ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ Է ՊԵՏՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ կառավարության նիստի ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է տարածաշրջանային իրավիճակին, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից ապօրինի կերպով հսկիչ անցագրային կետի տեղադրմանը: Այդ համատեքստում նա խոսել է նաեւ Լեռնային Ղարաբաղում եւ Լաչինի միջանցքում ավելի լայն միջազգային ներկայության անհրաժեշտության մասին: «Ադրբեջանը շարունակաբար սրում է իրադրությունը տարածաշրջանում՝ այս անգամ ապօրինի կերպով հսկիչ անցագրային կետ տեղադրելով Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքում:

 

Ու եթե մինչեւ հիմա Լաչինի միջանցքը փակ էր կեղծ բնապահպանական ակցիայի պատրվակով, հիմա արդեն պաշտոնապես փակվել է Ադրբեջանի կողմից: Սա ոչ միայն տարածաշրջանում լարվածությունը մեծացնելուն, այլեւ Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամը խորացնելուն ուղղված սադրիչ քայլ է», – նշել է նա: Փաշինյանը նշել է. որ միջազգային հանրությունն այս անգամ հստակ գնահատական է տվել ադրբեջանական հսկիչ անցագրային կետի տեղարդմանը Լաչինի միջանցքում: «Այդ նպատակը Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտումներ եւ ցեղասպանություն իրականացնելն է, եւ հենց սա պետք է լինի մեր բոլորիս, միջազգային հանրության ուշադրության առարկան: Հաջորդ հարցը, որ Լաչինի միջանցքում հսկիչ անցագրային կետ տեղադրելով ավելի է սրվում, հետեւյալն է. որքանո՞վ է Ադրբեջանն իրեն պարտավորված զգում կատարել իր միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները: Լաչինի միջանցքում հսկիչ անցագրային կետի տեղադրումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի կոպտագույն խախտում է: Առիթ ունեցել եմ ասելու, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ից ի վեր՝ Ադրբեջանը խախտել է եռակողմ հայտարարության, ըստ էության, բոլոր կետերը: Այս ամենի արձանագրումը, սակայն, պետք է բերի կոնկրետ եզրակացությունների, եւ ուզում եմ ներկայացնել նաեւ մեր պատկերացումներն իրադրության ընդհանուր կարգավորման վերաբերյալ», – նշել է նա:

Փաշինյանի խոսքով՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը պետք է վերահսկողության տակ պահի Լաչինի միջանցքը եւ այսպիսով ապահովի միջանցքի բնականոն գործունեությունը: Այսինքն՝ բացի Ռուսաստանի Դաշնությունից, որեւէ մեկը Լաչինի միջանցքում վերահսկողություն չպետք է իրականացնի:

Ադրբեջանն էլ չպետք է խոչընդոտի միջանցքով ազատ երթեւեկությունը: Սա ճշգրիտ այն է, ինչ նախատեսված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ: «Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքներն ու անվտանգությունը պետք է դառնա Ստեփանակերտի եւ Բաքվի միջեւ բանակցությունների առարկա միջազգային ֆորմատի շրջանակներում: Ինչ վերաբերում է Հայաստանի եւ Արդբեջանի միջեւ հնարավոր խաղաղության պայմանագրին, ակնհայտ է, որ այն պետք է ունենա իրագործման երաշխիքների եւ վեճերի լուծման մեխանիզմների հասկանալի եւ գործուն համակարգ: Հստակ պետք է արձանագրված լինեն սահմանների դելիմիտացիայի պարամետրերը, եւ որեւէ էսկալացիա բացառելու հստակ մեխանիզմներ պետք է ներդրվեն»: Նա նշել է, որ, որպես առաջին քայլ, անհրաժեշտ է Լաչինի միջանցք եւ Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք հրատապ առաքելության գործուղումը:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

 

ԶԱԽԱՐՈՎԱՆ՝ ԱՐՑԱԽԻ ՄԱՍԻՆ

«Մենք սկզբունքորեն կարեւոր ենք համարում, որ պաշտոնական Երեւանը իր ներդրումն ունենա փոխադարձ ընդունելի լուծումների որոնման հարցում»,- ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով անցակետի տեղակայումը։

«Ռուսաստանը  հստակ արտահայտել է իր դիրքորոշումը ԱԳՆ-ի այս տարվա ապրիլի 24-ի հայտարարության մեջ։ Ներկայումս ինչպես տեղում ռուսական խաղապահ կոնտինգենտի միջոցով, այնպես էլ քաղաքական մակարդակով անհրաժեշտ ջանքներ են գործադրվում Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու եւ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնություններին վերադառնալու համար», – հայտարարել է Զախարովան։

Հիշեցնենք, որ Բաքուն անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքում՝ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ կապող միակ ճանապարհի վրա։

 

 

 

 

ԳՈՐԾՈՒՂՈՒՄ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի որոշմամբ՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը մայիսի 7-10-ը կգործուղվի Մոսկվա:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՔՊ-ական պատգամավորը Մոսկվայում կմասնակցի ՌԴ ԴԺ եւ Պետական դումայի պատգամավորների հետ վետերանների հանդիպմանը, ինչպես նաեւ Հաղթանակի օրվան նվիրված տոնակատարություններին պատգամավորի գործուղման հետ կապված օրապահիկի եւ ճանապարհածախսի վճարումը կկատարվի ՀՀ պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին: Պատգամավորի գործուղման հետ կապված գիշերավարձի վճարումը կատարում է հրավիրող կողմը:

 

 

 

 

 

ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է Ֆրանսահայերի խորհրդի նախագահ, «Գրանթ Թորնթոն Հայաստան» ընկերության պատվավոր նախագահ Դանիել Քյուրքջյանին: Նա նշել է, որ Ֆրանսահայերի խորհուրդը պատրաստ է սատար լինել Հայաստանի Հանրապետության կառավարությանը եւ ներգրավվել Հայաստանի զարգացման, համազգային օրակարգի կյանքի կոչման, ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործում: Զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության հարցերի շուրջ: Այս առումով ՀՀ վարչապետը կարեւորել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ ակտիվ աշխատանքը:

 

 

 

 

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔ

ՀՀ կառավարության պարտքը 2022-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 3 տրիլիոն 969 միլիարդ դրամ կամ 10 միլիարդ 86 միլիոն դոլար։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ՝ կառավարության նիստին, հայտարարեց, թե սա հանրության համար հետաքրքիր ու զգայուն թեմա է։ «Մարդիկ ասում են՝ վա՜յ, 10 միլիարդ դոլար պարտք ունենք։ Մենք պետք է մեր քաղաքացիներին ի ցույց դնենք, որ, մեր ՀՆԱ-ի համեմատ, շատ թեթեւ պարտք ունենք: Ըստ էության, 46 տոկոսով Հայաստանը համարվում է թեթեւ պարտքային բեռ ունեցող երկիր. այս տրամաբանութամբ մենք պետք է նայենք, որովհետեւ երկրները դասակարգվում են թեթեւ, միջին ու մեծ պարտք ունեցող երկրների։ Հայաստանը, իր տնտեսական աճի շնորհիվ, դասվում է թեթեւ պարտք ունեցողների շարքում»,- կառավարության նիստին նշեց Փաշինյանը:

Սակայն ֆիքսենք, որ Հայաստանի կառավարության պետական պարտքը 2020 թվականից հատել է կարմիր գծի շեմն ու խախտել հարկաբյուջետային ոսկե կանոնը՝ գերազանցելով ՀՆԱ-ի նկատմամբ 60%-ի շեմը. այն 63.5% է։ Դա դեֆոլտ չէ, սակայն  հետագա տարիների բյուջեները պլանավորելիս Կառավարությունը պարտավորվել է աստիճանաբար նվազեցնել Կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը։

2021-ին այն կազմել է 60.3%: Ֆինանսների նախարարությունը կանխատեսում է, որ 2022-ի տարեվերջին այն 51% կկազմի:

Առհասարակ, վերջին տասը տարում Հայաստանի պետական պարտքը աճել է 2.4 անգամ:

 

 

 

 

ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻ ԳՈՐԾԸ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Արա Բադոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2020 թվականի սեպտեմբերի 27-ին՝ Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի եւ, դրանով պայմանավորված, նույն օրը ՀՀ-ում եւ Արցախի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության պայմաններում 2020 թվականի նոյեմբերի 10-ին պատերազմը դադարեցնելու եւ Արցախի Հանրապետոթյան վերահսկողության ներքո գտնվող մի շարք տարածքներ Ադրբեջանի Հանրապետության վերահսկողությանը հանձնելու մասին Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ ձեռք բերված համաձայնության վերաբերյալ հայտարարությունը զանգվածային լրատվամիջոցներում հրապարակվելուց հետո, համացանցի միջոցով տեղեկանալով, որ մայրաքաղաք Երեւանում գտնվող ՀՀ կառավարության շենքի մոտ ամբոխ է հավաքել, եւ կատարվում են զանգվածային անկարգություններ, գնացել է նշված վայր եւ միացել զանգվածային անկարգությունների մասնակիցներին: Գործը քննելու է դատավոր Արամայիս Ասատրյանը:

 




Լրահոս