Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Կարմիրգյուղ եւ Սարուխան գյուղերում «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի» միջոցներով, «Ջրային ծրագրերի իրականացման մասնաճյուղի» կողմից իրականացվում են խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցման աշխատանքներ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամից», Սարուխանի եւ Կարմիրգյուղի խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 375 միլիոն դրամ։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի սեպտեմբերից եւ ավարտի կհասցվեն այս տարվա վերջերին։ Կարմիրգյուղում ջրատար ներքին ցանցը կառուցվում է 8,7, Սարուխանում՝ 2,8 կիլոմետր երկարությամբ։ 2023 թվականի ապրիլի 12-ի դրությամբ Կարմիրգյուղում ջրատար ցանցը կառուցվել է 1700, Սարուխանում՝ 1300 գծամետր երկարությամբ։ Կարմիրգյուղում ծրագրից կօգտվեն 280, Սարուխանում՝ 36 բաժանորդ։ Ծրագրի իրականացման արդյունքում խմելու ջրատար ցանցում նվազագույնի կհասցվեն կորուստները, ցանցում կապահովվի բավարար ճնշում, բաժանորդները կապահովվեն շուրջօրյա ջրամատակարարմամբ։