ՆՈՐ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐ՝ ԽԱՉԱՏՈՒՐՈՎԻ ԳՈՐԾՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նշենք, որ Խաչատուրովի նկատմամբ վարույթ նախաձեռնվեց այն բանից հետո, երբ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ԱԺ-ի հավանությունը ստացավ ՊՆ նախկին ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համար։ Նախկին բարձրաստիճան զինվորականները մեղադրվում են 2 զորամասի տարածքների վաճառքի հետ կապված խարդախությունների համար։

 

Հիշեցնենք` փետրվարի 21-ին Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացման) համար։ Նա ձերբակալվել էր։

Դատախազությունը միջնորդություն էր ներկայացրել նրան կալանավորելու համար։ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը մերժել էր միջնորդությունը։ Խաչատուրովը նույն օրը դատարանի դահլիճից ազատ էր արձակվել։

Փետրվարի 24-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հատուկ վերանայման բողոք էր ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոց կալանքի միջնորդությունը մերժելու որոշման դեմ:

Մարտի 16-ին Վերաքննիչ դատարանը դատախազության բողոքը քննելուց հետո Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում էր կայացրել։

Սույն գործով մեղադրանք է առաջադրվել նաեւ 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի ընկերոջը՝ Էդգար Արշակյանին: Արշակյանի պաշտպան Միհրան Պողոսյանն ասել էր, որ քրեական գործում առկա 18 միլիոն դրամի գրավ վերցնելու մասը նույնպես իրականությանը չի համապատասխանում. «Գլխավոր դատախազն Ազգային ժողովում ուղղակի զբաղված էր մանիպուլյացիաներով, որովհետեւ տվյալ գույքի համար երբեւիցե 18 միլիոն դրամ գումար չի վերցվել: 2016-ի օգոստոսի 12-ին Խաչատուրովը ձեռք է բերել բնակարան Վանաձորում, այդ ժամանակ կքնվել է հիփոթեքային պայմանագիր, որի պայմանաններում միայն այդ բնակարանը գրավադրելու համար Խաչատուրովին տրամադրվել է 18 միլիոն 484 հազար դրամի վարկային գիծ: Որոշ ժամանակ անց բանկը Խաչատուրովին խնդրել է ներկայացնել լրացուցիչ գրավ, նա էլ իր ընկերոջը՝ Էդգար Արշակայնին, խնդրել է լրացուցիչ գումարով օգնել, քանի որ Արշակյանն այդ տարածքը չի օգտագործել, որպես լրացուցիչ գրավ դա դրվել է բանկում, սակայն վարկային գիծը ոչ մի դրամով չի ավելացել»:

Փաստաբանը շեշտեց, որ Էդգար Արշակյանին մեղսագրվում է մի արարք, որն օբյեկտիվ իրականությունում գոյություն չունի. «Ասում են՝ Գրիգոր Խաչատուրովն է իրականում այդ տարածքը ձեռք բերել, որի համար որեւէ փաստական հիմք չկա, եւ Էդգար Արշակյանը հանդիսացել է, այսպես ասած, քողարկված անձ՝ Խաչատուրովի գործարքը թաքցնելու համար»: Եվ, ահա, հենց Էդգար Արշակյանն էլ կոտրել է ոտքը, ու նիստերը չեն կայանում։

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

ՀՐԱՀԱՆԳՆԵՐ՝ ՊԱՐԵԿՆԵՐԻՆ

Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի ծառայողների մասնակցությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը։ Ներկա էին պարեկային ծառայության պետի տեղակալ, գնդապետ Արմեն Մաթեւոսյանը եւ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Ռուբեն Դավթյանը։

Արթուր Խուդինյանը կարեւորեց պարեկային ծառայության տեղն ու դերը ոստիկանական համակարգում, շեշտադրեց առաջնահերթությունները, խոսեց պարեկային ծառայողի պատասխանատվության եւ բարեվարքության մասին։ Պարեկային ծառայության պետը անդրադարձավ նաեւ պարեկների արտաքին տեսքին՝ խոսելով համազգեստի կրման կանոնների խստագույնս պահպանման մասին։ Ընդգծելով հասարակական կարգի պահպանության եւ հանցավորության դեմ պայքարում անզիջում լինելու անհրաժեշտությունը՝ նա կարեւորեց հատկապես քաղաքացիների հետ համագործակցությունը, գրագետ հաղորդակցությունը, շփումներում բարեկիրթ լինելը։

Խոսելով իրավախախտում կատարած անձանց հետ ճիշտ փոխհարաբերությունների մասին՝ Արթուր Խուդինյանը կարեւորեց վարչական իրավախախտումների հայտնաբերման եւ արձանագրման ժամանակ քաղաքացիներին համապատասխան իրավական նորմեր պարզաբանելը։

Խորհրդակցության ավարտին Կոտայքի մարզի գումարտակի պարեկները ստացան համապատասխան հրահանգավորում եւ անցան ուժեղացված ծառայության։

Ուժեղացված ծառայության ընթացքում Կոտայքի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթեւեկության կանոնների 293 խախտում։ Հայտնաբերվել է առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարող 9 անձ, հաշվառման համարանիշի հետ կապված՝ 1, չամրակապված վարելու՝ 79, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 7 իրավախախտում։ Հայտնաբերվել է նաեւ առանց ԱՊՊԱ պայմանագրի 9, տեխնիկական զննություն չանցած՝ 71, թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով՝ 18 մեքենա։

Նմանօրինակ հանդիպումները եւ ուժեղացված ծառայությունները պարբերական են լինելու։

 

 

 

 

 

ԲՌՆՈՒԹՅՈՒՆ՝ ՓԱՍՏԱԲԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ

ՆԳՆ Ոստիկանության կենտրոնական բաժնում բռնություն է գործադրվել փաստաբան Կարեն Ալավերդյանի նկատմամբ։

ՄԻՊ գրասենյակից հաղորդում են՝ դեպքի կապակցությամբ Պաշտպանի սեփական նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ։ Համապատասխան գրություններ կհասցեագրվեն ՀՀ գլխավոր դատախազություն եւ ՀՀ ներքին գործերի նախարարություն՝ նշված դեպքի հանգամանքները մանրամասն եւ բազմակողմանի քննության առարկա դարձնելու պահանջով: Հարկ է ընդգծել, որ փաստաբանի պաշտպանված մասնագիտական գործունեությունը երկրում մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգի կարեւորագույն նախապայմաններից է, արդարադատության համակարգում եւ իրավունքի գերակայության ապահովման գործում այն ունի առանցքային կարեւորություն:

 

 

 

 

 

ՓՈՐՁԵԼ Է ՍՊԱՆԵԼ ՀՈՐԵՂԲՈՐԸ

 

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական եւ վարութային գործողությունների արդյունքում պարզվել են 41-ամյա տղամարդու կողմից հորեղբոր նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ:

2023 թվականի հունիսի 12-ին Երեւան քաղաքի 58-ամյա բնակիչը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում, 41-ամյա եղբորորդին Երեւան քաղաքի Աճառյան փողոցում գտնվող իր տան բակում պտուտակահանով հարվածել է իր գլխին, կրծքավանդակին եւ ձախ թեւատակին:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում վերցվել են արնանման հետքեր, դեպքի ժամանակ տուժողի հագին եղած հագուստները, հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ:

Վարույթի շրջանակներում ձեռք բերված տվյալներով՝ նշված օրը` ժամը 18:30-ի սահմաններում, եղբորորդին՝ 41-ամյա տղամարդը, հորեղբոր տան բակում վիճաբանել է վերջինիս հետ, որի ընթացքում իր մոտ գտնվող պտուտակահանով հարվածներ է հասցրել նրա գլխին, կրծքավանդակին եւ ձախ թեւատակին՝ նախնական տվյալներով՝ փորձելով վրեժ լուծել 2007թ. հոր սպանության համար, որի կատարման համար դատապարտված է եղել ազատազրկման:

41-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ հիշյալ հանցանքը կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիման վրա:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 




Լրահոս