Ռուսաստանում ապրող կամ այնտեղ գտնվող ԱՄՆ քաղաքացիները պետք է անհապաղ լքեն այն․ Բլինքեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը լրագրող Էվան Գերշկովիչի ձերբակալությունից հետո Ռուսաստանում բնակվող ամերիկացիներին կոչ է արել լքել երկիրը։

«Մենք խորապես անհանգստացած ենք Ռուսաստանի կողմից ամերիկյան լրագրող, ԱՄՆ քաղաքացու կալանավորման լայն հրապարակումներով։ Այս իրավիճակի շուրջ մենք կապի մեջ ենք The Wall Street Journal-ի հետ: ԱՄՆ քաղաքացիները, ովքեր գտնվում են կամ ճանապարհորդում են Ռուսաստանում, պետք է անհապաղ հեռանան»,- ասվում է Պետդեպարտամենտի տարածած հայտարարության մեջ։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերն իր հերթին ասել է, որ Պետդեպարտամենտը անմիջական կապի մեջ է Ռուսաստանի կառավարության հետ և ակտիվորեն աշխատում է Գերշկովիչի հյուպատոսական մուտքն ապահովելու ուղղությամբ։

Նշենք,որ ավելի վաղ Եկատերինբուրգում ձերբակալվել էր The Wall Street Journal-ի լրագրող Էվան Գերշկովիչը՝ փորձելով պետական գաղտնիք կազմող գաղտնի տեղեկատվություն ստանալ ռուսական ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններից մեկի մասին, պնդում են քննիչները։

Լրագրողի դեմ քրեական գործ է հարուցվել, նրան կարող է սպառնալ 10-ից 20 տարի ժամկետով ազատազրկում։

Մոսկվայի Լեֆորտովոյի դատարանը Գերշկովիչին երկու ամսով կալանավորել է։ Լրագրողին կպահեն Լեֆորտովոյի քննչական մեկուսարանում։ Միաժամանակ նրա փաստաբան Դանիիլ Բերմանը խոստացել է բողոքարկել կալանքը և պահանջել ծանոթանալ գործի նյութերին։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ Գերշկովիչին բռնել են հանցագործության հիմքով: Նա նաև հերքել է տեղեկությունները, թե լրագրողի կալանավորումը Մոսկվայի պատասխան միջոցն է ռուս Սերգեյ Չերկասովի դեմ լրտեսության մեղադրանքի դեմ, որը առաջադրվել էր անցյալ շաբաթ ԱՄՆ իշխանությունների կողմից։




Լրահոս