Լ. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ՄԵԾ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ՝ ԿՈԼՈՆ ԹԱՏՐՈՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շառլ Գունոյի «Ֆաուստ» օպերայում մարտի 14-ին, 16-ին, 19-ին եւ 21-ին օպերային երգիչ Լիպարիտ Ավետիսյանը ելույթներ է ունեցել Կոլոն թատրոնում` Ֆաուստի դերերգով: Հեղինակավոր MusicaClasicaBA ամսագիրը գրում է. «Ֆաուստը՝ երիտասարդ հայ տենոր Լիպարիտ Ավետիսյանը, տիրապետում է գեղեցիկ քնարական ձայնի՝ օժտված բնական հնչեղությամբ: Նա գերազանց ցուցադրում է իր վոկալային կարողությունները եւ լավագույնս է ներկայացնում այն ամենը, ինչը պահանջում են թե՛ երաժշտական պարտիտուրը, թե՛ դրամատիկ կերպարը» (MusicaClasicaBA, 17.03.2023):

 

Մեկ այլ պարբերականում նշվում է, որ Լիպարիտ Ավետիսյանը բացեց երեկոն Salut mon dernier matin արիայի արժանի կատարմամբ եւ շարունակեց դերը՝ ցուցադրելով բարձր վարպետություն, ինչն առավել վառ արտահայտվեց դերերգի ամենաքնարական հատվածներում, ինչպիսին է դյութիչ Salut demeure-ը, որը հորդում էր այնպես ազատ ու թեթեւ, ինչպես պահանջում է պարտիտուրը (Clarn.com 15.03.2023):

Գյոթեի փիլիսոփայական դրամայի հիման վրա գրված Շառլ Գունոյի համանուն «Ֆաուստ» օպերայով Կոլոն թատրոնը բացել է իր թատերաշրջանը: Այն հինգ գործողությամբ ֆրանսիական գրանդ օպերա է՝ բալետային խմբով եւ հզոր երգչախմբով: Ներկայացման բեմադրող ռեժիսորը, սցենարիստը, խորեոգրաֆը, հագուստների եւ լույսերի նկարիչը մեր օրերի ամենապահանջված մասնագետներից իտալացի Ստեֆանո Պոդան է, իսկ երաժշտական ղեկավարը՝ բրիտանացի դիրիժոր Յան Լաթամ-Քոենիգը: Մեֆիստոֆելի դերում հանդես է եկել ռուս հզոր բաս Ալեքսեյ Տիխոմիրովը, իսկ Մարգարիտի դերում՝ ռումինացի սոպրանո Անիտա Հարթինգը, որը տպավորիչ միջազգային կարիերա է կերտում: Ներկայացումը բեմադրված է եղել աբստրակտ, պոետիկ ոճով, այն հարուստ է սիմվոլիկ, փիլիսոփայական եւ լիտուրգիական էլեմենտներով:

2022-2023 թվականների թատերաշրջանում Լիպարիտ Ավտիսյանն արտերկրում հանդես է եկել Semperoper Dresden-ում, Մարիինյան թատրոնում (Ալֆրեդո, «Տրավիատա»), Բոլշոյում (Կոմս Ալմավիվա, «Սեւիլյան սափրիչ»): Առաջիկայում հանդես կգա Գլայնդբորնի փառատոնում (Նեմորինո, «Սիրո ըմպելիք») եւ Թագավորական օպերային թատրոնում, Քովենթ Գարդեն (Ալֆրեդո, «Տրավիատա»): Ապրիլի 11-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա Լիպարիտ Ավետիսյանի մենահամերգը:

 

 

 

 

ՄԵՐ ԿԱՐԾԻՔԸ ՉԵՆ ՀԱՐՑՐԵԼ

Երեկվանից ողջ համացանցը ողողված է լուսանկարներով՝ ինչպես են Երեւանի կենտրոնական տարբեր հատվածներում հաստաբուն ծառեր հատվում:

 

Քաղաքացիները սոցիալական ցանցերում ծառերի հատման գործընթացից լուսանկարներ էին հրապարակել՝ այսպիսով բողոքելով քաղաքապետարանի իրականացրած անպատասխանատու աշխատելաոճից։

ArmLur.am-ը քաղաքացիների վրդովմունքի հետքերով կապ հաստատեց Գիտությունների ազգային ակադեմիայի հետ՝ պարզելու համար, թե արդյոք Երեւանի քաղաքապետարանը համագործակցել է ՀՀ ԳԱԱ-ի Բուսաբանության բաժնի ակադեմիկոսների հետ:

Մեր հարցմանն ի պատասխան՝  Գիտությունների ազգային ակադեմիայից պատասխանեցին. «Որեւէ գրավոր թուղթ քաղաքապետարանից չենք ստացել, որեւէ մեկը մեր աշխատակիցների կարծիքը չի հարցրել, ու, բնականաբար, մենք որեւէ գրավոր եզրակացությամբ կամ հետազոտությամբ հանդես չենք եկել: Բուսաբանության բաժնի աշխատակիցներից որեւէ մեկը կարծիք չի հայտնել՝ կարելի է ծառերը հատել, թե ոչ, այսինքն՝ քաղաքապետարանից պաշտոնական գրություն կամ քննարկման հրավեր չի եղել»:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

 

ՄԵԿՆԵԼ ԵՆ ԳԵՐՄԱՆԻԱ

Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականը մեկնում է Ալբանիա, որտեղ կմասնակցի աշխարհի առաջնությանը:

Ալբանիայի Դուրես քաղաքում կայանալիք աշխարհի առաջնությանը Հայաստանից կմասնակցեն Ժորա Գրիգորյանը (61 կգ), Սերյոժա Բարսեղյանը (67 կգ), Նարեկ Մկրտչյանը (73 կգ), Հովհաննես Ղահրամանյանը (81 կգ), Վալերիկ Մովսիսյանը (89 կգ), Աշոտ Մարգարյանը (96 կգ), Ռուստամ Սահրադյանը (102 կգ), Գագիկ Մկրտչյանը (+102 կգ), ինչպես նաեւ Ալինա Սուքիասյանը (71 կգ), Աննա Ամրոյանը (76 կգ) եւ Էմմա Պողոսյանը (81 կգ): Առաջնությունը կմեկնարկի մարտի 25-ին եւ կեզրափակվի ապրիլի 1-ին:

 

 

 

2 ՌԵԿՈՐԴ

Պորտուգալիայի հավաքականի եւ Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» 38-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Եվրոպայի առաջնության ընտրական խաղում (4:0) Լիխտենշտեյնի թիմի դեմ խաղադաշտ դուրս գալու եւ 2 գոլ խփելու շնորհիվ երկու ռեկորդ է սահմանել։ Նա 197-րդ հանդիպումն անցկացրեց Պորտուգալիայի հավաքականում եւ գերազանցեց Քուվեյթի հավաքականի 38-ամյա խաղացող Բադեր Ալ Մուտավի (196 խաղ) եւ Մալայզիայի հավաքականի նախկին խաղացող Սո Չին Էնի (195 խաղ) ռեկորդները ազգային թիմում անցկացրած հանդիպումների քանակով։ Ռոնալդուն դարձավ նաեւ առաջին ֆուտբոլիստը, որը հավաքականի պաշտոնական հանդիպումներում խփած գոլերի քանակը հասցրեց 100-ի։

 

 

 

 

ՈՒՆԵՆ ՆՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայ երգչուհի Իջինի եւ ամերիկացի երգչուհի Նիկոլ Շերզինգերի ճանապարհներն առաջին հայացքից շատ տարբեր են, բայց այս երկու գեղեցկուհիներն արտաքին շատ ընդհանրություններ ունեն: Մոսկվաբնակ հայուհին եւ ամերիկյան աստղը անհերքելի հմայիչ են եւ ունեն ոճային որոշակի նմանություններ: Երկուսն էլ սեւահեր են, թխամաշկ, գրավիչ, եթե ավելի խորը զննենք, նման են նաեւ ձայնային տեմբրերով ու երգելաոճով: Իրենց մաշկի գեղեցիկ թուխ երանգն ու մազերի սեւությունն ավելի ընդգծելու համար երգչուհիները հաճախ նախընտրում են սպիտակ գույնը: Թե՛ Իջինին, թե՛ Նիկոլին պարբերաբար կարելի է տեսնել շքեղ երեկոյան կերպարներով՝ վառ դիմահարդարում, փայլուն զգեստներ ու սեքսուալ կեցվածք: 33-ամյա Իջինն ու 44-ամյա Նիկոլը փայլում են նաեւ շքեղ կառուցվածքով եւ մեծ տեղ են հատկացնում սպորտին: Իրենց գեղեցիկ մարմինները արտիստները հաճախ ընդգծում են կիպ կամ որոշակի բացվածք ունեցող հագուստով: Երգչուհիների դիմահարդարման մեջ եւս կտեսնեք ընդհանրություններ՝ առօրյայում՝ մինիմալ շպար, իսկ բեմում՝ դասականից մինչեւ ամենադրամատիկ կերպարներ: Մնում է հուսալ, որ հայ երգչուհին էլ մի օր կունենա այն համաշխարհային ճանաչումը, որը վայելում է Նիկոլ Շերզինգերը, մանավանդ՝ ինչպես տեսնում եք, հայուհին համաշխարհային աստղին ոչնչով չի զիջում:

 




Լրահոս