ՓԱՇԻՆՅԱՆԸ ՉԻ ՄԱՐՍԵԼՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների՝ շուրջ 4 օր  տեւած վաշինգտոնյան բանակցությունները երեկ ավարտվեցին:

 

Հանդիպման վերաբերյալ շատ մանրամասներ հայտնի չեն. կողմերը խուսափում են բացահայտել՝ ինչ է քննակվել Վաշինգտոնում: Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից հայտարարել է, որ վաշինգտոնյան բանակցությունների սեղանին կա փաստաթուղթ:

«Ամերիկայի ձայն»-ը հոդված էր հրապարակել, որ Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները բանակցում են մի փաստաթղթի շուրջ, որը կրում է «Հարաբերությունների կարգավորման համաձայնություն» անունը: Ըստ այդ հոդվածի՝ համապարփակ համաձայնագրի շուրջ ընթացող բանակցություններում կողմերի միջեւ քննարկվող հարցերից մեկն է վերաբերմունքը էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ երկու երկրներում, որն անդրադառնում է էթնիկ փոքրամասնությունների իրավունքներին ու անվտանգությանը:

«Ժողովուրդ» օրաթերթը վաշինգտոնյան բանակցությունների շուրջ զրուցել է ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանի հետ:

-Տիկի՛ն Կոստանյան, ամփոփելով վաշինգտոնյան բանակցությունները՝ ինչպե՞ս կգնահատեք դրանք, ի՞նչ  տվեցին մի քանի օր տեւած այդ բանակցությունները:

-Եթե հետեւենք ամերիկացի տարբեր պաշտոնյաների խոսույթին, կարող ենք հասկանալ, որ որոշակի ճնշում կա Հայաստանի վրա: Թե ճնշում կա արդյոք Ադրբեջանի վրա, ես վստահ չեմ: Առնվազն հայկական կողմին ուղղված ճնշումները ամերիկացի ներկա եւ նախկին տարբեր պաշտոնյաների բերանով տարածվում է: Այս բանակցություններից ակնկալիքները մեծ չեն առնվազն այն պատճառով, որ 5 տարին բավական էր հասկանալու, որ գործող իշխանությունը չունի բավարար կամք հայկական շահը պատշաճ ձեւով ներկայացնելու համար,  հետեւաբար չեմ ակնկալում, որ իրենք կարողանալու են որեւէ դրական առաջընթաց արձանագրել այդ բանակցություններում: Այս իրավիճակում մեզ մնում է միայն հասարակությանը բացատրել, որ այս իշխանությունն ունակ չէ  հայկական շահը պաշտպանել: Մեր խնդիրների լուծումը ոչ թե պետք է փնտրել Արեւելքում կամ Արեւմուտքում, այլ ինքներս մեր մեջ:

-Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ Վաշինգտոնում բանակցությունների սեղանին կա փաստաթուղթ: Ըստ Ձեզ՝  ի՞նչ փաստաթղթի մասին է խոսքը:

-Հաշվի առնելով մի քանի հանգամանքներ՝ որոշակի ստիպողականություն զգացվում է, պարտադրանք կա: Կասկածում եմ, որ Վաշինգտոնում փաստաթուղթ կստորագրվի, քանի որ, ամեն դեպքում, այդ փաստաթղթի նախագիծը, որը տարբեր ֆորմատներով դաշտ է նետվում, անգամ դրա անվանումն է անընդհատ վերաձեւակերպվում, այս ամենը հուշում է, որ կողմերը դեռեւս վերջնական փաստաթուղթ ստորագրելուն պատրաստ չեն: Նիկոլ Փաշինյանը շատ հրաշալի տեսնում է, որ օր օրի իր վարկանիշը գահավիժում է, հասկանում է՝ եթե որեւէ պայմանագիր ստորագրի, ինքը չի մարսելու: Ժողովրդին ինչքան էլ մեղադրում ենք, որ անտարբեր են, քնած են, միեւնույնն է, ծայրահեղ վատ փաստաթղթի դեպքում այդ բռնկումը լինելու է: Սա հասկանում է նաեւ Արեւմուտքը, ուստի ներքին դեստաբիլիզացիա թույլ չտալու համար կփորձեն ինչ-որ չափով դրական դրույթներ ներառել այդ փաստաթղթում: Տրամաբանական է, որ մեզ համար լիարժեք դրական փաստաթուղթ չի լինելու, հետեւաբար մենք պետք է մեր երկրի ներսում փորձենք իրավիճակ փոխել:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

 

Ի՞ՆՉ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ ԵՆ ՏՎԵԼ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ

Հայկական, ամերիկյան եւ ադրբեջանական կողմերն ամփոփիչ հայտարարություններ են ներկայացրել այս օրերին Վաշինգտոնում ընթացող եռակողմ հանդիպումների մասին, որոնք մի քանի օր են տեւել:

 

Մասնավորապես, նշվում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները երկկողմ համաձայնագրի որոշ հոդվածների շուրջ ունեցել են փոխըմբռնման առաջընթաց, սակայն մի շարք առանցքային հարցերի վերաբերյալ դիրքորոշումները մնացել են տարբեր: Այս մասին ասված է եղել Ամերիկայի Միացյալ Նահանգներում քառօրյա բանակցություններից հետո կողմերի տարածած համատեղ հայտարարության մեջ: Հայտարարության մեջ նշված չէ, թե որ առանցքային հարցերի շուրջ են կողմերը մնացել իրենց հակադիր դիրքորոշումներին:

Չորս օր տեւած բանակցություններից հետո հաղորդագրություն է տարածել նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը: Նա հայտարարության մեջ նշել է, որ թե՛ երկկողմ, թե՛ եռակողմ քննարկումներից հետո կողմերը շոշափելի առաջընթաց են գրանցել բարդ խնդիրների լուծման հարցում։

«Ես առաջարկել եմ նախարարներին վերադառնալ իրենց երկրներ՝ իրենց կառավարությունների հետ կիսելու այն հեռանկարը, որ հավելյալ բարի կամքի, ճկունության եւ փոխզիջումների դեպքում համաձայնությունը հասանելի է», – ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարը: ԱՄՆ պետքարտուղարը նաեւ եզրափակիչ ելույթով էր հանդես եկել՝ նշելով, թե լավատես է, որ այս քննարկումները խաղաղության համաձայնագրի հիմք են ստեղծել:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

ԿԱՏԱՐԵԼ Է ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ

«Ժողովուրդ»  օրաթերթի  տեղեկություններով՝ իրավապահները  գործընթաց  են սկսել  բուհերի  ռեկտորների  դեմ։ Առաջին  մեղադրյալը Ֆիզկուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի  ռեկտորն  է: Մեզ  հասած  տեղեկությունների  համաձայն՝ գլխավոր  դատախազ Աննա Վարդապետյանը դիմել է  ԿԳՄՍ նախարարին՝  ռեկտորի  լիազորությունները  դադարեցնելու միջնորդությամբ: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց  Գլխավոր  դատախազություն՝ տեղեկությունը պարզելու համար, ինչին  ի  պատասխան՝ դատախազի  խորհրդական Լուսինե  Մարտիրոսյանը  հայտնեց. «Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում իրականացվող քրեական վարույթի նախաքննությամբ բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Դ.Խ-ն, զբաղեցնելով պետության կողմից ստեղծված՝ հիմնադրված «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի ռեկտորի պաշտոնը, հանդիսանալով պետության կողմից ստեղծված՝ հիմնադրված ինստիտուտի անունից հանդես գալու լիազորություն ունեցող պաշտոնատար անձ, անձնական այլ դրդումներով կատարել է պաշտոնեական կեղծիք, այն է՝ 2022թ. փետրվարի 2-ին պաշտոնական շրջանառության ենթակա փաստաթղթի՝ իրավաբանական նշանակություն ունեցող տեղեկություն պարունակող նյութական կրիչի մեջ մտցրել է Արմեն Վազգենյանի կողմից 2006 թվականին Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ (ներկայիս՝ «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամ) ընդունվելու եւ իբրեւ 2010 թվականին «Ֆիզիկական կուլտուրա եւ սպորտ» մասնագիտությամբ ավարտելու, նրան «Ֆիզիկական կուլտուրայի ուսուցչի, շախմատի մարզչի» բակալավրի աստիճան շնորհված լինելու, ինչպես նաեւ, տեխնիկական պատճառներից ելնելով, դիպլոմը 2022 թվականի հունիսին հանձնման ենթակա լինելու վերաբերյալ կեղծ տեղեկություններ եւ այն տրամադրել Արմեն Վազգենյանին այն պայմաններում, երբ վերջինս հիշյալ ինստիտուտն ավարտած չի եղել եւ տեղեկանքը տրամադրելու պահին ունեցել է չհանձնված պետական քննություն:

Հանցանքի կատարումը վկայող փաստերի հիման վրա՝ հսկող դատախազի կողմից 2023թ. մայիսի 2-ին որոշում է կայացվել Դավիթ Խիթարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին:

Նույն օրը որոշումն ուղարկվել է վարույթն իրականացնող մարմնին՝ մեղադրանքը Դ. Խիթարյանին ներկայացնելու համար, միաժամանակ հանձնարարվել է նրա նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառել պաշտոնավարման կասեցումը»:




Լրահոս