ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԵՐՐՈՐԴ ԽԱՂԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեհաստանի Կրակով քաղաքում հունիսի 21-ին կմեկնարկեն Եվրոպական ամառային երրորդ խաղերը, որին Հայաստանը կմասնակցի մեծաքանակ պատվիրակությամբ: Հայ մարզիկներն ուժերը կչափեն բռնցքամարտ, աթլետիկա, հրաձգություն, կարատե եւ մի շարք այլ մարզաձեւերում:

 

Եվրոպական ամառային երրորդ խաղերի ուղեգիրն առաջինը նվաճել է հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, ապա մասնակցության իրավունք են ձեռք բերել ստենդային հրաձգության ներկայացուցիչ Երջանիկ Ավետիսյանը եւ ատրճանակավար Բենիկ Խլղաթյանը:

Եվրոպական խաղերի բռնցքամարտի մրցաշարում Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականները հանդես կգան հետեւյալ կազմերով՝

տղամարդիկ՝ Ռուդոլֆ Գարբոյան (51 կգ), Արթուր Բազեյան (57 կգ), Նարեկ Հովհաննիսյան (63,5 կգ), Գուրգեն Մադոյան (71 կգ), Համբարձում Հակոբյան (80 կգ), Նարեկ Մանասյան (92 կգ) եւ Դավիթ Չալոյան (+92 կգ) ։

Կանայք՝ Անուշ Գրիգորյան (50 կգ), Եկատերինա Սիչեւա (54 կգ), Տաթեւիկ Խաչատրյան (57 կգ), Էլիդա Քոչարյան (60 կգ), Սոնա Հարությունյան (66կգ) եւ Անի Հովսեփյան (75 կգ):

Տղամարդկանց հավաքականը հանդես կգա Կարեն Աղամալյանի, իսկ կանանց հավաքականը՝ Խաչիկ Խաչատրյանի գլխավորությամբ:

Հայաստանի աթլետիկայի կանանց եւ տղամարդկանց հավաքականներում ընդգրկվել են հետեւյալ մարզիկները՝

կանայք՝ վազորդներ Մարիաննա Բաղյան (100 մ.), Գայանե Չիլոյան (200մ., 400 մ.), Էլլադա Ալավերդյան (800մ. եւ 3000մ. խոչընդոտավազք), Ալիսոն Հալվերսոն ( 100մ և 400մ. արագավազք), Մարի Սարգսյան (1500մ., 5000մ.), ցատկորդ Յանա Սարգսյան (հեռացատկ, եռացատ), նետորդներ Ժաննա Շահնազարյան (մուրճ, սկավառակ), Ինգա Շեկոյան (4 ճ 100մ. փոխանցավազք):

Տղամարդիկ՝ վազորդներ Գագիկ Աղամյան (100մ., 200մ.), Դավիթ Ղուկասյան (4 ճ 100մ փոխանցավազք), Դավիթ Սարգսյան (400մ.), Գոռ Հարությունյան (400մ. արագավազք), Երվանդ Մկրտչյան (1500մ.), Վանյա Սարգսյան (5000մ), Ռոման Ալեքսանյան (800մ.), Սոս Հարությունյան (3000մ. խոչընդոտավազք), ցատկորդներ Գոռ Բեգլարյան (հեռացատկ), Լեւոն Աղասյան (եռացատկ), նետորդներ Մանուկ Մանուկյան (սկավառակ, գունդ) եւ Վանիկ Առաքելյան (նիզակ): Եվրոպական խաղերի շրջանակում տեղի է ունենալու նաեւ աթլետիկայի Եվրոպայի թիմային առաջնությունը։ Հայաստանի թիմն ընդգրկված է երրորդ խմբում։

Կրակովի տատամիի վրա իր ունակությունները կդրսեւորի թաեքվոնդիստ Սարգիս Սարգսյանը (74 կգ): Մրցումներին կմասնակցեն նաեւ կարատեի կումիտե մրցաձեւի ներկայացուցիչ, 68 կգ քաշային Անիտա Մակյանը, թեքբոլիստներ Քրիստինե Մանգասարյանը, Ռաֆայել Վարդանյան- Գոռ Սարգսյան երկյակը:

Հայկական պատվիրակության կազմում ընդգրկված կլինեն նաեւ ճկասուսերակիրներ Գրիգոր Պապոյանը, Բորիս Դադայանը, խոցասուսերակիրներ Ալիկ Նավասարդյանը, Գրիգոր Մնացականյանը, Էմմա Պողոսովան, ջրացատկորդներ Վլադիմիր Հարությունյանը, Արման Ենոքյանը, Մարատ Գրիգորյանը, Ալիսա Զաքարյանը եւ մուայթայիստներ Նարեկ Խաչիկյանը, Գոռ Սարգսյանը, Արմեն Գրիգորյանը, Լուսի Տեր-Դավթյանը: Եվրոպական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձեւերից բացի, կլինեն նաեւ լրացուցիչ միջոցառումներ: Դրանցից մեկն արագ շախմատի Եվրոպայի առաջնությունն է: Մրցաշարին կմասնակցեն շախմատային ութ առաջատար երկրների ներկայացուցիչներ, որոնք 2023 թվականի մարտի 1-ի դրությամբ ունեցել են ՖԻԴԵ-ի լավագույն միջին վարկանիշ։

Յուրաքանչյուր թիմի երկյակում կլինեն մեկական տղամարդ եւ կին: Հայաստանը կներկայացնի Շանթ Սարգսյան – Էլինա Դանիելյան երկյակը: Առաջնությանը կմասնակցեն նաեւ Լեհաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի, Ֆրանսիայի, Ռումինիայի, Գերմանիայի եւ Նիդեռլանդների ներկայացուցիչները: Արագ շախմատի Եվրոպայի զույգերի առաջնությունը կմեկնարկի Կրակովի օպերային թատրոնում հունիսի 19-ին: Եվրոպական մայրցամաքի խոշոր մարզական իրադարձությունը կանցկացվի հունիսի 21-ից հուլիսի 2-ը։ Խաղերի բացման արարողությունը տեղի կունենա Կրակովի Հենրիկ Ռեյմանի անվան մարզադաշտում: Խաղերի ընթացքում ավելի քան 7000 մարզիկ-մարզուհիներ 26 մարզաձեւերում կպայքարեն մեդալների 253 հավաքածուի համար: Եվրոպական ամառային երրորդ խաղերը կանցկացվեն Լեհաստանի 12 քաղաքներում:

 

 

 

 

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԸ՝ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

Համահայկական ամառային 8-րդ խաղերը կմեկնարկեն 2023 թվականի օգոստոսին. բացման արարողությունը տեղի կունենա Գյումրիում։

 

Համահայկական խաղերի  համաշխարհային կոմիտեի ընդլայնված նիստի ժամանակ այս մասին ասաց Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը։

«Այս պահին մասնակցության հազարավոր հայտեր ունենք եւ՛ արտերկրից, եւ՛ Հայաստանից։ Կամավորական խմբերը նույնպես պատրաստ են. այս պահին շուրջ 900 կամավոր կա, որոնք կօգնեն խաղերը կազմակերպելու հարցում»,- ասաց Զաքարյանը։

Միջոցառմանը մասնակցում էր Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, որը  ողջունեց Համահայկական խաղերի  համաշխարհային կոմիտեի անդամներին՝ նշելով, որ Համահայկական խաղերը անկախ Հայաստանի հասարակական կյանքի կարեւոր բաղադրիչ են դարձել։

«Ավելի քան 20 տարի շարունակ սփյուռքի եւ Հայաստանի երիտասարդությանը Հայաստանում համախմբելուն զուգահեռ, այս մարզական իրադարձությունն էական նշանակություն է ստացել հասարակության շրջանում առողջ ապրելակերպի արմատավորման եւ սպորտի մասսայականության ապահովման հարցում։

Այս համատեքստում կարեւոր եմ համարում ընդգծել, որ տարեցտարի ընդլայնվում է Համահայկական խաղերի մասնակիցների թիվը։ Եթե խաղերին մասնակցության քանակը սկզբնական շրջանում կազմում էր մոտ 1500, ապա այժմ այդ թիվը քառապատկվել է։ Ավելի քան երկու անգամ ընդլայնվել է մարզաձեւերի քանակը՝ դրսեւորվելու հնարավորություն ընձեռելով ավելի մեծ թվով տաղանդավոր մարզիկների»,- ընդգծեց Խաչատրյանը։

Փոխվարչապետն առանձնահատուկ կարեւորեց այն հանգամանքը, որ այս տարի Համահայկական խաղերը կանցկացվեն Շիրակի, Արագածոտնի, Կոտայքի եւ Արարատի մարզերում։

«Գաղտնիք չէ, որ մշակութային եւ սպորտային միջոցառումների մեծ մասը կենտրոնացված է մայրաքաղաք Երեւանում, ուստի Համահայկական խաղերի մարզային ընդգրկումը կարեւոր քայլ է մարզերում սպորտային առօրյան ակտվիացնելու եւ առողջ ապրելակերպի կարեւորությունը ընդգծելու հարցում։ Համոզված եմ, որ Համահայկական խաղերի շարունակական անցկացումն իր կարեւոր ներդրումը կունենա սպորտի ժողովրդականացման եւ հայկական սփյուռքի տարբեր համայնքների երիտասարդությանը, եւ ոչ միայն երիտասարդությանը, հայրենիքում միավորելու գործում»,- եզրափակեց Խաչատրյանը։

 

 

 

 

 

ՀՐԱԺԱՐՎԵՑ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ  ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԻՑ

2023թ. հունիսի 1-ին գրությամբ Դիլիջան խոշոր համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանին է դիմել «Դիլի»   ՍՊԸ-ն՝ Դիլիջան համայնքի եւ  այդ ընկերության միջեւ  2007թ. մարտի 23-ին կնքված 20,46 հեկտար, 2007թ. մարտի 23-ին կնքված 9,95 հեկտար, 2013թ. մարտի 5-ին կնքված 6,69095 հեկտար, 2013թ. մարտի 5-ին կնքված 4,41361 հեկտար եւ  2018թ. մայիսի 28-ին կնքված  5,4 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողամասերի վարձակալության պայմանագրերը լուծելու խնդրանքով։ Հունիսի 6-ին Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը որոշում է ընդունել Դիլիջան համայնքի եւ «Դիլի»  ՍՊ-ի միջեւ կնքված, Դիլիջան համայնքի Արեւահովիտ հանդամասում գյուղատնտեսական նշանակության հողամասերի վարձակալության վերաբերյալ վերոհիշյալ 5 պայմանագրերը լուծելու մասին։ «Դիլի»  ՍՊԸ-ն հիմնադրվել է 1997 թվականին. այն Դիլիջանում  զբաղվում է անասնապահությամբ  եւ  կաթնամթերքի մեծաքանակ  արտադրությամբ։

 

 

 

 

ՍԵԼԱՎՆԵՐԸ՝ ՎՆԱՍՆԵՐԻ ՊԱՏՃԱՌ

Ժողովրդական  խոսք կա՝ երաշտից սով չի  լինի, եկից (երկար շարունակվող անձրեւներից) սով կլինի: Արդեն մեկուկես ամիս է, ինչ Տավուշի մարզում գրեթե ամեն օր անձրեւներ են տեղում։ Սա խնդիրներ է ստեղծում նաեւ խոտհունձը ժամանակին կատարելու համար։ Հունիսի 6-ի  տեղատարափ անձրեւը Նոյեմբերյան  համայնքի բնակավայրերում  սելավների պատճառ է դարձել, փոքր գետերը վարարել, դուրս էին եկել հունից: Սովորաբար սակավաջուր Կողբագետը վարարել, հեղեղել էր  կողբեցի գինեգործ Գագիկ Աղաբաբյանին պատկանող «Կանաչ այգի»   ընկերության տարածքը: Վարարած գետակի  ջուրը բարձրացել է ընկերության կողմից  այգու  տարածքում կառուցված կամրջի վրա, հոսել կամրջի վրայով։ Վարարած գետն  իր հետ բազմաթիվ կոճղեր, փայտակտորներ, պլաստմասե շշեր է բերել, որը հետո ընկերության աշխատողները հավաքել են։ Բարեբախտաբար, վարարած գետ  չի վնասել ընկերության խաղողի այգին։ Սահմանամերձ  Դովեղ գյուղում Նոյեմբերյան քաղաքի անտառներից  սկիզբ  առնող գետակը, դուրս գալով հունից, բավական տարածք քշել է, ջարդել է գյուղի բնակչուհիներից մեկին պատկանող մարդատար ավտոմեքենան։ Նոյեմբերյանի համայնքապետարանից հայտնեցին, որ հունիսի 6-ի հորդ անձրեւները եւ դրանցից  առաջացած  սելավները մեծ վնասներ են պատճառել Նքոյեմբերյան, Կողբ, Դովեղ բնակավայրերի բնակիչների գույքին,  ցանքատարածություններին, սելավը  քշել -տարել է ընտանի  կենդանիներ, վնասվել են առնվազն 4 մարդատար ավտոմեքենա։Հունիսի 12-ից սկսած՝  համայնքային  հանձնաժողովը  կհաշվարկի  բնական տարերքի պատճառած վնասները, դրանք կներկայացնի Տավուշի մարզպետարան։ Թե վնասների համար պետության կողմից որեւէ փոխհատուցում կամ աջակցություն կտրվի, հայտնի չէ։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս