«ԳՈՅ» ԹԱՏՐՈՆԻ ԴԵՐԱՍԱՆՆԵՐՆ ԱՀԱԶԱՆԳՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Գոյ» թատրոնը «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում հաղորդագրություն է տարածել՝ դիմելով գործընկերներին, ընկերներին, հանդիսատեսին, ու նշել, որ թատրոնն աջակցության կարիք ունի, քանի որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը մտադիր է լուծարել կառույցը: «Հրավիրում ենք 2023-ի մարտի 23-ին՝ ժամը 12:00-ին գալ «Գոյ» թատրոն՝ ի աջակցություն մեզ»,- ասվում է հաղորդագրության տեքստում: Թատրոնին աջակցելու պատրաստակամություն են հայտնել դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանը, դրամատուրգ, դերասան Վահրամ Սահակյանը, երգահան, երգիչ, գրող Քրիստ Մանարյանն ու այլք: Նրանք տեսաուղերձներ են հրապարակել համացանցում եւ պատմել թատրոնի ստեղծման, բարի ավանդույթների, նվաճումների ու յուրահատկությունների մասին:

 

«Գոյ» թատրոն-լաբորատորիայի ստեղծման պատմությունը սկսվում է վաղ 1988 թվականից: Այն հիմնադրվել է թատերական գործիչների միությանը կից՝ Խորեն Աբրահամյանի աջակցությամբ: Երիտասարդական էքսպերիմենտալ թատրոնում է սկսվել Արսեն Աբրահամյանի, Սամսոն Ստեփանյանի եւ Արթուր Սահակյանի համագործակցությունը: Այն շարունակվում է «Կամերային» թատրոնում, որտեղ 1981-ից ստեղծագործում էր նաեւ Արմեն Մազմանյանը: Այստեղ էլ չորս ռեժիսորները, միմյանց համախոհներ գտնելով, 1988-ին հեռանում են «Կամերային»-ից՝ իրենց թատրոնը ստեղծելու նպատակով: Համախմբվում են, փոխանակվում մտքերով եւ  հաստատվելով Մայր թատրոնի ձեղնահարկում՝ սկսում են «թատրոն կառուցել»: 1988 թվականի դեկտեմբերի 1-ին ստորագրվում է թատրոնի բացման հրամանը, սակայն մեկ շաբաթ անց վրա է հասնում տարերային աղետը՝ Սպիտակի երկրաշարժը: «Գոյ»-ի անձնակազմը մեկնում է աղետի գոտի՝ մասնակցելու փրկարարական աշխատանքների: Կարճ ժամանակահատվածում բեմադրվում են Թումանյանի հեքիաթները: Մոտ երեք ամիս խաղում են ներկայացումը եւ հույս ու հավատ ներշնչում անօթեւան մնացած բազմահազարանոց մարդկանց:

1989 թվականի մարտի 1-ին լաբորատորիան բացում է իր դռները լայն հասարակության համար: Թատրոնի հիմնադիրները սկզբից իրենց տեսնում էին որպես ազգային խաղիկների, հայ էպիկական ու գուսանական, Խորենացու վկայաբերած «երգ ցցոց ու պարոցի» հիմքով թատրոն-լաբորատորիա:

Ժամանակի ընթացքում թատրոնն իր առջեւ գեղարվեստական հստակ խնդիրներ է դնում՝ համաշխարհային գեղարվեստական, փիլիսոփայական, թատերական ավանգարդ պրոցեսներով առաջնորդվել եւ ստեղծագործել «Գոյ»-ի բեմում:

 

 

 

 

«ԱՎՐՈՐԱՅԻ ԼՈՒՍԱԲԱՑԸ» ՖԻԼՄԸ

Ժնեւի կինոփառատոնում ռեժիսոր Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» վավերագրական-անիմացիոն ֆիլմը Ժնեւի մարդու իրավունքների միջազգային կինոփառատոնում եւ ֆորումում (FIFDH) արժանացել է գլխավոր մրցանակի. այս մասին հայտնում է Հայաստանի ազգային կիոնկենտրոնը: Ռեժիսորը նշում է, որ այն յուրահատուկ մրցանակ է կինոյին եւ մարդու իրավունքներին նվիրված փառատոնում: «Ավրորան պայքարում էր իր ներսում մարդկությունը կենդանի պահելու համար՝ մեղմելով իր ցավը էկրանին, եւ դա նշանակում է, որ նրա առաքելությունը դեռ շարունակվում է եւ երբեք չի մոռացվի։ Ավրորան, վերապրելով իր ցավը էկրանին, պայքարում էր մարդկանց իրավունքների համար: Այս մրցանակը վկայում է, որ նրա առաքելությունը շարունակվում է: Հավերժ հիշատակ»,-ասում է Սահակյանը:

 

Ֆիլմը ներկայացնում է Ավրորա Մարդիգանյանի՝ Հայոց ցեղասպանությունը վերապրելուց մինչեւ հոլիվուդյան աստղ դառնալու ոդիսականը։ Հոլիվուդյան համր ֆիլմում վերամարմնավորելով ինքն իրեն՝ դեռատի աղջիկը կրկին վերապրում է Հայոց ցեղասպանության սարսափները՝ նպատակ ունենալով աշխարհին պատմել հայկական Եղեռնի մասին։

Ֆիլմը ստեղծվել է «Զորյան» ինստիտուտի գիտական աջակցությամբ եւ ինստիտուտի՝ Հայոց ցեղասպանության բանավոր պատմության արխիվի հիման վրա։ Այն հայ-գերմանալիտվական համատեղ արտադրության կինոնախագիծ է (արտադրող ընկերություններ՝ «Բարս մեդիա», Gebrueder Beetz Filmproduktion, Artbox Laisvalaikio Klubas): Ռեժիսոր եւ սցենարիստ՝ Իննա Սահակյան, պրոդյուսերներ՝ Վարդան Հովհաննիսյան, Քրիստիան Բից, Յուստե Միխայլինայտե։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից ֆիլմը ստացել է մասնակի պետական ֆինանսական աջակցություն:

 

 

 

 

ՎԻՃԱԿԸ ԳՆԱՀԱՏՎՈՒՄ Է ԾԱՆՐ

Հայաստանի վաստակավոր արտիստ Լուսինե Կիրակոսյանը շարունակում է գտնվել Էրեբունի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց դերասանուհու բարեկամուհին, ով այս պահին հիվանդանոցում խնամում է նրան:

«Դեռեւս վիճակը գնահատվում է ծանր, այլ բան ասել չեմ կարող: Միայն կարող եմ ասել, որ Լուսինե Կիրակոսյանի բոլոր կոլեգաները եւ բարեկամները  մշատապես հետաքրքրվում եւ շատ անհանգստացած են նրա առողջության վատթարացման համար»,-նշեց մեր զրուցակիցը:

Հիշեցնենք, որ մարտի 18-ին դերասանուհի Լուսինե Կիրակոսյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

 

ՊԵՏՔ Է ՀՐԱԺԱՐՎԵՆ iPhone-ԻՑ

Ռուսաստանի նախագահի աշխատակազմի աշխատակիցներին խնդրել են ազատվել ամերիկյան Apple ընկերության սմարթֆոններից: Նախագահի աշխատակազմն արդեն ստացել է, իսկ տարածաշրջանի պաշտոնյաները շուտով կստանան առաջարկություններ՝ կապված ամերիկյան սմարթֆոններն այլ օպերացիոն համակարգով հեռախոսներով փոխարինելու հետ։ Մարտին Մերձմոսկովյան մարզում տեղի ունեցած սեմինարի ժամանակ պաշտոնյաներին ասել են, որ ապրիլի սկզբին պետք է ազատվել iPhone-ներից։

«iPhone-ին վերջ: Կա՛մ դեն նետեք, կա՛մ տվեք երեխաներին: Բոլորը պետք է դա անեն մարտին»,- ասել է սեմինարի մասնակիցներից մեկը: Կառույցի աշխատակիցները քննարկել են արգելքի անհրաժեշտությունը, սակայն վերջնական որոշումը կայացրել է վարչակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոն, որը որոշել է մինչեւ ապրիլի 1-ն ազատվել ամերիկյան սմարթֆոններից։

Այդ միջոցները ձեռնարկվում են՝ անվտանգության նկատառումներից ելնելով, քանի որ Apple-ի արտադրանքն «այլ սմարթֆոնների համեմատ ավելի է ենթակա կոտրման եւ լրտեսության՝ արեւմտյան մասնագետների կողմից»։

 

 

 

 

ԴԺԳՈՀԵԼ ԵՆ ՄՐՑԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ

Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերի» իտալացի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին Իտալիայի առաջնության 27-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսից» կրած 0:1 հաշվով պարտությունից հետո դժգոհել է մրցավարությունից։ Գոլային գրոհի ժամանակ ֆրանսիացի կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն ձեռքով էր խաղացել նախքան սերբ կիսապաշտպան Ֆիլիպ Կոստիչին գոլային փոխանցում կատարելը։

«Բաց թողեցինք գոլ, որն անթույլատրելի է VAR-ի դարաշրջանում։ Անընդունելի եւ վիրավորական է մրցավարներից լսել, թե կրկնապատկերում հստակ չի երեւում։ Ցավալի է, եւ մենք պահանջում ենք ներողություն։ 20 տարբեր կադրերում տեսա, որ ձեռքով խաղ է եղել։ Դժվար է այսքանից հետո մեկնաբանել խաղի արդյունքը»,- ասել է Ինձագին:

«Ինտերը» 50 միավորով երրորդն է, «Յուվենտուսը» 7-րդն է՝ 50 միավոր։

 

 




Լրահոս