Հովիկ Աղազարյանի և կարտոֆիլ վաճառող Արթուր Հակոբյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի գործը կարճվեց. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի եւ Տիգրանյան փողոցում կարտոֆիլ վաճառող Արթուր Հակոբյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի գործը կարճվեց։ Այսինքն՝ իշխանական պատգամավորի մասնակցությամբ տեղի ունեցած խուլիգանական արարքը չքննվեց, եւ պատգամավոր Աղազարյանը չպատժվեց իր խուլիգանական վարքի համար։

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը հաստատեց տեղեկությունը՝ նշելով. «Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ քրեական վարույթը կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Որոշման օրինականությունը ստուգվել է դատախազության կողմից»։

«Ժողովուրդ» օրաթերթը դեռեւս ամիսներ առաջ գրել էր, որ այս գործը կկարճվի, քանի որ այդպես է ցույց տալիս ընթացքը ու նաեւ քաղաքական հրահանգը: Բանն այն է, որ կարտոֆիլ վաճառող Արթուր Հակոբյանը միջադեպից հետո որպես կասկածյալ ձերբակալվել էր ու կարճ ժամանակ անց ազատ արձակվել:

Իրավապահները լսել էին նաեւ պատգամավոր Աղազարյանին, ու մինչ օրս գործով այլ քննչական գործողություններ չեն կատարվել, քրեական գործով չկա մեղադրյալ, Արթուր Հակոբյանի նկատմամբ էլ քրեական հետապնդում չի իրականացվել: Դատելով իրավիճակից՝ իրավապահները հասարակական բուռն արձագանքից հասկացան, որ ՔՊ-ական պատգամավոր Աղազարյանը, մեղմ ասած, սարքել էր վաճառական քաղաքացու գլխին, եւ այլընտրանք չունեն, քան քրեական գործը կարճելը:
Վերջնարդյունքում քաղաքացու գլխին սարքած, խուլիգանական վարք դրսեւորած պատգամավորը մնաց անպատիժ. ընտրովի արդարադատության հերթական դրսեւորումը։

Հիշեցնենք, որ պատգամավորը մարտի 3-ին աշխատանքի գնալու ճանապարհին՝ Տիգրանյան հասցեում, կարտոֆիլի վաճառքով զբաղվող Հակոբյանի հետ վեճ էր ունեցել, ոտքով հարվածել առեւտրականի կարտոֆիլի պարկերին ու երկու պարկ թափել փողոցում: Միջադեպի պատճառը «կարտոֆիլների փողոց» անունով հայտնի փողոցում կարտոֆիլ վաճառելն է եղել, որը դուր չէր եկել Աղազարյանին:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս