Հայաստանում զանգվածային լրատվության միջոցների ինքնակարգավորման մեխանիզմներ ներդնելու քայլերը շարունակվում են: Ինքնակարգավորման միջոցով տարբեր երկրներում ստեղծվել են ինքնակարգավորման մարմիներ, որոնք պետք է կարգավորեն մասնագիտական խնդիրները, քննարկեն ընթերոցողների կամ հեռուստադիտողների բողոքները, որպեսզի կարողանան առկա հարցերը լուծել արտադատական տարբերակով: Ինքնակարգավորման միջոցով պետք է խթանվի նաև էթիկայի կանոնների պահպանմամբ լրագրողական գործունեություն սահմանելը: Ինքնակարգավորման մարմին է հանդիսանում նաև օմբուդսմենի ինստիտուտը, որը ևս պետք է պաշտպանի ընթերցողների շահերը և գործում է նաև եվրոպական երկրներում:
Հայաստանի լրատվական դաշտում ևս ինքնակարգավորման մեխանիզմի փորձ է առկա: 2007 թվականի մարտի 10-ից գործում է ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմինը: Սակայն այս մարմինը չունի իրավական կարգավիճակ, ճանաչված չէ, հետևաբար գործունեության ընթացքում կարող է խոչընդոտների հանդիպել:
Այժմ նոր հայեցակարգ է մշակվում, որով առաջարկվում է ինքնակարգավորման համակարգը ներդնել կամավորության սկզբունքով: Այն պետք է ճանաչվի նաև պետության կողմից: Եվ այժմ նաև քննարկումներ են ընթանում, թե ինչ մեխանիզմներով այն իրականացնել, որպեսզի չվնասի լրատվամիջոցներին, սակայն նաև նպաստի դրանց զարգացմանը: Մյուս խնդիրը, որի շուրջ քննարկումներ են առկա, լրագրողի սահմանում օրենքում տալու կամ չտալու մեջ է: Մասնավորապես, կարևոր հարց է՝ օրենքում սահմանել, թե ով է լրագրողը, թե տալ միայն ոլորտի սահմանումը: Այստեղ նկատենք, որ եվրոպական մի քանի երկրներում լրագրողական կազմակերպության կողմից տրված վկայականը բավարար է լրագրող լինելու համար:
Նոր հայեցակարգում «Զանգվածային լրատվամիջոց» բառակապակցությունը փոխվել է, ընդունելի տարբերակ է համարվել «հանրության իրազեկման միջոցը»: Այստեղ հանրությանը իրազեկելու միջոց է համարվում այն իրավաբանական կամ ֆիզիկական անձը, որը զբաղվում է հասարակական, քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային, գիտական, մարզական և/կամ հանրային այլ նշանակություն ունեցող տեքստային, լուսանկարային, ձայնային և տեսողական տեղեկությունների պարբերական հավաքմամբ, մշակմամբ և տարածմամբ: Այս դեպքում պետք է կիրառվի ինքնակարգավորման առնվազն մեկ մեխանիզմ:
Նաիրա Հովհաննիսյան