«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի սպանության փորձի գործով որոշում է կայացրել: Եվ, ահա, մեզ հայտնի դարձավ, որ դատարանը անփոփոխ է թողել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը եւ ճիշտ գտել, որ սպանության փորձի համար մեղադրվողները կապ չունեն միջադեպի հետ, ուստի նրանք արդարացվել են: Ստացվում է, որ այդպես էլ իրավապահները չկարողացան գտնել, թե ով կամ ինչու փորձեց սպանել Շշի Մելոյին. միգուցե Մելիք Մանուկյանը հոգու խորքում շատ լավ գիտի, թե ինչու են ընկել իր հետեւից:
Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ դատարան՝ ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Մելիք Մանուկյանի՝ Շշի Մելոյի նկատմամբ մահափորձի գործով: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ մեղադրող դատախազը պահանջում է, որ նախկին պատգամավորի դեմ մահափորձի գործով մեղադրյալներին դատապարտեն 20 տարի ժամկետով:
Նշենք, որ շուրջ 3 տարի առաջ իրականացված սպանության փորձի գործով արդարացման դատական ակտ էր կայացվել։ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գոռ Շահբազյանի նախագահությամբ, հրապարակել է վճիռը, համաձայն որի՝ ամբաստանյալներ Արթուր Մխիթարյանը, Ջեմսիկ Մարտիրոսյանը եւ Պետրոս Էլբակյանն արդարացվել են՝ սպանության փորձի, ապօրինի զենք-զինամթերքի եւ գույքի դիտավորության ոչնչացման դրվագներով։
Ամբաստանյալներից մեկը՝ Ջեմսիկ Մարտիրոսյանը, մեղավոր է ճանաչվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի հատկանիշներով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնասվածք պատճառելը) առաջադրված մեղադրանքում՝ դատապարտվելով ազատազրկման՝ 4 տարի 6 ամիս ժամկետով։
Հիշեցնենք, որ Շշի Մելոյի սպանության ենթադրյալ փորձը տեղի է ունեցել 2019թ. օգոստոսի 2-ին Երեւան-Սեւան ավտոճանապարհին՝ Մելիք Մանուկյանին պատկանող ապակե տարաների գործարանի մոտ։
Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ ՔՕ-ի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի (Շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձը) եւ ՔՕ 235 -րդ հոդվածի 1-ին կետի (Ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելը, պահելը) հատկանիշներով: Գործի շրջանակներում կալանավորվել են Շիրակի մարզի բնակիչներ 56-ամյա Արթուր Մխիթարյանը, 53-ամյա Պետրոս Էլբակյանը եւ 45-ամյա Ջեմսիկ Մարտիրոսյանը, որոնք չեն ընդունում առաջադրված մեղադրանքը եւ հերքում են իրենց առնչությունը կատարված դեպքի հետ։
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏԻ ՏԻԿԻՆՆ ՈՒ ԱՆՀԵՏԱՑԱԾ ՈՍԿԵՂԵՆԸ
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը նախաքննության ավարտ է հայտարարել Նիկոլ Փաշինյանին եւ Աննա Հակոբյանին պատկանող, շուրջ 4 միլիոն արժողությամբ տարբեր տեսակի ոսկյա զարդերը հափշտակելու քրեական վարույթով: Գործը մտել է դատարան, եւ այն քննելու է դատավոր Սուսաննա Գզողյանը:
Ուշագրավն այն է, որ իրավապահները այդպես էլ չեն կարողացել հայտնաբերել 4 միլիոն արժողությամբ տարբեր տեսակի ոսկյա զարդերը:
Բանն այն է, որ նոյեմբերի 10-ին ՀՀ վարչապետին հատկացված կեցավայր մուտք գործած անձը ոսկյա զադերը գրավադրել էր գրավատանը եւ ժամանակին չի կատարել գրավադրման պարտավորությունները, գրավատունը այն վաճառել էր: ԱԱԾ-ն հայտնաբերել է գրավատնից այն գնած քաղաքացուն, որն էլ խոստովանել է, որ ինքն էլ գնած ոսկին վերավաճառել է, ու այսպես իրավապահները չեն կարողանում զարդերը հետ վերադարձնել վարչապետի ընտանիքին:
Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը 3 տարի անց նոր հանգամանք էր հայտնել 2020 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ կառավարության, Ազգային ժողովի շենքերում եւ պետական նշանակության այլ օբյեկտներում ու հասարակական վայրերում բռնություն գործադրելու դեպքերով:
Նախաքննությամբ պարզվել է նաեւ, որ Տիգրան Պ.-ն 2020 թվականի նոյեմբերի 10-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, գնացել է Երեւան քաղաքի Ձորափի 74 հասցեում գտնվող ՀՀ կառավարական կեցավայրի մոտ եւ միացել այնտեղ հավաքված զանգվածային անկարգությունների մասնակիցներին:
Այնուհետեւ Տ. Պ-ն քայլել է դեպի ՀՀ վարչապետին հատկացված առանձնատուն, մուտք է գործել առանձնատուն, որից հետո զանգվածային անկարգության մի շարք մասնակիցների հետ ներս է մտել առանձնատան 2-րդ հարկում գտնվող ննջասենյակ, բացահայտ հափշտակել է ՀՀ վարչապետի կնոջը՝ Աննա Հակոբյանին պատկանող՝ առանձնապես խոշոր չափերով՝ 3.920.000 ՀՀ դրամ արժողությամբ տարբեր տեսակի ոսկյա զարդերը, այդ թվում՝ զարդատուփի մեջ գտնված ոսկյա ժամացույցը, շղթաները, կախազարդը եւ ապարանջանը: Իհարկե, Տիգրան Պ.-ն կալանավորված է, բայց Աննա Հակոբյանի զարդերը չկան:
Հիշեցնենք, որ պատերազմի ավարտն ազդարարող հրադադարի հայտարարության պահանջներից
դժգոհ քաղաքացիները հենց կեսգիշերին հավաքվեցին կառավարության դիմաց, ապա շարժվեցին կառավարական ամառանոց, որտեղից էլ գողացան վարչապետի կնոջը պատկանող՝ շուրջ 4 մլն արժողությամբ ոսկյա զարդերը։
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿԱՍԿԱԾՅԱԼԻ ԽՈՍՔԸ
Հունիսի 6-ին Երեւանում՝ Բաղրամյան պողոտայից դեպի Ջեյմս Բրայսի փողոց տանող հատվածում՝ թիվ 8-րդ պոլիկլինիկայի հարեւանությամբ սպանված 35-ամյա Վարազդատ Գասպարյանի գործով ձերբակալվել է Հակոբ Ծ.-ն։
Ըստ shamshyan.com-ի՝ Հակոբ Ծ.-ն նախկինում եղել է դատապարտված եւ պատիժը կրել է «Սեւան», ապա՝ «Նուբարաշեն», իսկ հետո՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկներում։
Մեզ հասած լուրերի համաձայն՝ քրեական պատմություններով հայտնի Գնունեցի Վարազիկի սպանության գործով ձերբակալվածը հրաժարվում է ցուցմունք տալ. ընդամենը բանավոր հասկացրել է իրավապահներին՝ ինչ արել է, լավ է արել, ասելիք չունի: Նշենք, որ իրավապահ համակարգում տարբեր վարկածներ են պտտվում, որ միգուցե Երեւանում քրեական պատմություններով հայտնի Գնունեցի Վարազիկի սպանությունը կապված է այն դեպքի հետ, երբ 2019 թվականի հուլիսի 2-ի գիշերը Նոր Նորքում սպանվել էր «օրենքով գող» 46-ամյա Անդրանիկ Հարությունյանը: Վերջինս քրեական աշխարհում առավել հայտնի է Անդո Խրոմոյ (Կաղ Անդո) կամ Մասիվցի Անդիկ կեղծանուններով: Դեպքից հետո համացանցում հայտնվեց սպանության տեսագրությունը, որտեղ Նոր Նորքի իր տան բակի տաղավարում Անդրանիկ Հարությունյանը նստած է եւս 3 անձի հետ, թղթախաղ են խաղում: Նրանց է մոտենում սեւ հագուստով մի անձ, կրակում տաղավարում գտնվող 4 տղամարդկանց ուղղությամբ: Բանն այն է, որ Գնունեցի Վարազիկի անունը շոշափվել է Անդրանիկ Հարությունյանի դեպքով, եւ նրանցից տարիներ առաջ տեղի ունեցած սպանության համար վրեժխնդիր եղան:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր՝ սպանված Վարազդատ Գասպարյանն անցել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբոր՝ Ռոբերտ Սուքիասյանի քրեական գործով:
Մասնավորապես, 2021 թվականին Խաչատուր Սուքիասյանի եղբայրը՝ Ռոբերտ Սուքիասյանը, իր մոտ եղած հրազենից կրակոցներ էր արձակել, ինչի հետեւանքով Հ. Հաբգարյանը ոտքի շրջանում ստացել է հրազենային վնասվածք: Պատգամավորի եղբոր հետ մեղադրյալ էր նաեւ սպանված Վարազդատ Գասպարյանը:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ