Համացանցում տարածված՝ Երևան քաղաքի Վարդավառի լճում անկած ձկների վերաբերյալ ահազանգի հետքերով Բնապահպանության և ընդերքի ու Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինների աշխատակիցները նշված վայրում իրականացրել են համատեղ ուսումնասիրություններ, կատարվել է ջրի լաբորատոր հետազոտություն և ձկան նմուշառում։
Լաբորատոր հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ ջրում լուծված թթվածնի անհրաժեշտ քանակությունը պակաս է:
Ձկան նմուշների հետազոտությամբ հայտնաբերվել է ձկների «Աերոմոնոզ» վարակիչ հիվանդությունը, որը զոոնոզ չէ՝ մարդուն չի փոխանցվում։ Սակայն կան հիվանդության զարգացմանը նպաստող մի շարք գործոններ, որոնցից տվյալ դեպքի համար կարելի է առանձնացնել ջրի մեջ թթվածնի պակասը:
Դա էլ հանդիսացել է ձկների զանգվածային անկման հիմնական պատճառ։
Հիշեցնենք՝ հունիսի 5-ին քաղաքացիները՝ ժողովրդին հայտնի Վարդավառի այգում՝ դեռ խորհրդային տարիներից եղած «Թոխմախ գյոլ»-ում, հայտնաբերել էին մեծ քանակով սատկած և ջրի ափին հայտնված ձկներ։