ArmLur.am-ն ամիսներ առաջ գրել էր, որ Հանրային հեռուստաընկերությունը նկարահանում է մի քանի մասից բաղկացած գեղարվեստական ֆիլմ՝ «Տիկին նախարար» վերնագրով, որտեղ գլխավոր դերերում են դերասան Աբել Աբելյանը, ով մարմնավորում է վարչապետին, եւ դերասանուհի, ռեժիսոր Ֆրիդա Յորքը, ով մարմնավորում է Պաշտպանության կին նախարարի կերպարը:
Իսկ, ով է «Տիկին նախարար»-ի կերպարը մարմնավորող դերասանուհին: Ֆրիդա Յորքը հայ դերասանուհի է, որին հանրությունը ճանաչեց «Գարեգին Նժդեհ» ֆիլմից, որտեղ նա մարմնավորում էր Գոհարի կերպարը: Դերասանուհին նկարահանվում է ինչպես հայկական, այնպես էլ ռուսական արտադրության ֆիլմերում:
Նշենք, որ ավելի վաղ ArmLur.am-ի հետ զրույցում դերասան Աբել Աբելյանը, անդրադառնալով իր դերին, ասել էր, որ յուրաքանչյուր դերասանի համար մեծ պատասխանատվություն է վարչապետի կերպարը մարմնավորելը:
«Նախագծին մասնակցելու առաջարկը ստացել եմ ըմկերոջիցս, եւ սիրով ընդունել եմ: Այս պահին միայն կարող եմ ասել, որ նախագծի նկարահանումներն ավարտվել են»,- նշել էր նա՝ հավելելով, որ տեղյակ չէ, թե որ հեռուստաընկերությունն է նախագծի պատվիրատուն:
Հիշեցնենք, որ ֆիլմի սյուժեի հիմքում Պաշտպանության նախարարությունն է, որի միջոցով փորձում են առաջին պլան մղել կին զինվորականին և նրան դարձնել Պաշտպանության նախարար, սակայն այդ ընթացքում հանդիպում են բազում խոչընդոտների: Հենց այս ամենի շուրջ էլ հյուսվում է ողջ ֆիլմի պատմությունը:
Ավելին, մեզ հասած տեղեկությունների համաձայն, Հանրային հեռուստաընկերությանը նման ֆիլմի նկարահանումը պատվիրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:
Լիդա Եղիազարյան