Մայորի եւ փոխգնդապետի անփութության հետեւանքով Հին Թաղերում հակառակորդը տիրացել է մարտական դիրքերի տեղակայման քարտեզին եւ շրջափակել այն. տեղեկությունը հաղորդում է Գլխավոր դատախազությունը՝ նշելով, որ գործն ուղարկվել է դատարան։ 2023 թվականի հունիսի 2-ին ՀՀ զինվորական դատախազությունում ստացվել են քրեական վարույթի նյութերը՝ ըստ մեղադրանքի՝ հրամանատար, փոխգնդապետ Ջ.Մ-ի եւ ստորաբաժանման շտաբի պետ, մայոր Վ.Ղ.-ի՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով (Անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ)։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո ՀՀ ՊՆ N զորամասի 1-ին հրաձգային գումարտակի 120-հոգանոց անձնակազմը՝ փոխգնդապետ Ջ.Մ.-ի հրամանատարությամբ, 2020 թվականի նոյեմբերի 26-ից անցել է Պաշտպանության բանակի հրամանատարի անմիջական ենթակայության ներքո եւ մարտական հերթապահության ընդգրկվել Հին Թաղեր տեղամասի արեւելյան սահմանի 12 մարտական դիրքերում՝ ստանձնելով մարտական հերթապահություն։
Ըստ հաղղորդագության՝ 2020 թվականի դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ զինծառայողները, խախտելով հրադադարի ռեժիմը, գրոհ են ձեռնարկել նշված ստորաբաժանման պահպանության տեղամասի N մարտական դիրքի վրա, որտեղ մարտական հերթապահության էր ընդգրկված նաեւ նույն ստորաբաժանման շտաբի պետ, մայոր Վ.Ղ.-ն։ 40 րոպե տեւած մարտական գործողությունների արդյունքում, մայոր Վ.Ղ.-ի հրամանով եւ ղեկավարությամբ, անձնակազմը հարկադրաբար նահանջել է, ինչի հետեւանքով մարտական դիրքն անցել է հակառակորդի վերահսկողության տակ։ Մայոր Վ.Ղ.-ն, պատասխանատվություն կրելով ծառայողական գաղտնիք պարունակող փաստաթղթերի պահպանման համար, նահանջի ժամանակ միջոցներ չի ձեռնարկել գումարտակի մարտական դիրքերի տեղակայման քարտեզը դուրս բերելու ուղղությամբ, ինչի արդյունքում հակառակորդը տիրացել է այդ քարտեզին եւ տեղեկացել Հին Թաղեր տեղամասի արեւելյան հատվածի բոլոր դիրքերի տեղակայման վայրերի կոորդինատներին եւ ուրվագծերին: Անձնակազմի հրամանատար, փոխգնդապետ Ջ.Մ.-ն ոչ պատշաճ է կատարել իր ծառայողական պարտականությունները:
Մասնավորապես՝ Ջ.Մ.-ն վերադաս հրամանատարությանը զեկուցել է միայն N մարտական դիրքի վրա հակառակորդի հարձակման ու դրա արդյունքում վիրավորների առկայության մասին: Բացի այդ, վերադաս հրամանատարությանը զեկուցել է իրավիճակի հանդարտեցման մասին, մինչդեռ առկա էր հակառակորդի ուժերի կուտակում: Այնուհետեւ, Ջ.Մ.-ն, տեղյակ լինելով հակառակորդի կողմից կուտակումների մասին, տեղեկացված լինելով նաեւ մեկ այլ մարտական դիրքից անձնակազմի դուրս գալու հնարավորության մասին, առանց բավարար հիմքերի, նշված դիրքի անձնակազմին հրամայել է մնալ դիրքում եւ շարունակել շրջանաձեւ պաշտպանությունը՝ հավաստիացնելով, որ կարճ ժամանակահատվածում օգնության կհասնի: Արդյունքում դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:30-ից մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 12-ի ժամը 12:00-ն, N դիրքի անձնակազմը, հրամանատար Ջ.Մ.-ի կարգադրության համաձայն գործելու արդյունքում աստիճանաբար հայտնվել է հակառակորդի կողմից լրիվ շրջափակման մեջ եւ զրկվել շրջափակումից ժամանակին դուրս գալու հնարավորությունից: 2020 թվականի դեկտեմբերի 12-ին` ժամը 12:00-ի սահմաններում, մյուս մարտական դիրքում ծառայություն իրականացնող զինծառայողներ Ա.Շ.-ն, Ռ.Մ.-ն, Ս.Ա.-ն, Ա.Մ.-ն, Գ.Բ.-ն, Ս.Հ.-ն, Հ.Ա.-ն, Հ.Մ.-ն եւ Գ.Ա.-ն, խոստացված օգնության բացակայության պայմաններում չունենալով այլ ելք, սեփական նախաձեռնությամբ դիրքից դուրս են եկել, հայտնվել կուտակված հակառակորդի զինված ուժերի տեսադաշտում եւ սպանվել, իսկ նույն դիրքի դիտորդներ Ա.Հ.-ն եւ Դ.Ո.-ն այլ երթուղով գնալու ու քողարկվելու արդյունքում 2020 թվականի դեկտեմբերի 13-ին գերեվարվել են հակառակորդի կողմից։
ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ՝ ԲԱՆՏՈՒՄ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ շուրջ 25 օր «Արթիկ» ՔԿՀ-ում հացադուլի մեջ գտնվող կալանավոր Անդրանիկ Սարգսյանը ինքնավնասման է գնացել: Վերջինիս պաշտպան Յուրա Ավայանը հայտնել է, որ կալանավորներ Դավիթ Հովսեփյանը եւ Անդրանիկ Սարգսյանը հացադուլի մեջ են։
Նրանք մեղադրվում են ավազակային հարձակում կատարելու համար այն պարագայում, երբ որեւէ ուղղակի ապացույց առկա չէ։ Սույն գործը 2022թ. հունիսից գտնվում է դատարանում. արդեն 3 դատավոր է փոխվել, իսկ դատական նիստերը անընդհատ հետաձգվում են: Մայիսի 18-ին ի վերջո դատական նիստը կայացավ, սակայն դատավոր Սաթենիկ Անդրեասյանը մերժեց այլընտրանքային խափանման միջոցի միջնորդությունը այն պարագայում, երբ դատական նիստերը կայանում են լավագույն դեպքում 6 ամիսը մեկ. Անդրանիկ Սարգսյանը եւ Դավիթ Հովսեփյանը խնամքին ունեն անձինք, Անդրանիկ Սարգսյանը ունի նաեւ հաշմանդամության կարգ, իսկ Դավիթ Հովսեփյանը կամավոր մասնակցել է 44-օրյա պատերազմին ամենաթեժ հատվածներում։
Պաշտպանի խոսքով՝ քանի որ կալանքի տակ պահելու հիմքերը առկա չեն, գործով ապացույցներ առկա չեն, իսկ Շիրակի մարզի դատախազ Եդիգարյանը ունի տրամադրվածություն, անձինք հայտարարաել են հացադուլ եւ պահանջում են, որպեսզի մեղադրող դատախազը փոխվի, եւ իրենց խափանման միջոց կալանքը փոխվի այլնտրանքային խափանման միջոցով՝ խնամքի տակ գտնվող անձանց հոգ տանելու նպատակով։ Ըստ պաշտպանի՝ Անդրանիկն այսօր գիշեր ինքնավնասման է գնացել, ներկա պահին նրանց վիճակը վատ է, ճնշումները շատ ցածր են, անհրաժեշտության դեպքում նրանց պետք է տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց։
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՆԱՄԱԿՆԵՐ՝ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻՆ
«Ժողովուրդ» օրաթերթը դեռ մայիսի 29-ին գրել էր, որ հայրենի իշխանությունները մտափոխվել են: Հայտնել էինք, որ ներքին քննարկումներ են ունեցել հայրենի իշխանության ներկայացուցիչները ու որոշել են զիջումների գնալ ու վարորդներին վարչական պատասխանատվության չենթարկել, կարճ ասած՝ հանդուրժել այն վարորդներին, որոնք չեն կատարելու պահանջները: Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ սա արվում է նաեւ հայրենի իշխանության համար, քանի որ վերջիններս չեն էլ պատրաստվում «պլյոնկա» պոկել:
Արդեն մայիսի 31-ին, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները հանդիպեցին ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի եւ ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պատկան պաշտոնյաների հետ՝ քննարկելու համար ավտոմեքենաների ապակիների թաղանթապատման եւ լուսաթափանցելիության հետ կապված հարցերը։
Հաշվի առնելով թաղանթապատված ապակիներով մեքենաների քանակը, խախտումը վերացնելու համար նախատեսված ժամանակի սղությունը, ինչպես նաեւ իրավակիրառ պրակտիկան կտրուկ փոփոխելու ոչ նպատակահարմար լինելու հանգամանքը՝ պատգամավորների կողմից ներկայացվեց առաջարկ՝ ցանկալի արդյունքին հասնել հնարավորինս նվազ վարչական ներգործության միջոցներով։
Ստացվում է, որ պարեկներն են որոշելու՝ տուգանել, թե նախազգուշացնել վարորդներին: «Ժողովուրդ» օրաթերթին, սակայն, տեղեկություններ են հասել, որ պետական գերատեսչությունների աշխատակիցներն էլեկտրոնային հասցեներին նամակներ են ստանում, որ պետք է ապակիների թաղանթազերծում անեն՝ պահպանելով լուսաթափանցելիության թույլատրելի չափերը: Այս հաղորդագրությունից թերեւս կարելի է եզրակացնել, որ իշխանությունները ավելի շատ հակված են տուգանելու տարբերակին:
Հիշեցնենք, որ ներպետական օրենսդրության իրավադրույթների եւ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի համաձայն՝ մեքենաների առջեւի կողային ապակիների լուսաթափանցելիությունը պետք է կազմի առնվազն 70%:
ՀԱՆՑԱՎՈՐ ԽՈՒՄԲ Է ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Ա. Աղամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա տեւական ժամանակ համասեռ հանցավոր գործունեությամբ զբաղվելու՝ Երեւան քաղաքում գործող առեւտրի կենտրոններից եւ խանութ սրահներից առանձնապես խոշոր չափերի գաղտնի հափշտակություններ կատարելու դիտավորությամբ Ժորա Պողոսյանի եւ Գրիգոր Մարտիրոսյանի կողմից նախնական համաձայնությամբ 2020 թվականի հունվար ամսին ստեղծված եւ մինչ 2021 թվականի ապրիլի 13-ը ղեկավարած կայուն կազմակերպած խմբում, որի կազմում ընդգրկված են եղել նաեւ Անդրանիկ Հովհաննիսյանը, Արամ Գրիգորյանը Վազգեն Ստեփանյանը, Քրիստինե Նազարեթյանը, Մարիամ Ռաֆայելյանը, Անահիտ Գրիգորյանը, Էդուարդ Քոչարյանը, Անատոլիա Հարությունյանը, Հեղինե Աբգարյանը, Արմեն Մովսեսյանը, Նինա Հովսեփյանը, Արեւիկ Հովեյանը, Եվա Պետրոսյանը, Գեղեցիկ Մելյանը, Արման Հավհաննիսյանը, Համլետ Վանոյանը, Գեւորգ Մարտիրոսյանը, կազմակերպված խմբի ղեկավարներ Ժորա Պողոսյանի եւ Գրիգոր Մարտիրոսյանի ուղղորդմամբ կատարել է ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակություն: Գործը ուղարկվեց դատարան։
ՄԵՂԱԴՐԱՆՔ՝ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ իրավապահները Աղունիկ Հազրյանին մեղադրանք են առաջադրել այն բանի համար, որ նա 2005 թ. հոկտեմբերի 28-ից մինչեւ 2016թ. հոկտեմբերի 8-ը ներառյալ, զբաղեցնելով Շիրակի մարզի Արեգնադեմ համայնքի ղեկավարի պաշտոնը, ՀՀ օրենքի ուժով լիազորված լինելով ներկայացնել համայնքի շահերն այլ անձանց հետ փոխհարաբերություններում, հանդիսանալով պաշտոնատար անձ, 2010թ. մինչեւ 2016թ. հոկտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում հափշտակություն կատարելու դիտավորությամբ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, շահադիտական նպատակներով Արեգնադեմ համայնքի սոցիալապես անապահով ընտանիքի երեխաների ուսման վարձավճարի փոխհատուցման քողի տակ Արեգնադեմի համայնքապետարանի բյուջեից 2012 թ. դեկտեմբերի 13-ին կատարել է 40.000 ՀՀ դրամի փոխանցում իր անվամբ «ԱՅԴԻԲԱՆԿ» ՓԲԸ միջոցով:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ