Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ 1997-2011 թթ. Պաշտպանության նախարարությունում ծառայած, 2011-2018 թթ. Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 4-րդ վարչության պետի տեղակալի եւ 5-րդ բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած Ա. Հ.-ն պետական ծառայության վերը նշված պաշտոնները զբաղեցնելու ընթացքում ապօրինի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեությանը, ինչպես նաեւ զբաղվել կոռուպցիոն այլ գործունեությամբ, որի հետեւանքով թաքցրել եւ խեղաթյուրել է ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի հանցավոր ծագումն ու պատկանելությունը` դրանց հաղորդելով օրինական տեսք:
Մասնավորապես, նախաքննությամբ պարզվել է, որ 2008-2010 թթ. ընթացքում Ա. Հ.-ն ձեռք է բերել «Ուրբանիզմ-Պետրոլ» ՍՊ ընկերության 100% տոկոս բաժնեմասը եւ այն իրավաբանորեն հաշվառելով նախկինում որեւէ բնագավառում ձեռնարկատիրական գործունեություն չիրականացրած կնոջ եւ անչափահաս որդու անվամբ՝ նրանց միջոցով փաստացի մասնակցել է ընկերության կառավարմանը: Այդ եւ ենթադրյալ այլ անօրինական գործունեության արդյունքում ստացված գումարների իրական բնույթն ու հանցավոր ծագումը թաքցնելու, խեղաթյուրելու նպատակով Ա. Հ.-ն 2011 թ. ձեռք է բերել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում գտնվող 75 մլն ՀՀ դրամ արժողությամբ անշարժ գույք, որի առուվաճառքի պայմանագրում նշվել է գույքի մտացածին արժեք՝ 3 մլն ՀՀ դրամ: Բացի այդ, Ա. Հ.-ն 2012 եւ 2013 թթ. համապատասխանաբար 120 մլն ու 204 մլն 250 հազար ՀՀ դրամով ձեռք է բերել Երեւան քաղաքի Ամիրյան եւ Հանրապետության փողոցներում գտնվող անշարժ գույքերը, իսկ 2014 թվականին 144 մլն 375 հազար դրամով՝ «ՕՎՍԱՍ» ՍՊ ընկերության 100% բաժնեմասը:
Գիտակցելով, որ հիշյալ գույքերի արժեքները շեշտակիորեն գերազանցում են իր եւ ընտանիքի անդամների օրինական եկամուտները` Ա. Հ.-ն դրանք նվիրատվության եւ առուվաճառքի ձեւական պայմանագրերով օտարել է ընտանիքի անդամներին ու մտերիմ անձանց` այդկերպ թաքցնելով հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի իրական պատկանելությունը:
Այսպիսով, հիմնավորվել է, որ Ա. Հ.-ի կողմից օրինականացվել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով՝ 351 մլն 497 հազար 422 ՀՀ դրամ եւ 75 մլն ՀՀ դրամ արժեքով անշարժ գույք:
Բացի այդ, Ա. Հ.-ն, որը փաստացի կատարել է ՀՀ ոստիկանության նախկին պետ Վ. Գ.-ի անվտանգության ծառայության ղեկավարի գործառույթները, 2013-2014 թթ.-ին Վ. Գ.-ի հետ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ օրինականացրել է վերջինիս կողմից հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով դրամական միջոցներով գնված գույքը՝ թաքցնելով եւ խեղաթյուրելով գույքի ծագման աղբյուրը, իրավունքներն ու պատկանելությունը:
ՀՀ ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցրած Վ. Գ.-ն, հանդիսանալով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող բարձրաստիճան պաշտոնատար անձ, իր անվամբ թանկարժեք գույք հայտարարագրելու դեպքում հնարավոր պատասխանատվությունից զերծ մնալու համար 2013 թ. Ա. Հ.-ին հանձնարարել է «Ավանգարդ Մոթորս» ՍՊ ընկերությունից ձեռք բերել ավտոմեքենաներ եւ դրանք հաշվառել Ա. Հ.-ի անվամբ՝ նշված տրանսպորտային միջոցների ձեռք բերման համար վճարվելիք դրամական միջոցների հանցավոր ծագումը թաքցնելու համար: Այդ նպատակով Ա. Հ.-ն 2013 եւ 2014 թթ. կնքված առուվաճառքի պայմանագրերով վերը նշված ընկերությունից 71 մլն 556 հազար ՀՀ դրամով եւ 80 մլն 200 հազար ՀՀ դրամով ձեռք է բերել համապատասխանաբար Mercedes-Benz G 500 մակնիշի եւ Mercedes-Benz S 500L մակնիշի ավտոմեքենաներ, որոնք հաշվառել է իր անվամբ՝ թաքցնելով դրանց համար վճարված 151 մլն 756 հազար ՀՀ դրամ գումարի հանցավոր ծագումն ու իրական պատկանելությունը: Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է նաեւ, որ Ա. Հ.-ն 2018 թվականի մարտի 22-ին ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված տարեկան հայտարարագրում դիտավորությամբ չի ներառել եւ թաքցրել է 2017 թվականի օգոստոսի 23-ին բանկերից մեկի կողմից իրեն տրամադրված 100.000 ԱՄՆ դոլար վարկի գումարը, որը հանգեցրել է նշված առանձնապես խոշոր չափերով գույքի չհայտարարագրմանը:
Վերոգրյալի հիման վրա՝ Ա. Հ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ, փողերի լվացում) եւ 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով մասով (հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը): Ա. Հ.-ի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ:
ՄԵՂԱԴՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՄԲ ԱՎԱՐՏՎԵԼ Է ՎԱՐՈՒՅԹԸ
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում պարզվել են «Հայանտառ» ՊՈԱԿ «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղի պահաբաժիններից ապօրինի ծառահատումներ կատարելու դեպքերի մի շարք հանգամանքներ։
2021թ. հունիսի 14-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղից ստացված անտառխախտման արձանագրության հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ստեփանավանի անտառպետության պահաբաժիններում ապօրինի հատվել է տարբեր տեսակի թվով 50 ծառ, ինչի հետեւանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս:
Իրականացված քննության արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Պուշկինո բնակավայրի երկու բնակիչներ 2021թ. մայիսից հունիս ամիսներն ընկած ժամանակահատվածում հիշյալ անտառտնտեսության պահաբաժիններից առանձին-առանձին, ձեռնասղոցի գործադրմամբ, առանց համապատասխան թույլտվության, ապօրինի հատել են տարբեր տեսակի ծառեր: Փայտանյութը ջեռուցման նպատակով օգտագործելու համար տեղափոխել են հիշյալ բնակավայրի տարբեր հասցեներում գտնվող իրենց տան բակ եւ օգտագործել իրենց կարիքների համար:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ Պուշկինո բնակավայրի երկու բնակիչներին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 387-րդ հոդվածի 1-ին մասին):
Նրանց վերաբերյալ քրեական վարույթներով նախաքննությունն ավարտվել է, եւ նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ գործը դատարան ուղարկելու միջնորդությամբ։
Եթե 2021թ. ընթացքում մարզի տարածքում արձանագրվել է ապօրինի ծառահատման 108 դեպք, ապա 2022թ.՝ 76, կամ 30%-ով պակաս: Դեպքերի նվազումը հանգեցրել է նաեւ դրանցով նախաձեռնվող եւ քննվող քրեական վարույթների, ինչպես նաեւ բնությանը պատճառվող վնասի էական նվազման։
2022թ. ընթացքում մարզային քննչական վարչության եւ ենթակա ստորաբաժանումների քննիչների կողմից քննություն է կատարվել ապօրինի ծառահատումներին առնչվող 114 քրեական վարույթով, մինչդեռ 2021թ. քննված քրեական գործերի քանակը եղել է 138-ը։
2022թ. ընթացքում քննվող վարույթների շրջանակում ապօրինի ծառահատմամբ բնությանը պատճառված, բացահայտված վնասը կազմել է շուրջ 32մլն ՀՀ դրամ, որը շուրջ 7 անգամ նվազ է 2021թ. պարզված, պատճառված վնասի չափից (234 մլն դրամ)։
2021թ. եւ 2022թ. ընթացքում մարզում ապօրինի ծառահատումների համար քրեական հետապնդում է հարուցվել 39 անձի նկատմամբ, այդ թվում՝ 11 անտառապահ, 3 անտառապետ։
Նախորդ երկու տարվա ընթացքում մեղադրական եզրակացությամբ ավարտվել եւ դատարան է ուղարկվել ընդհանուր 24 քրեական վարույթ՝ 24 անձի վերաբերյալ։
ԿԱՍԿԱԾԵԼԻ ԶԱՆԳՎԱԾ
2023թ. մարտի 20-ին՝ ժամը 15։10-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, խուզարկության են ենթարկել կալանավորված անձ Գ. Խ-ին այցելած քաղաքացիներ Ա. Ա-ին եւ Գ. Մ-ին։
Խուզարկության արդյունքում քաղաքացի Ա. Ա-ի տաբատի ձախ գրպանից հայտնաբերվել է թափանցիկ պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված փաթեթ, որում առկա է եղել Մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուրը 5.4 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված։
Ա. Ա.-ն բանավոր հայտնել է, որ փաթեթի պարունակությունը հանդիսանում է Մարիխուանա տեսակի թմրամիջոց, եւ բերել էր քրեակատարողական հիմնարկ կարճատեւ տեսակցության ընթացքում կալանավորված անձին փոխանցելու համար։
ՆՈՐԱԾՆԻ ԴԻԱԿԸ՝ ԱՆՏԱՌՈՒՄ
2023թ. մարտի 20-ին՝ ժամը 15:30-ին, քաղաքացին զանգահարել է ոստիկանության Գորիսի բաժին եւ հայտնել, որ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի «Նոր Զանգեր» կոչվող տարածքին հարակից անտառում նորածնի դիակ կա. տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։
Հաղորդման առթիվ 2023թ. մարտի 20-ին ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 5-րդ կետերով նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն:
Դեպքի վայրի զննությամբ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի աջակողմյան ձորակում՝ ճանապարհի եզրից 25.3 մետր հեռավորության վրա՝ սոճենու ծառի տակ, հայտնաբերվել է իգական սեռի նորածնի դիակ:
Դիակը մասնակի ծածկված է եղել պոլիէթիլենային պարկերով: Դիակի շրջակայքում հայտնաբերվել է սավան, պոլիէթիլենային պարկ, որի մեջ եւ կողքին եղել են տարբեր իրեր, խաղալիք, սննդի մնացորդներ:
Ոստիկանություն դիմած քաղաքացին հայտնել է, որ մարտի 20-ին՝ ժամը 15-ի սահմաններում, վորհիշյալ տեղանքում աստղաշուշան հավաքելու ընթացքում շան հաչոցի վրա մոտեցել եւ հայտնաբերել է նորածնի դիակն ու անմիջապես զանգահարել է ոստիկանություն:
Քրեական վարույթով օպերատիվ հետախուզական միջոցառումներ անցկացնելու մասին հանձնարարություն է տրվել ոստիկանությանը՝ ծննդկանին հայտնաբերելու եւ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով։
Նաեւ հարցումներ են ուղարկվել Կապանի, Գորիսի եւ Սիսիանի բժշկական կենտրոններ կրկին ծննդկանի ինքնությունը պարզելու համար: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է։