Փլուզված պատեր, աղբ, գարշահոտություն, կեղտաջրեր:
Մաշտոց-Լուսավորիչ-Պարոնյան խաչմերուկի ստորգետնյա անցումն իսկական ավերակների է վերածվել, Երևանի սրտում գտնվող այս կարևոր անցումն արդեն քանի տարի է՝ անմխիթար վիճակում է:
Ամենուր թափված են փլուզված պատերի քարեր, անպիտան երկաթներ, մեծ արկղերով աղբեր են դրված, լուսավորություն ընդհանրապես չկա, կեղտաջրերի վրայով մարդիկ ցատկելով են փորձում անցնել, իսկ գարշահոտությունը տարածվել է մոտակա ամբողջ տարածքում:
Հատկապես երեկոյան ժամերին այս հատվածով անցնելն իսկական փորձություն է քաղաքացիների համար, չափազանցրած չենք լինի, եթե նշենք, որ ուշ ժամերի անգամ վտանգավոր է այս անցումով անցնելը:
ArmLur.am-ի հետ զրույցում գետնանցումում մոմ վաճառող պապիկը պատմում է՝ տարածքն անուշադրության է մատնված, ստիպված են գարշահոտության մեջ ժամերով աշխատել, իսկ արդեն մութն ընկնելուն պես՝ ինչի ասես ականատես կլինես այս հատվածում:
Քաղաքացիները ևս դժգոհում են՝ արդեն տարիներ շարունակ այս վիճակն է, բայց քաղաքապետարանn անուշադրության է մատնել կենտրոնում գտնվող այս հատվածը:
Անհասկանալի է ՝ տարբեր միջոցառումների լենտեր կտրող փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը կամ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը, ով առիթը բաց չի թողնում Երևանում ամենափոքր միջոցառմանն անգամ երկայանալու ու իր կատարած աշխատանքի մասին խոսելու, ինչու՞ են անուշադրության մատնել այս կարևոր անցումը, որը Երևանի հենց սրտում է գտնվում:
Թերևս միայն միջոցառումների մասնակցելը դեռեւս լավ աշխատանքի ցուցիչ չէ, եթե կենտրոնական անցումը նման սարսափելի վիճակում է գտնվում:
Հուսանք, քաղաքացիների բազմաթիվ դժգոհությունները տեղ կհասնեն և վերջապես համապատասխան կառույցները քայլեր կձեռնարկեն այս խայտառակ վիճակը շտկելու համար:
Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան