«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Այս տարվա հունվարի 31-ին ԱԺ նախկին պատգամավոր Վերսանդ Հակոբյանի որդին՝ Կարեն Հակոբյանը, դատական հայց էր ներկայացրել Երեւանի շամպայն-գինիների գործարանի կառավարմամբ զբաղվող հորեղբոր` Հրայր Հակոբյանի դեմ:
«Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացել էր, որ 2022 թվականի դեկտեմբերի 22-ին Վերսանդիկ Հակոբյանի որդին՝ Կարեն Հակոբյանը, քաղաքացիական դատարանում հորեղբոր դեմ հայց է ներկայացրել՝ պահանջելով, որ ժառանգական գույք (շինություններ, ունեցվածք, բիզնես եւ այլն) ճանաչեն որպես այդպիսին: Նկատենք, որ դատարանը գործն ընդունել է վարույթ։ «Ժողովուրդ» օրաթերթն այս առիթով զրուցել էր նաեւ Հրայր Հակոբյանի հետ՝ հասկանալու համար, թե նա ինչ խնդիրներ ունի իր եղբոր որդիների հետ, որ գործը հասել է դատարան: Ի պատասխան՝ Հրայր Հակոբյանն ասել էր. «Դրանում որեւէ բան չկա, ժառանգության հետ է կապված: Օրն եկել է, ամեն ինչ ընթացքով կլուծվի: Կռիվ-մռիվ չէ, իրար չենք խփում, որեւէ խնդիր չունենք. եթե լինի, Ձեզ տեղյակ կպահենք»:
Իսկ, ահա, ԱԺ նախկին պատգամավորի որդի Արմեն Հակոբյանը հայտնել էր. «Ես կնշեմ ընդամենը, որ Հրայր Հակոբյանը մեր հոր մահից մի քանի ամիս անց, առանց մեզ տեղեկացնելու, վաճառել է 90-ականներից Հակոբյանների ընտանիքի սիմվոլ դարձած «Ոսկե ձկնիկ» ռեստորանային համալիրը։ Հասարակությունը լավ գիտի, որ հայրս եւ իր եղբայրը միասին են հիմնել իրենց բիզնեսները, հետեւաբար աբսուրդային իրավիճակի մեջ ենք հայտնվել։
Փաստացի ոչ միայն զրկվեցինք գույքից, այլեւ անտեսվեցին մեր հոր՝ Վերսանդ Հակոբյանի ահռելի ներդրումն ու ջանքերը: Այսքա՛նը»:
Այսպիսով, երեկ «Ժողովուրդ» օրաթերթը արձանագրել է, որ Աժ նախկին պատգամավոր Վերսանդիկ Հակոբյանի որդիները էրեբունի դատարանում են. ինչով կավարտվի այս դատական վեճը՝ կիմանանք՝ հետեւելով զարգացումներին։
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում