Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը մի շարք որոշումներում և եզրակացություններում անդրադարձել է այն հարցին, թե զեղչի դեպքում որ գնից է իրականացվում ապրանքի գնի նվազեցումը՝ արձանագրելով հետևյալը.
• ապրանքի վաճառքի կամ ծառայության մատուցման միջին գինն ակցիայի մեկնարկի պահին նախորդող մեկ ամսվա ընթացքում ապրանքի վաճառքի կամ ծառայության մատուցման գների միջին թվաբանականն է.
• եթե ապրանքի վաճառքի կամ ծառայության մատուցման համար ակցիայի մեկնարկի օրվան նախորդող ամսվա ընթացքում ապրանքի վաճառքի կամ ծառայության մատուցման գնի փոփոխություն տեղի չի ունեցել, ապա «միջին գնի» հաշվարկման անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ նախորդող ամսվա ցանկացած օրվա վաճառքի գինը հենց ապրանքի միջին գինն է.
• կոնկրետ օրվա ընթացքում ապրանքի վաճառքի տարբեր գների առկայության դեպքում, հօգուտ ակցիա իրականացնողի, այդ օրվա վաճառքի գին է դիտարկվում ապրանքի տվյալ օրվա վաճառքի ամենաբարձր գինը.
• այն դեպքում, երբ ակցիայի մեկնարկի օրվան նախորդող ամսվա ոչ բոլոր օրերին է տվյալ ապրանքի վաճառք իրականացվել, ապա վաճառք չիրականացված օրվա համար, հօգուտ ակցիա իրականացնողի, վաճառքի գին է ընդունվում նախորդող կամ հաջորդող օրերի վաճառքի գներից ամենաբարձրը, եթե այդ օրերի վերաբերյալ գնի փոփոխության, այդ թվում՝ որևէ ակցիայի իրականացման հիմքով գնի նվազեցման վերաբերյալ Հանձնաժողովում տեղեկություններ առկա չեն.
• արձանագրված վաճառքի գինը չի դիտարկվում տվյալ օրվա ապրանքի վաճառքի գին, եթե ակցիա իրականացնողն ապացուցում է, որ այդ գնի կիրառումը պայմանավորված է ոչ խտրական, օբյեկտիվ չափանիշների վրա հիմնված առանձին խումբ անձանց հասցեագրված մարքեթինգային քաղաքականությամբ, և ակցիա իրականացնողն ակցիայի մեկնարկին նախորդող մեկ ամսվա ընթացքում ունեցել է ապրանքի դրանից բարձր գնով վաճառք կամ առնվազն վաճառքի առաջարկ։