Զորավոր ու հաստատուն պետք է լինի մեր աղոթքը. Գարեգին Բ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն այսօր աղոթք է հղել։ Որքան ծանր ու անելանելի թվա ներկա իրավիճակը, այնքան ավելի զորավոր ու հաստատուն պետք է լինի մեր հավատը։ Հավատքը պիտի արտահայտվի յուրաքանչյուր քայլի ու արարքի մեջ՝ անձնական, հավաքական ու համազգային անդաստանում։ Հավատքով ու միաբանությամբ ենք հաղթահարել մեր պատմության ընթացքում բազմաթիվ արհավիրքներ, վերակերտել մեր անկախ պետականությունը և ստեղծագործ կյանք վերընձյուղել հայրենի հողի վրա։ Այսօր էլ Աստծո հանդեպ, մեր ուժերի հանդեպ հավատն է, որ պիտի զորացնի մեզ՝ դուրս գալու ճգնաժամային իրավիճակներից, կառուցելու լուսավոր ապագա։

Արդ, ազգովի վերանորոգենք մեր հավատը մեր Փրկչի հրաշափառ Հարության տոնախմբությամբ և մեր կյանքով, մեր ամեն խոսքով ու գործով վկայենք մեր հավատարմությունը Քրիստոսին, վկայենք մեր նախանձախնդրությունը հանդեպ մեր տերունավանդ հավատքը և կերտենք հարուցյալ նոր իրականություն Քրիստոսի հետ։

Այս մաղթանքով և «Քրիստոս յարեաւ ի մեռելոց» ավետիսով եղբայրական Մեր ողջույնն ենք հղում մեր Սուրբ Եկեղեցու Նվիրապետական Աթոռների գահակալներին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին։ Ամենայն բարյաց մաղթանքով Սուրբ Հարության հոգեպարար ավետիսն ենք բերում քույր Եկեղեցիների հոգևոր Պետերին՝ հայցելով Ամենակալ Աստծո զորակցությունը Քրիստոսապատվեր առաքելության արդյունավորման գործում։ Հայրապետական Մեր սերն ու օրհնությունն ենք հղում մեր Սուրբ Եկեղեցու ողջ հոգևոր դասին և հավատավոր Մեր ժողովրդին ի հայրենիս և ի սփյուռս։
Սուրբ Հարության այս լուսաշող օրը Մեր աղոթքն ենք վերառաքում առ Բարձրյալն Աստված և խնդրում, որ Քրիստոսի Սուրբ Հարության կենսանորոգ շնորհներով փոխակերպվի ու բարեզարդվի աշխարհը, և մարդկությունը երկնային զորակցությամբ հառնի տառապանքներից ու նեղություններից, հաստատի բարիք ու խաղաղություն։ Հարության զորացնող ուժն ենք հայցում Փրկչից հատկապես Արցախի Մեր զավակների համար, որպեսզի խիզախ ու անկոտրում լինեն ոգով և արցախցուն բնորոշ ամուր և անհողդողդ կամքով հաղթահարեն իրենց առջև ծառացած բոլոր փորձությունները։ Թող հարուցյալ Փրկիչը Իր շնորհներն ու ողորմությունը տարածյալ պահի հայրենի մեր երկրի՝ Հայաստանի ու Արցախի վրա և Իր Սուրբ Աջի հովանու ներքո ապահովության ու բարօրության մեջ պահպանի համայն մեր ժողովրդին ի սփյուռս աշխարհի այսօր և միշտ և հավիտյանս. ամեն։

Քրիստոս յարեաւ ի մեռելոց,
Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:




Լրահոս