ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐ ԿՍՏԱՆԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2023 թվականին 15 առարկաներից՝ «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Քիմիա», «Աստղագիտություն», «Կենսաբանություն», «Ինֆորմատիկա», «Աշխարհագրություն», «Պատմություն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Ռուսաց լեզու» եւ «Հայոց եկեղեցու պատմություն», կազմակերպվել է դպրոցականների հանրապետական օլիմպիադայի եզրափակիչ փուլը:

 

Օլիմպիադայի եզրափակիչ փուլում 68 մասնակից արժանացել է առաջին, 137-ը՝ երկրորդ, իսկ 180-ը՝ երրորդ կարգի դիպլոմների: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի հրամանով՝ հաստատվել է 2023 թվականին տեղի ունեցած դպրոցականների առարկայական հանրապետական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի հաղթած անվանական կրթաթոշակ ստացողների ցանկը: Նշենք, որ կրթաթոշակները տրամադրվում են՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2019 թվականի սեպտեմբերի 3-ի 605-Ա/2 հրամանով հաստատված «Հանրակրթական ուսուցում իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողներին անվանական կրթաթոշակի տրամադրման» կարգի: Ըստ այդմ՝ եթե սովորողը միաժամանակ երկու կամ երեք հիմքով է ընդգրկվում կրթաթոշակ ստացողների ցանկում, ապա նա կարող է ստանալ դրանց հանրագումարի չափով կրթաթոշակ: Անվանական կրթաթոշակը սովորողներին տրվում է հաստատությունների միջոցով՝ մեկ տարվա հաշվարկով, իսկ ուսումնառությունը տվյալ հաստատությունում դադարելու դեպքում մեկ տարվա համար նախատեսված կրթաթոշակի չվճարված մասը սովորողին վճարվում է միանվագ: Սովորողներին խրախուսելու նպատակով սահմանված անվանական կրթաթոշակի նոր կարգը գործում է 2020 թ. հունվարի 1-ից: Առարկայական օլիմպիադայի հաղթողների համար սահմանված են հետեւյալ կրթաթոշակները.

  1. Միջազգային առարկայական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի մասնակիցներ՝

-առաջին կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 25.000 դրամ,

-երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 20.000 դրամ,

-երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 15.000 դրամ,

-եզրափակիչ փուլերի այլ մասնակիցներին՝ ամսական 10.000 դրամ։

  1. Միջազգային դպրոցական այլ օլիմպիադաների (Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադա, Մենդելեեւյան միջազգային օլիմպիադա եւ այլն) եզրափակիչ փուլերի մասնակիցներ՝

-առաջին կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 15.000 դրամ,

-երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 10.000 դրամ,

-երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 7.500 դրամ։

  1. ՀՀ առարկայական հանրապետական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի հաղթողներ (դիպլոմակիրներ)՝

-առաջին կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 10.000 դրամ,

-երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 7.500 դրամ,

-երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 5.000 դրամ։

 




Լրահոս