Արտակարգ իրավիճակների նախարարությունն այսօրվանից լուծարվում է. այն կգործի ՆԳՆ կազմում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արտակարգ իրավիճակների նախարարությունն այսօրվանից լուծարվում է․ այն արդեն կգործի Ներքին գործերի նախարարության կազմում:
ԱԻՆ նախարար Արմեն Փամբուխչյանը եւ նախարարության շուրջ 280 աշխատակից այսօրվանից առանց աշխատանքի են մնում, նրանց ճակատագիրն անորոշ է:
ArmLur.am-ին ԱԻ նախարարությունից հայտնել էին, որ աշխատակիցները ցանկության դեպքում կարող են մրցույթի մասնակցել և համալրել ՆԳՆ շարքերը, կամ էլ այլ ոլորտում շարունակել իրենց հետագա գործունեությունը:

Այսինքն՝ ստացվում է, ԱԻՆ աշխատակիցների ճակատագիրը դեռ անորոշ է, իրենք պետք է փորձեն իրեն համար աշխատանք գտնել, նախարարությունն այդ հարցով չի զբաղվելու: Արդեն նախկին նախարար Արմեն Փամբուխչյանը ղեկավարելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբը Երևանի ավագանու սպասվող ընտրություններում:

Ինչ վերաբերվում է ԱԻՆ շենքին՝ Կառավարության որոշմամբ նախարարության շենքի ողջ գույքը կտրամադրվի ՆԳՆ-ին, որն էլ արդեն կորոշի շենքն ի՞նչ նպատակով է օգտագործելու կամ ո՞ւմ է տրամադրելու:

ArmLur.am-ը գրել էր նաև, որ ԱԻՆ նախարարության Դավիթաշեն 4 թաղ. հասցեում գտնվող մեծ շենքը կռվախնձոր է դարձել իրավապահ համակարգի վերին օղակներում:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ իրավապահ համակարգում թեժ պայքար է սկսվել այս շենքի համար, ուժային կառույներն ամեն ինչ անում են, որ այս մեծ շենքն իրենց բաժին հասնի, իրենց աշխատատեղն այդտեղ տեղափոխվի:

Հիշեցնենք, որ ԱԻՆ գործող վերակառուցել է ԱԻ նախկին նախարար Արմեն Երիցյանը՝ 2012թ-ին:

ArmLur.am-ի տեղեկություններով՝ ԱԻՆ շենքի համար պայքարում է մասնավորապես ԱԱԾ-ն:
Այս պահին երկու տարբերակ է քննարկվում. հնարավոր է, որ ԱԱԾ վերնախավը շարունակի մնալ Նալբանդյան հասցեում, իսկ մյուս աշխատակիցներն այնտեղից տեղափոխվեն Դավիթաշեն՝ ԱԻՆ շենք: Մյուս կողմից էլ, քանի որ թեժ պայքար է գնում շենքի համար, չի բացառվում, որ ԱԱԾ ղեկավարությունը հենց տեղափոխվի այնտեղ, քանի որ այն բավականին ընդարձակ է եւ հարմարավետ:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս