ՎԵՐԱՎԱՃԱՌՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆ՝ ՊՆ-Ի ԿՈՂՄԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտպանության նախարարությունը «Կրեդիտ-Երեւան բանկ» ՍՊ ընկերությունից, պետության հանդեպ ունեցած 500 հազար ԱՄՆ դոլար պարտքի դիմաց, 2004 թվականին ստացել է ընկերությանը պատկանող 441,01 քմ մակերեսով շինությունը եւ նույն գույքը մեկ ամիս անց 90 հազար ԱՄՆ դոլարով՝ 410 հազար ԱՄՆ դոլարով պակաս, վաճառել «Անելիք բանկ» ՍՊԸ-ին. հայտնում են դատախազությունից։

 

Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատախազությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակում, ուսումնասիրվել է Նոր Նորք վարչական շրջանի «Տիգրան Մեծի անվան զբոսայգու» տարածքի Մոլդովական 27ա հասցեում գտնվող գույքի եւ տարածքի օտարման գործը:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2004 թվականի մայիսի 17-ին «Կրեդիտ-Երեւան բանկ» ՍՊԸ-ին տրվել է Մոլդովական 27ա հասցեում գտնվող՝ 441,01 քմ մակերեսով շինության սեփականության եւ 525 քմ մակերեսով հողամասի վարձակալության վերաբերյալ իրավունքի վկայականը (հողամասը, Երեւանի քաղաքապետի 2004 ապրիլի 27-ի թիվ 697-Ա որոշմամբ, ընդգրկված է եղել օտարման ոչ ենթակա հողերի ցանկում):

2004 թվականի հունիսի 1-ին «Կրեդիտ Երեւան բանկ» ՍՊԸ լուծարվող բանկի եւ Պաշտպանության նախարարության միջեւ՝ ի դեմս նախարար Ս.Ս.-ի կողմից լիազորված անձ Վ.Ա.-ի, կնքվել է պայմանագիր, ըստ որի՝ բանկը, Պաշտպանության նախարարության հանդեպ իր ունեցած 500 հազար ԱՄՆ դոլար պարտավորությունների դիմաց, ՊՆ-ին է հանձնել Մոլդովական 27ա հասցեում գտնվող՝ 441,01 քմ մակերեսով շինությունն ու 525 քմ մակերեսով հողամասը:

Պայմանագրով նախարարությունը պարտավորվել է գույքի վաճառքից գոյացած գումարը՝ 500 հազար ԱՄՆ դոլարը գերազանցելու դեպքում ավել գումարը վերադարձնել «Կրեդիտ Երեւան բանկ» ՍՊ ընկերությանը:

Ընդամենը մեկ ամիս 12 օր անց՝ 2004 թվականի հուլիսի 13-ին, նախարարությունը՝ ի դեմս նախարար Ս.Ս.-ի, նույն գույքը 90 հազար ԱՄՆ դոլարով՝ 410 հազար ԱՄՆ դոլարով պակաս, վաճառել է «Անելիք բանկ» ՍՊԸ-ին:

Բացի այդ, կառավարության՝ 2005 թվականի դեկտեմբերի 12-ի որոշմամբ հաստատված Երեւան քաղաքի գլխավոր հատակագծի ուսումնասիրությամբ պարզվել է, որ նշված տարածքը դեռեւս չպարզված հանգամանքներում առանձնացվել է այգու սահմաններից՝ դասակարգվելով որպես հասարակական կառուցապատման հողամաս: Մասնավորապես՝ 2006 թվականին Երեւանի գլխավոր ճարտարապետն «Անելիք բանկ» ՍՊԸ-ին հայտնել է, որ հողամասը ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդված սահմանափակումների ցանկում չէ եւ կարող է օտարվել, ինչի հիման վրա՝ հողամասն ուղղակի վաճառքով 2 մլն 375 հազար 100 դրամով օտարվել է վերը նշված բանկին: 2007 թվականին, Երեւանի քաղաքապետի որոշմամբ, բանկին վաճառվել է նաեւ հողամասին հարակից 274, 85 քմ մակերեսով հողամասը, ինչպես նաեւ տրամադրվել է 239 քմ մակերեսով հողամաս՝ առանց քաղաքաշինական գործունեություն իրականացնելու թույլտվության:

2018 թվականին «Անելիք բանկ» ՍՊԸ-ն անշարժ գույքը 135 մլն 556 հազար 400 դրամով վաճառել է քաղաքացիներ Ա.Վ.-ին եւ Ար.Վ.-ին:

Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատախազությունը 2023 թվականի հունիսի 12-ին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե:

2023 թվականի հունիսի 13-ին Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը):

 

 

 

 

ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է

Թալինի համայնքապետարանի աշխատակցի հաղորդման հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ «Ա. Պեռլիտ» ՍՊԸ տնօրենը իր օգտին ապօրինի գործողություն կատարելու համար պաշտոնատար անձին տվել է խոշոր չափերով՝ 1.900.000 ՀՀ դրամ կաշառք:

 

ՔԿ-ից հայտնում են, որ նախաքննությամբ պարզվել է՝ «Ա.Պեռլիտ» ՍՊԸ տնօրեն Է. Ա.-ն դիմել է Թալինի համայնքապետարան Մաստարայի պեռլիտի հանքավայրի շահագործման համար նոր հողատարածք վարձակալելու նպատակով:  Համայնքապետարանը, սակայն, հաշվի առնելով, որ ընկերության կողմից արդյունահանվելիք հանքանյութը վերամշակվելու է համայնքի հանդեպ ստանձնած ֆինանսական պարտավորությունները ժամանակին եւ ոչ բարեխիղճ կատարող, առանց հողի նպատակային նշանակության փոփոխության հանքարդյունաբերությամբ զբաղվող «Արագած Պեռլիտ» ՍՊ ընկերությանը պատկանող հանքանյութի վերամշակման գործարանում, որի աշխատանքի արդյունքում առաջացող փոշին վնասում է հարակից տարածքում գտնվող բերքը եւ բնակիչների մեծամասնության դժգոհության պատճառ հանդիսանում, դեմ է արտահայտվել հողատարածքը «Ա.Պեռլիտ» ՍՊ ընկերությանը վարձակալությամբ տրամադրելուն, ինչի հիման վրա՝ նշված ՍՊԸ-ի լիցենզավորումը մերժվել է:

Այնուհետեւ «Ա.Պեռլիտ» ՍՊԸ տնօրեն Է. Ա.-ն դիմել է Թալինի համայնքապետարանի աշխատակից Ս. Թ.-ին եւ վերջինիս խնդրել միջնորդել Թալին համայնքի ղեկավար Տ. Ս.-ին կաշառքի դիմաց պեռլիտի հանքի շահագործման համար նոր լիցենզիա ստանալու հարցում, մասնավորապես՝ արդյունահանման աշխատանքներ կատարելու նպատակով Տ. Ս.-ի միջամտությամբ հանրային կրկնակի լսումներ կազմակերպել ու Թալինի համայնքապետարանի դիրքորոշման մասին նոր՝ դրական եզրակացություն ուղարկել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձարկման կենտրոն» ՊՈԱԿ:

Դրանից հետո Ս. Թ.-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն՝ «Ա.Պեռլիտ» ՍՊ ընկերության տնօրենի կողմից կաշառք տալու վերաբերյալ, որի հիման վրա՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված վարույթով իրականացվել են գաղտնի քննչական գործողություններ, այդ թվում՝ «Կաշառք ստանալու նմանակում», որի շրջանակում Է. Ա.-ն Ս. Թ.-ի միջոցով 2023 թվականի ապրիլի 27-ին Տ. Ս.-ին տվել է խոշոր չափերով՝ 1.900.000 ՀՀ դրամ կաշառք:

Կաշառք տալուց անմիջապես հետո Է. Ա.-ն ձերբակալվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության աշխատակիցների կողմից:

Է. Ա.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով: Նա իրեն լիովին մեղավոր է ճանաչել ներկայացված մեղադրանքում եւ տվել խոստովանական ցուցմունքներ:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը՝ մեղադրական եզրակացությամբ, հանձնվել են հսկող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ:

 

 

 

 

ԿԱԼԱՆԱՎՈՐԸ ԻՆՔՆԱՍՊԱՆ Է ԵՂԵԼ

Քիչ առաջ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորին գտել են կախված վիճակում։ Մենք տեղեկացանք, որ նա մեղադրվում էր հոր սպանության համար։

Մեր այս տեղեկությանն ի պատասխան՝  Արդարադարադության նախարարության քրեակատարողական ծառայության լրատվական ծառայությունից հայտնեցին. «2023 թվականի հունիսի 21-ին՝ ժամը 07:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել է մենախցում տեւական ժամանակ մեկուսի պահվող կալանավորված անձ, 1979թ. ծնված, ՀՀ քր. օր.-ի 166հ. 2մ. 1կ. մեղադրվող Վ.Ղ.-ի դին՝ խցի պատուհանի ճաղավանդակից սավանով կախված վիճակում: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր»:

Ք. Մ.

 

 

 

ՁԵՌՔԵՐՆ ՈՒ ՈՏՔԵՐԸ ԿԱՊԵԼ ԷԻՆ

Հունիսի 19-ին՝ ժամը 21.50-ին, ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ քույրը՝ 1981 թ. ծնված Նվարդ Նալչաջյանը, հունիսի 18-ի ժամը 19-ին դուրս է եկել Պտղնի գյուղի Ամառանոցային թաղամասի 2-րդ փողոցի իր տնից եւ չի վերադարձել:

Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

ՆԳՆ քրեական ոստիկանության, Կոտայքի եւ Արմավիրի մարզային վարչությունների, Կոտայքի, Հրազդանի, Նաիրիի եւ Վաղարշապատի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Նվարդ Նալչաջյանին սպանել է Արմավիրի մարզի Փարաքար գյուղի 18-ամյա մի բնակիչ: Հունիսի 20-ի ժամը 21.20-ին Արմավիրի մարզի Մերձավան գյուղի Երեւանյան խճուղու շենքերից մեկում նա հայտնաբերվել, ձերբակալվել եւ, Նվարդ Նալչաջյանի «Միցուբիշի» մակնիշի մեքենայով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղ խոստովանել է, որ նշված հանցանքը կատարել է ինքը:

Փարաքար գյուղի բնակիչ, 18-ամյա երիտասարդը եւ կազմված փաստաթղթերը ներկայացվել են Աբովյանի քննչական բաժին, որտեղ նա ցուցմունք է տվել՝ հայտնելով դիակի գտնվելու վայրը: Փարաքար գյուղի չշահագործվող քարի արտադրամասի հարակից ձորակում հայտնաբերվել է դիակը՝ ձեռքերը, ոտքերն ու բերանը կպչուն ժապավենով կապկպված:

Քրեական վարույթը շարունակվում է:

 




Լրահոս