ՀԱՅ ԿԻՆՈՆ 100 ՏԱՐԵԿԱՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿԳՄՍ նախարարը, պարգեւատրելով կինոգործիչներին, նշեց, որ երբ այսօր խոսում են հայ կինոյի 100-ամյակից, առաջին հերթին խոսում են կոնկրետ մարդկանց եւ նրանց ներդրման մասին, եւ պետք է արժեւորել այդ ներդրումը՝ արտահայտելով գնահատանքի այն ձեւերով, որոնք կան եւ գործում են: «Չնայած տեխնոլոգիաները եւ ժամանակները փոխվում են, բայց կինոն մեր կյանքում շարունակում է մնալ, կինոն ինչ-որ առումով ներկայացնում է նաեւ արվեստի դեմքը հանրության առաջ»,- ասաց նա:

 

Նա նշեց, որ հոբելյանի առթիվ ձեւավորվել է ՀՀ կառավարական հոբելյանական հանձնաժողով, որի գլխավորությամբ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը նախաձեռնել է տասնյակից ավելի միջոցառումներ եւ ծրագրեր: Ծրագրերն իրականացվելու են 4 ուղղություններով՝ ռազմավարական, միջազգային, հրատարակչական եւ ներպետական: Հոբելյանական տարվա մեկնարկը կտրվի ապրիլի 16-ին՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում «Հանդիսավոր երեկո» միջոցառմամբ: Միջոցառումը կիրականացվի «խոսող» էկրանի միջոցով, որը միջոցառման ամբողջ ընթացքում «կշփվի հանդիսատեսի հետ» եւ առաջին դեմքով «կպատմի» կինոյի մասին՝ ներկայացնելով անցած ուղին ու սպասումները: Անդրադարձ կկատարվի նաեւ մուլտմիավորման 85-ամյակին: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, շնորհավորելով բոլորին կինոյի 100-ամյակի առթիվ, նշեց. «Կինոն միայն արվեստ չէ, այն անգերազանցելի լծակ, գործիքակազմ է երկրի միջազգայնացման, միջազգային համագործակցությունն ընդլայնելու եւ քաղաքական փափուկ ուժի կիրառման տեսակետից, եւ հենց այս գիտակցումից է, որ մենք հոբելյանական տարեթիվը դիտում ենք որպես կինոարվեստի եւ անցյալի վերաիմաստավորման եւ ներկայի խնդիրները մեղմացնելու, ինչպես նաեւ ապագան կանխանշելու մի փայլուն առիթ»,- ասաց Խզմալյանը: Անդրադառնալով հոբելյանական տարվա միջոցառումներին՝ Խզմալյանը կարեւորեց այն, որ միջոցառումները կիրականցվեն նաեւ մարզերում: ««Հայկական կինոդար» ծրագրով ՀՀ 10 մարզում կցուցադրվեն շուրջ 100 հայկական լիամետրաժ եւ կարճամետրաժ, դասական եւ ժամանակակից ֆիլմեր (անիմացիոն, վավերագրական, խաղարկային), որոնց թվում կլինեն նաեւ հայկական կինոժառանգության վերականգնված ֆիլմեր:

«Կինոդպրոց՝ Դեբետ համայնքում» եւ «Մարդը բարձրագույն արժեք է» ծրագրերով ՀՀ մարզերում կանցկացվեն կինոաշխատարաններ՝ մանկապատանեկան եւ երիտասարդ սերնդի համար: Երեւանում եւ մարզերում կիրականացվի «Մուլտիպլիկացիոն եւ անիմացիոն կինոյի շաբաթ» ծրագիրը, որի շրջանակում կցուցադրվեն հայկական մուլտիպլիկացիոն եւ անիմացիոն ֆիլմեր, կկայանան հանդիպումներ ստեղծագործական խմբերի հետ, կանցկացվեն վարպետության դասեր, տեղի կունենա երեկո՝ նվիրված Լեւ Ատամանյանին»,- ասաց Խզմալյանը: Նա նշեց, որ «Սամուել Խաչիկիան-100» ֆիլմերի հետահայացք ցուցադրությունն առաջին անգամ կբացահայտի իրանահայ ամենանշանավոր ռեժիսոր Սամուել Խաչիկիանի ստեղծագործական ժառանգությունը, որի լավագույն նմուշներն ամբողջացնում են իրանական կինոյի ոսկե ֆոնդը։

«Հայ կինոյի 100-ամյա հոբելյանական ծրագիրը ներառում է նաեւ հեռուստատեսային բովանդակություն՝ «Եվ լողում է նավը» հեռուստահաղորդումը, որը նվիրված կլինի հայկական ժամանակակից կինոյին եւ հեղինակներին։ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը նախատեսում է հայկական կինոյի երախտավորներին նվիրված ֆիլմաշար, հայկական ֆիլմերի շաբաթական ցուցադրություններ եւ այլ նախագծեր»,- ասաց նա:

Խզմալյանը հավելեց նաեւ, որ Հայ կինոյի 100-ամյա հոբելյանի համատեքստում հարգանքի տուրք կմատուցվի նաեւ կենդանի լեգենդ Արտավազդ Փելեշյանին՝ 85-ամյա հոբելյանի կապակցությամբ: Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը նշեց, որ վերջին տարիներին բավականին ակտիվացել է կինոգործունեությունը միջազգային եւ համաշխարհային հարթակներում՝ ընդգրկվելով տարբեր կարեւոր կինոթառատոններում: «Միջազգային միջոցառումների շրջանակում Հայաստանի կինոոլորտի ներկայացուցիչները կմասնակցեն Կաննի միջազգային կինոփառատոնին կից «Marche du Film» կինոշուկային, ինչպես նաեւ կինոփառատոնի «Cannes Classics» ծրագրում կցուցադրվի հայկական կինոժառանգության լավագույն ֆիլմերից մեկը՝ «Բարեւ, ես եմ» (ռեժ. Ֆ. Դովլաթյան, 1965 թ.): Ինչպես նաեւ Հայ կինոյի 100-ամյակն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց եւ կարեւոր իրադարձությունների հոբելյանների 2022-2023 թթ. օրացույցում»,-ասաց կինոկենտրոնի տնօրենը: Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանն էլ ուրախությամբ նշեց, որ հոբելյանի շրջանակում Կինոմիության դիմաց կստեղծվի աստղերի պուրակ: Նա ընդգծեց, որ վերջին տարիներին կինոգործիչների միությունում իրականացվել են հսկայական փոփոխություններ, այսինքն՝ հայկական կինոյի համար կա հարթակ, որը վերաձեւափոխվել է, ստեղծվել են ժամանակակից տեխնիկայով հագեցած դահլիճներ, որոնք կարող են լավագույն ձեւով ներկայացնել ե՛ւ փառատոնները, ե՛ւ ֆիլմերը, քննարկումները եւ այլն: «Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող միջազգային կինոփառատոների ծրագրերը եւս հագեցած են 100-ամյա հոբելյանական միջոցառումներով: Նախատեսվում են «Ոսկե ծիրան» միջազգային 20-րդ, «ՄԷԿ ԿԱԴՐ» կարճ ֆիլմերի 21-րդ, «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի 9-րդ, «ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն կինոյի եւ պատկերապատման արվեստի 15-րդ եւ «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 19-րդ միջազգային կինոփառատոները»,- եզրափակեց Հարություն Խաչատրյանը:

 

 

 

 

 

 

Ի՞ՆՉ Է ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ԴԵՐԱՍԱՆԸ

Հայտնի կինոռեժիսոր Քվենտին Տարանտինոն պատմել է, թե ինչու չի ընդգրկում սեքս տեսարաններ իր ֆիլմերում, եւ պատճառն ավելի պարզ է, քան դուք կարծում եք:

 

«Սեքսը կինոյի մասին իմ տեսլականի մաս չէ»,- ասել է 60-ամյա Տարանտինոն Diari ARA օրաթերթին։ «Ճշմարտությունն այն է, որ նման տեսարաններ իրական կյանքում շատ դժվար են նկարահանվում. բոլորը շատ լարված են: Եվ եթե նախկինում դա անելը փոքր-ինչ խնդրահարույց էր, ապա այժմ ավելի դյուրին է։

Ռեժիսորը, սակայն, նշել է, որ եթե իր ֆիլմի համար ինտիմ տեսարան անհրաժեշտ լիներ, ինքը դա կաներ, բայց նման անհրաժեշտություն չի եղել։

Նրա՝ 1997 թվականին նկարահանված «Ջեքի Բրաուն» ֆիլմը միակն է, որտեղ ներկայացված է Բրիջիթ Ֆոնդայի եւ Ռոբերտ Դե Նիրոյի միջեւ գայթակղիչ տեսարան: Ինչպես հայտնում է The Hollywood Reporter-ը, Տարանտինոն աշխատում է իր նոր՝ «Կինոքննադատ» ֆիլմի վրա։ Թեեւ առաջիկա նախագծի մասին շատ մանրամասներ չկան, նա իսպանական թերթին ասել է, որ ֆիլմի գլխավոր քննադատը կին է լինելու:

Տարանտինոն ներկայումս շատ ժամանակ է անցկացնում Թել Ավիվում, բայց դեռեւս անշարժ գույք ունի Լոս Անջելեսում եւ Նյու Յորքում: Ռեժիսորն ամուսնացած է իսրայելցի երգչուհի Դանիելլա Փիկի հետ։ Նրանք ամուսնացել են 2018 թվականին եւ ունեն երկու երեխա։

 

 

 

 

 

«ԵՍ ԳԱԼԻՍ ԵՄ ՔՈ ԹԱԳԻ ՀԵՏԵՎԻՑ»

Ալեքսիս Օհանյանն Ամերիկայի ամենահաջողակ ներդրողներից եւ ձեռներեցներից մեկն է, սակայն, 2017 թվականից ի վեր Օհանյանը թենիսի լեգենդ Սերենա Ուիլյամսի հետ ամուսնության շնորհիվ, դարձել է թենիսի աշխարհի շատ քննարկվող դեմք։ Համաշխարհային լրատվամիջոցները ժամանակ առ ժամանակ ուշադրություն են դարձնում նաեւ Օհանյանի հայկական արմատներին։

Օհանյանը վերջերս պատահաբար հանդիպել է «Ալեքսեյ Օհանյանի ազգությունն ու կրոնը. ինչպե՞ս նա դարձավ չորրորդ ամենահայտնի հայ անձը» վերնագրով հոդվածին։ Նա հոդվածը հրապարակել է Twitter-ում, որն, ըստ երեւույթին, մեծապես զվարճացրել է նրան:

Օհանյանը պարզապես չի կարողացել թաքցնել, թե որքան զվարճալի է իր համար դա, եւ կիսվել է սքրինշոթով։ Նա նաեւ զարմացել է. «Ինչո՞ւ են ընդհանրապես գրել այս հոդվածը»:

Ի պատասխան՝ ամերիկյան գործարար աշխարհում հայտնի դեմք Քիմ-Մայ Կաթլերը գրել է. «Այժմ պետք է Ձեր կենսագրության մեջ ավելացնել «4-րդ ամենահայտնի հայը»»։ Օհանյանը պատասխանել է. «Վերջ, @KimKardashian, ես գալիս եմ քո թագի հետեւից»։

 

 

 

 

 

 

ՊԱՀՊԱՆՈՒՄ Է ՄԱՐԶԱՎԻՃԱԿԸ

Ջենիֆեր Լոպեսն ունի առօրյա ռեժիմ, որն օգնում է նրան 54 տարեկանում պահպանել մարզավիճակը։ Ջ. Լոյի առօրյան ներառում է վաղ առավոտյան մարզումներ, ինչպես նաեւ երեկոյան լավ ժամանակի անցկացումը երեխաների եւ ամուսնու՝ Բեն Աֆլեքի հետ:

Լոպեսն իր օրը սկսում է մարզանքով եւ խնամքով, որը ներառում է աղոթք եւ մեդիտացիա: Նա հայտնի է իր զբաղված գրաֆիկով ու բազմաբնույթ առաջադրանք կատարելու ունակությամբ, իսկ ժամանակ խնայելու համար շպարվում է մեքենայում:

Երեկոյան նա հանգստանում է եւ ժամանակ անցկացնում երեխաների հետ։ Առավոտյան Ջենիֆեր Լոպեսը պտտվում է իր երեխաների շուրջ: Նա կա՛մ հավաքում է նրանց դպրոցի համար, կա՛մ նախաճաշ է պատրաստում: Երբ երեխաները գնում են դպրոց, նա կենտրոնանում է մարզվելու վրա, որը տեւում է մինչեւ մեկ ժամ ու քառորդ, այնուհետեւ ժամանակ է հատկացնում աղոթքի եւ մեդիտացիայի համար նախքան իր մաշկը խնամելը: «Ես չեմ նայում իմ հեռախոսին,- ասում է նա Instagram-ի տեսանյութում։- Պարզապես պատրաստվում եմ օրվան՝ ճիշտ մտադրություններով եւ մտքերով»։

Ջեյ Լոն միշտ օգտագործում է իր ապրանքանիշի արեւապաշտպան քսուքը, որը «20-30 տարեկանից իր գեղեցկության գաղտնիքներից մեկն է եղել»:

 

 




Լրահոս