Լուսանկարը՝ համացանցից
Հայրենիքի պաշտպանության եւ անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության եւ անմնացորդ նվիրումի համար ապրիլի 11-ին Տեղ գյուղի հատվածում զոհված 4 զինծառայողները հետմահու պարգեւատրվեցին։
Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ ստորաբաժանման հրամանատար, մայոր Մկրտիչ Հարությունյանը պարգեւատրվեց «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, դասակի հրամանատար, լեյտենանտ Արթուր Սահակյանը, լեյտենանտ Հենրիկ Քոչարյանը, կրտսեր սերժանտ Նարեկ Սարգսյանը՝ Արիության մեդալներով։
ՎԱՐԿԱՅԻՆ
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ կարող է արդյոք բանկը առանց որեւէ պատճառաբանության մերժել վարկի տրամադրումը: Ուզում եմ կոնկրետ տեղեկանալ, թե ինչի հիման վրա կարող են մերժել վարկի տրամադրումը:
Սուսաննա Մելիքյան (41 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Մելիքյան հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ վարկի տրամադրումը մերժելու հիմքերը սահմանվում են բանկի ներքին կանոններով, եւ եթե բանկը մերժում է հաճախորդի` վարկ ստանալու վերաբերյալ դիմումը, ապա պետք է նշի մերժման հիմքը:
Ֆինանսական համակարգի հաշտարար
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայտնում ենք, որ վարկային պայմանագիրը չի հանդիսանում հրապարակային պայմանագիր, հետեւաբար վարկատուն ինքն է ազատորեն որոշում՝ ում հետ կնքել վարկային պայմանագիր, ում հետ` ոչ: Այսինքն` վարկատուն, գնահատելով դիմողի վարկունակությունը՝ վարկը մարելու ունակությունը, ինքն է որոշում կայացնում:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ ում է նշանակվում կերակրողին կորցնելու կենսաթոշակը եւ որ դեպքերում:
Դիանա Առաքելյան (29 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է մահացած կերակրողի ընտանիքի հետեւյալ անդամներին.
1) 18 տարին չլրացած երեխային,
2) 18 տարին չլրացած եղբորը, քրոջը եւ թոռանը, եթե նրանց ծնողներն ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում,
3) 18 տարեկան եւ դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակին, եթե նրա հաշմանդամության պատճառը մանկուց հիվանդությունն է, նա հաշմանդամ է ճանաչվել մինչեւ իր 18 տարին լրանալը եւ ունի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում,
4) կերակրողի մահվան օրվա դրությամբ տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած կամ հաշմանդամ ճանաչված ծնողներին, ամուսնուն, եթե չեն աշխատում,
5) ամուսնուն կամ օրենքով սահմանված կարգով խնամակալ ճանաչված անձին` անկախ տարիքից, եթե նա զբաղված է մահացած (զոհված) կերակրողի 14 տարին չլրացած, սույն հոդվածով կենսաթոշակի իրավունք ունեցող երեխայի, եղբոր, քրոջ կամ թոռան խնամքով, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների` նրա հետ հաշվառված է նույն բնակության վայրում (հասցեում) եւ չի աշխատում:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ի դեպ, նշենք, որ հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակի իրավունք չունեցող հաշմանդամներին նշանակվում է հաշմանդամության նպաստ: