«Հաջողություն եմ մաղթում, դա իրենց որոշումն է». Դավիթ Խաժակյանը՝ ՔՊ-ի որոշման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի զրուցակիցը Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանն է:

-Պարո՛ն Խաժակյան, դուք որոշ ժամանակ առաջ մեզ հետ զրույցում չէիք բացառել, որ ավագանու առաջիկա ընտրություններին հնարավոր է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ դաշինքով գնաք ընտրություններին, ասել էիք, որ քննարկումներ է գնում նրանց հետ:
Այնինչ երեկ ՔՊ-ն հայտարարեց, որ առանձին են մասնակցելու ընտրություններին՝ առանց դաշինքի, սպասելի՞ էր ձեզ համար այս որոշումը, թե՞ անակնկալ էր ձեզ համար:

-Քննարկումների տրամաբանության մեջ երկու տարբերակն էլ հնարավոր էր, իրենք քննարկել են և իրենց որոշումը կայացրել են, այդտեղ ես մեկնաբանելու բան չունեմ, իրենց որոշումն է: Ես ԼՀԿ-ի ցուցակը գլխավորող թեկնածուն եմ, այս ընթացքում եղել են և շարունակվում են բազմաթիվ քննարկումներ տարբեր անհատների, քաղաքական ուժերի հետ: Այդ խոսակցություններն իմ մասով շարունակվելու են: ՔՊ-ն որոշել է մասնակցել առանձին ցուցակով, ես բնականաբար իրենց հաջողություն եմ մաղթում:

-Պարո՛ն Խաժակյան, ամեն դեպքում, դուք հայտարարում եք, որ քննարկումներ են գնում ՔՊ-ի հետ՝ դաշինքով մասնակցելու մասով, բայց հիմա, ստացվում է, նրանք մերժու՞մ են ձեզ:

-Ես ասել եմ, որ ՔՊ-ի հետ դաշինքով մասնակցելու հարցը քննարկում ենք, հավանական համարում եմ դա, ես ասել եմ, որ չեմ բացառում դաշինքով ՔՊ-ի հետ մասնակցելը, բայց եթե նրանք որոշում են կայացրել առանձին կուսակցությունով մասնակցել, հետևաբար՝ նրանց հետ դաշինքը բացառվում է, ուստի այդ թեման եկեք համարենք փակված: Մնացյալի մասով կան հնարավորություններ, չկան փակված թեմաներ, կորոշվի առաջիկա 1-2 շաբաթվա ընթացքում:

-Այս պահին կա՞ն քաղաքական ուժեր, որոնց հետ դաշինքով մասնակցելու վերաբերյալ բանակցություններ եք տանում, թե՞ «Լուսավոր Հայաստանն» էլ առանձին կմասնակցի ընտրություններին:

-Ինչպես մեր նախորդ խոսակցության ժամանակ եմ ասել, կան ուժեր, որոնց հետ բացառել եմ դաշինքը, բայց մյուս ուժերի հետ չեմ բացառել: Ֆորմատի հետ կապված քննարկումները շարունակվում են:

-Կոնկրետ որ՞ ուժերի հետ եք բանակցում այս պահին:

-Կան քննարկումներ առաձին անհատների հետ, որոնց մասով առաջիկայում կունենանք հստակություն: Չեմ բացառում որևէ ֆորմատ, ես համարում եմ, որ քաղաքային ընտրություններում քաղաքի հետ կապ ունեցող մարդիկ պետք է հնարավորինս կոնսոլիդացված գնան ընտրություններին, այդ կոնսոլիդացիայի հետ կապված ես իմ աշխատանքը տանում եմ, բայց եթե դա չստացվի կամ մասնակի ստացվի, ամեն դեպքում մեր մասնակցությունը մնում է ուժի մեջ:

-Պարո՛ն Խաժակյան, մի շարք ուժեր արդեն հստակ հայտարարել են, որ մասնակցելու են ավագանու ընտրություններին, իրենց թեկնածուներին են ներկայացրել, ու՞մ եք համարում ձեր հիմնական մրցակիցը:

-Ես ամբողջ դաշտում բոլորին էլ համարում եմ մրցակից, քանի որ քաղաքային ընտրությունների մեջ առաջնային բաղադրիչը քաղաքին հուզող հարցերն են, յուրաքանչյուրն ունի իր առաջարկը, այդ առաջարկները որպես գաղափար մրցելու են, այդ պատճառով էլ բոլորին մրցակից եմ համարում: Ես բոլորին տեսնում եմ ինձ հիմնական մրցակից: Մենք պայքարելու ենք մեր քաղաքացիների վստահությանն արժանանալու համար:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս