Մեկ մեքենա, 100% բաժնեմաս. Գեղամ Նազարյանի և ընտանիքի անդամների ունեցվածքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության Ազգայն Ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը պաշտոնի նշանակվել է 2021 թվականի օգոստոսի 2-ին: 2022 թվականի հայտարարատու տարում Նազարյանը հայտարարագրել  է երկու բնակարան, որոնցից  մեկը Երևանի Էրեբունի վարչական շրջանում, մյուսը՝ Տավուշի մարզի Կիրանց գյուղում, ընդ որում՝ երկու բնակարաններն էլ ժառանգություն է:

Որպես տրանսպորտային միջոց, Նազարյանը հայտարարագրել է մեկ մարդատար մեքենա SUZUKI մակնիշի, որը ձեռք է բերվել 2021 թվականին:

«Հայկական ժամանակ» օրաթերթի նախկին լրագրող Գեղամ Նազարյանը հայտարարագրել է 49 հազար դոլար կանխիկ գումար և որպես տարեկան եկամուտ հայտարարագրել է 7 մլն 885 հազար դրամ, որն աշխատանքի դիմաց վարձատրություն է Ազգային Ժողովի աշխատակազմի կողմից:     

Նազարյանի կնոջ՝ Նաիրա Նազարյանի բանկային ավանդները տարեվերջին կազմել են 5 մլն 500 հազար դրամ, իսկ բանկային հաշիվների մնացորդը կազմել է 3 մլն 120 հազար դրամ: Կնոջ կանխիկ դրամական միջոցները կազմել են 2 մլն 400 հազար դրամ: Նշեմ նաև, որ կինը որևէ եկամուտ չունի:

Գեղամ Նազարյանի որդին՝ Արմենակ Նազարյանի, ըստ հոր հայտարարագրի, հանդիսանում է «Նեոպրեսս» ՍՊԸ-ի տնօրեն, սակայն որդու հայտարարագրում այդ մասին ոչինչ չկա գրված: Նրա կանխիկ դրամական միջոցները կազմել են  2 մլն 900 հազար դրամ: Որդու եկամուտները կազմել են 1 մլն 695 հազար դրամ, որից 893 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է «Նեոպրեսս» ՍՊԸ-ից, իսկ  802 հազար 276 դրամը աշխատանքի վարձատրություն է Երևանի Էրեբունի շախմատի մանկապատանեկան մարզադպրոցից:

Հավելենք նաև, որ Նազարյանի որդին՝ Արմենակ Նազարյանը, «Նեոպրեսս» ՍՊԸ-ի տնօրեն է հանդիսանում 2023 թվականի փետրվարի 21-ից: Ըկերությունը Top-news.am լրատվական կայքի պատասխանատու կազմակերպորթյունն է:

Էմմա Միքայելյան




Լրահոս