ՀՅԴ Հայաստանի գերագույն ժողովը ճակատագրական այս հանգրվանում համահայկական զորաշարժի կոչ է հնչեցնում: Այս մասին ասված է ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 26-րդ գերագույն ժողովի տարածած հայտարարությունում:
Հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
հայ ժողովուրդը եւ հայոց պետականությունը կանգնած են գոյութենական ծանրագույն սպառնալիքի առջեւ։
Հայաստանի իշխանությունների որդեգրած ապազգային քաղաքականությունը՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ուրացումը, ՀՀ անկախության հռչակագրից բխող հանձնառություններից եւ Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորի սահմանադրական պարտականություններից հրաժարվելը, թուրք-ադրբեջանական պարտադրվող զիջումներն ընդունելու եւ հայ ժողովրդի ազգային պետական շահերը ստորադասելու քաղաքականությունը կործանարար է։ Ադրբեջանի շարունակվող ագրեսիան հանգեցնելու է նոր ցեղասպանության եւ Արցախի հայաթափման, հարցականի տակ է դնելու Հայաստանի պետականության ապագան։
Հայ ժողովրդի թիկունքում հակասահմանադրական ընթացքով ձեռք բերված ցանկացած պայմանավորվածություն կամ փաստաթուղթ չունի իրավական եւ քաղաքական լեգիտիմություն, այն հղի է նոր պատերազմի սպառնալիքով եւ անխուսափելիորեն ապակայունացնելու եւ նոր ցնցումների է տանելու ողջ տարածաշրջանը։
Հակասահմանադրական եւ հակապետական այս ընթացքի անհապաղ կասեցումը օրախնդիր է եւ համազգային առաքելություն։
ՀՅԴ Հայաստանի Գերագույն Ժողովը ճակատագրական այս հանգրվանում ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԶՈՐԱՇԱՐԺԻ կոչ է հնչեցնում։
Սթափվելու, ընդվզելու, մեր ՊԵՏՈՒԹՅԱՆՆ ՈՒ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՃԱԿԱՏՈՎ ՏԵՐ ԿԱՆԳՆԵԼՈՒ ՎՃՌԱԿԱՆ ՊԱՀՆ Է։
ԱՐՑԱԽԻ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՍԱԿԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ Չէ
Մենք համոզված ենք՝ իշխանությունների կողմից պարտադրված պարտվողականությանն ու անզորությանն այլընտրանք կա, հաստատում ենք՝ ներազգային համերաշխության վերահաստատումով եւ համահայկական ներուժով կարող ենք եւ պարտավոր ենք՝
l վերականգնել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը,
l վերականգնել երկրի անվտանգային համակարգը, ազգ-բանակ համազգային գիտակցումով բարձրացնել երկրի պաշտպանունակությունն ու Հայոց բանակի մարտունակությունը,
l արդյունավետ օգտագործելով միջազգային իրավունքն ու միջազգային հարթակները, համադրելով տարածաշրջանում հետապնդվող աշխարհաքաղաքական հետաքրքրությունները, Հայաստանի ռազմավարական դաշնակիցների զորակցությունն ու դիվանագիտական ռեսուրսները՝ պաշտպանել եւ առաջ տանել Հայաստանի եւ հայ ժողովրդի ռազմավարական շահերը,
l միջազգային իրավունքի համատեքստում մերկացնել եւ դատապարտել Ադրբեջանի հանցագործություններն՝ ուղղված մարդկության եւ կոնկրետ հայ ժողովրդի դեմ,
l կասեցնել մեր ազգային ինքնությունը քայքայող օտարածին ծրագրերը, երկրում հաստատել իրական ժողովրդավարություն, հանրային համերաշխություն եւ արդարություն,
l համահայկական ուժերի մեկտեղումով զորացնել Հայաստանի կարողականությունները, ստեղծել ուժեղ եւ մրցունակ պետություն, որն անզիջում դիմադրությամբ կկանխի թուրքադրբեջանական տանդեմի հետապնդած Արցախի բռնակցման, հայաթափման եւ Հայաստանին կենսական զիջումներ պարտադրող պանթուրքական ծրագրերը։
Աներկբա է՝ վերը նշված մարտահրավերները դիմագրավելու եւ ստեղծված իրավիճակում հանգուցային բեկում մտցնելու նախապայմանը ազգային իշխանության ձեւավորումն է եւ նոր որակի պետության կառուցումը։
ՀՅԴ Հայաստանի կազմակերպությունն ու ՀՅ Դաշնակցության աշխարհասփյուռ կառույցն իրենց ողջ ներուժով լծվելու են Հայաստանի եւ Արցախի պաշտպանությանն ու փրկությանն ուղղված համազգային ընդվզման եւ դիմադրության ճակատի ձեւավորմանը»։
ՄԻՐԶՈՅԱՆ- ԲԱՅՐԱՄՈՎ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՄԱՍԻՆ
«Իմ ենթադրությունն այն է, որ իրենք հյուր ունեին այս օրերին. արդեն բոլորդ տեղեկացաք, որ Թուրքիայի նախագահն է այցելում Ադրբեջան, հետեւաբար, իմ կարծիքով՝ Ադրբեջանի ԱԳ նախարարն այդ օրերին չէր կարող բացակայել Բաքվից»,- հունիսի 13-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ անդրադառնալով նրան, որ օրերս Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Ադրբեջանի խնդրանքով հետաձգվել են Վաշինգտոնում նախատեսված Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը:
«Իմ տրամաբանական հետեւությունը դա է»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է հարցին՝ առաջիկա օրերին նոր հանդիպումը երբ կլինի, Եղոյանն ասաց. «Դա չեմ կարող ասել: Նման հարցերը օրերի կտրվածքով չեն լուծվում, շաբաթների կտրվածքով են լուծվում»:
ԳՈՐԾԱԴԻՐ ԿՈՄԻՏԵՆ ԸՆՏՐՎԵՑ
«Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատ» հանրային շարժման խորհրդի նիստում ընտրվել է շարժման գործադիր կոմիտեն:
Աշխատանքային խմբի կողմից խորհրդին է ներկայացվել շարժման գործադիր կոմիտեի առաջին կազմի ընտրության կարգը, որը հաստատվել է միաձայն։ Համաձայն կարգի՝ գործադիր կոմիտեի անդամները կարող են ընտրվել շարժման մշտական գործող մարմնի՝ խորհրդի կազմից:
Գործադիր կոմիտեն ընտրվել է հետեւյալ կազմով՝
գործադիր կոմիտեի համակարգող՝ Ռուբեն Վարդանյան,
անդամներ՝ Դավիթ Մանուկյան, Նարինե Աղաբալյան, Անդրանիկ Սարգսյան, Գարիկ Աբրահամյան եւ Հայկ Ավանեսյան։
Գործադիր կոմիտեն իրականացնելու է շարժման գործունեության ընթացիկ ղեկավարումը։
ՆԻԿՈԼՅԱՆԸ ԱՇԽԱՏՈՒ՞Մ Է, ԹԵ՞ ՈՉ
Հանրային հեռուստաընկերության գլխավոր ոճաբան, դիզայներ Արամ Նիկոլյանը, իր դիմումի համաձայն, ազատվել է աշխատանքից: Այս մասին մայիսի 31-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել էր Հանրային հեռուստաընկերության տնօրեն Հովհաննես Մովսիսյանը։
«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Արամ Նիկոլյանի հետ, որը, մեզ հետ զրույցում անդրադառնալով իր՝ աշխատանքից ազատմանը, ասաց. «Ես արդեն ասել եմ, որ մի որոշ ժամանակ անցնելու դեպքում ես Ձեր բոլոր հարցերին կպատասխանեմ։ Ամենայն հավանականությամբ ասուլիս կլինի»:
Իսկ ինչ վերաբերում է Հանրային հեռուստաընկերությունից աշխատանքից ազատվելու հարցին, Արամ Նիկոլյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ճիշտ չէ:
Մեր ճշտող հարցին,այսինքն՝ ճիշտ չէ, որ Հանրային հեռուստաընկերությունից ազատվել է, նա նշել է. «Ճիշտ չէ. ավել ոչինչ ասել չեմ կարող այս պահին»:
Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ դիզայներ Արամ Նիկոլյանն այրեց Ադրբեջանի դրոշը:
Անուհետեւ հայտնի դարձավ, որ հենց նա է հեղինակել եւ կարել Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությանը ներկա բոլոր երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի ներկայացուցիչների զգեստները։
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ