամբ նրանցից մեկին մահ պատճառելու դեպքով քրեական վարույթի նախաքննությունը։
2020թ. օգոստոսի 18-ին ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2020թ. օգոստոսի 16-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Տավուշի մարզի Խաշթառակ համայնքում գտնվող իրեն պատկանող տանը հանգիստը խանգարելու պատճառով Ս.Հ.-ն ձեռքով հարվածել է իր 6-ամյա անչափահաս թոռան դեմքին, ինչի հետեւանքով վերջինս վայր է ընկել հատակին, գլխով հարվածել բազմոցի ոտնակին՝ ստանալով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ: 2020թ. օգոստոսի 25-ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում 6-ամյա երեխան մահացել է ստացած մարմնական վնասվածքներից:
Բացի այդ, նույն օրը՝ երեկոյան, իրենց առանձնատան բակում իր վրա անվադող նետելու համար տղամարդը փայտով մի քանի անգամ հարվածել է մյուս անչափահաս թոռանը՝ դեպքի պահին 4 տարեկան երեխայի մարմնի տարբեր մասերին, ապա վեր է բարձրացրել նրան եւ գցել հատակին՝ վերջինիս առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս:
Պարզվել է նաեւ, որ տղամարդը իր դստեր հետ, ով հանդիսանում է երեխաներից 4-ի մայրը, երկուսի հորաքույրը, իրենց առանձնատանը համատեղ բնակության ընթացքում՝ մինչեւ 2020թ. օգոստոսի 16-ն ընկած ժամանակահատվածը, պարբերաբար, տարբեր կենցաղային առիթներով դիտավորությամբ ձեռքերով, ոտքերով, փայտով եւ այլ առարկաներով բազմաթիվ հարվածներ են հասցրել 6 անչափահաս երեխաների մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով միջին ծանրության եւ ծանր մարմնական վնասվածքներ, ինչպես նաեւ հոգեկան ուժեղ տառապանք:
Վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից հարուցված քրեական հետապնդման հիման վրա՝ Ս.Հ.-ին վերջնական մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով, 113-րդ հոդվածի 1-ին մասով եւ 119-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ եւ 5-րդ կետերով, որը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 7-րդ եւ 15-րդ կետերին, 167-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ եւ 9-րդ կետերին եւ 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ եւ 6-րդ կետերին:
Վերջինիս դստերը վերջնական մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ եւ 5-րդ կետերով, որը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 6-րդ կետերին:
Նրանց նկատմամբ նախնական փուլում որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, որը հետագայում փոխարինվել է բացակայելու արգելքով:
2023թ. հունվարին վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել 5 անչափահաս երեխաների նկատմամբ հատուկ պաշտպանական միջոց՝ «պաշտպանվող անձին մոտենալու կամ նրանց հետ շփվելու սահմանափակում» կիրառելու մասին, եւ որոշման մեկ օրինակն ուղարկվել է «ՍՈՍ մանկական գյուղեր» ՀԲՀ-ի Իջեւան մասնաճյուղի տնօրենին։
Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական վարույթի նյութերը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին:
ԳՐԱՆՑՎԵԼ Է 249 ԱՐՏԱԿԱՐԳ ԴԵՊՔ
Մարտի 13-ից 19-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 493 դեպք, որից 249-ը՝ արտակարգ, մասնավորապես՝ հրդեհի՝ 182, պայթյունի, քարաթափման, ջրային հաղորդակցման ուղիների պատահարի, ուժեղ քամու, երկրաշարժի, զինամթերքի հայտնաբերման, որոնողափրկարարական՝ 1-ական, թունավորման՝ 5, օձի հայտնաբերման՝ 3, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 56, ինչպես նաեւ կենցաղային կանչի՝ 148, ինքնասպանության փորձի՝ 4, կեղծ ահազանգի՝ 1, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 23, հրդեհի կեղծ կանչի՝ 20, եւ 44 այլ դեպքեր:
Եղանակային պայմաններով եւ այլ գործոններով պայմանավորված՝ գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 24 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 42 քաղաքացու եւ անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 24 տրանսպորտային միջոց:
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 100, զոհվել՝ 9 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 3 մարդ:
Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները:
ՔՆՆԱՐԿՎԵԼ Է 7 ՆԱԽԱԳԻԾ
ԿԳՄՍՆ-ում կայացել է նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի երկրորդ նիստը, որտեղ քննարկվել են պատմության եւ մշակույթի հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը եւ վերականգնմանն առնչվող 7 էսքիզային նախագծեր:
ԿԳՄՍՆ-ից ArmLur.am-ին հայտնում են, որ գիտամեթոդական խորհրդի 16 անդամից նիստին ներկա է եղել 14-ը:
Քննարկված հարցերից են Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակի 40-ամյակի» այգու հուշարձանի եւ հարակից տարածքի բարեկարգման, Երեւան քաղաքի՝ Արամի փողոցի 54 հասցեում գտնվող հանրապետական նշանակության հուշարձան-շենքի ամրակայման, վերականգնման, փոփոխման եւ կցակառույցի վերակառուցման, ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Համլետավան գյուղի մատուռի վերականգնման ու տարածքի բարեկարգման եւ այլ նախագծեր:
Նիստում քննարկված հարցերից երկուսը քվեարկությամբ մերժվել են, հինգը՝ որոշակի վերապահումներով արժանացել հավանության:
1572-ԻՑ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ ԵՆ 47-Ը
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում եմ ուղարկել՝ հարցնելով, թե Տավուշի մարզպետարանի ենթակայությամբ գործող հանրակրթական դպրոցներում ընդհանուր թվով քանի ուսուցիչ է աշխատում, նրանցից քանիսն է մասնակցել կամավոր ատեստավորմանը, ատեստավորման գործընթացում ինչ արդյունքներ են ունեցել։ Տավուշի մարզպետարանից գրավոր հայտնել են, որ Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում աշխատում է 1572 ուսուցիչ, որոնցից 47-ը մասնակցել են կամավոր ատեստավորմանը եւ ստանում են աշխատավարձի 30-50 տոկոս հավելավճար։ Մարզպետարանի պատասխանի մեջ նշված չէ, թե քանի ուսուցիչ է ձախողել կամավոր ատեստավորման գործընթացում։ Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների ուսուցիչների մեծամասնությունը չի մասնակցում ատեստավորմանը, որովհետեւ այդ գործընթացի նկատմամբ վստահություն չունի, ատեստավորման համար ուսուցիչների վերապատրաստումներ չեն անցկացվում, ուսուցիչներն ատեստավորման հարցաշարերի հարցերին լիարժեք տեղյակ չեն, քննության համար հատկացված ժամանակը չի բավարարում մեծ թվով հարցերին պատասխանելու համար, հիմնական դպրոցների ուսուցիչների համար նախատեսված քննական հարցերի մեջ ընդգրկված են նաեւ ավագ դպրոցների ծրագրերից հարցեր։ Ուսուցիչները մտավախություն ունեն, որ կամավոր ատեստավորմանը մասնակցելու եւ դրանում ձախողելու դեպքում կարող են հեղինակազրկվել իրենց դպրոցի ուսուցիչների, աշակերտների ու նրանց ծնողերի աչքերում։
ՏԱՎՈՒՇԻՑ ՆՅՈՒԹԵՐ ԵՆ ՏԱՐԵԼ ԿԱՊԱՆ
Ծննդով Իջեւան համայնքի սահմանամերձ Կիրանց գյուղից, Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի բնակչուհի Նաիրա Գրիգորյանը մարտի 16-ին 20 տոննա նյութեր է տեղափոխել Սյունիք՝ Կապանի սահմանամերձ գյուղերի մարտական դիրքերն ամրացնելու համար։ Նաիրա Գրիգորյանը երկար տարիներ ծառայել է ՀՀ զինված ուժերում, մարտական պայմաններում, հակաօդային պաշտպանությունում, անցել է վաստակած հանգստի։ Նրա ամուսինը եւ որդին նունյպես ծառայել են սահմանագոտում։ Ն. Գրիգորյանը հայտնեց, որ մարտական հենակետերն ամրացնելու համար անհրաժեշտ նյութերը Կապան տեղափոխելու համար ՀՀ պաշտպանության նախարարությունը տրամադրել է բեռնատար ավտոմեքենաներ։ Ն. Գրիգորյանը, նախկինում տարբեր անձանց եւ կազմակերպությունների դիմելով, սահմանապահ դիրքերն ամրացնելու համար նյութեր է ձեռք բերել եւ դրանք տեղափոխել Տավուշի մարզի Նոյեմբերյանի, Բերդի եւ Իջեւանի սահմանային դիրքեր։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ