ՄԻՊ-Ը ԱՅՑԵԼԵԼ Է ԵՐԱՍԽ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը այցելել է Արարատի մարզի Արարատ խոշորացված համայնքի Երասխ բնակավայր հունիսի 13-14-ին ադրբեջանական զինված ուժերի ագրեսիայի հետեւանքով մարդու իրավունքների խախտումները հաստատող փաստեր եւ ապացույցներ տեղում հավաքագրելու, բնակիչներին հանդիպելու եւ մտահոգող խնդիրներին ծանոթանալու համար։

 

Առաջին կանգառը Երասխում նոր կառուցվող մետալուրգիական գործարանի տարածքն էր, որտեղ Պաշտպանը հանդիպել ու առանձնազրույց է ունեցել գործարանի տնօրինության ու շինարարական աշխատանքներում ներգրավված Հայաստանի եւ Հնդկաստանի քաղաքացիների հետ։ Գործարանում աշխատում են շուրջ 130 հայ եւ 70 հնդիկ։ Նրանք Պաշտպանին մանրամասն տեղեկություններ են հայտնել այն մասին, թե ինչպես են ադրբեջանական զինծառայողները հունիսի 13-ի երեկոյան մեկուկես ժամից ավելի ինտենսիվ կրակ բացել գործարանի վրա։ Այդ ժամանակ գործարանի տարածքում ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթացել, սակայն կրակոցների պատճառով աշխատանքները ստիպված դադարեցվել են։ Կրակոցների հետեւանքով վնասվել են գործարանի նոր կառուցված սյուները, պատերը, պարիսպը, վարչական շենքը, ինչպես նաեւ շինարարական աշխատանքներին ներգրավված տեխնիկաները։ Աշխատակիցները հայտնել են, որ այդ օրը կրակոցներն արձակվել են տարբեր տրամաչափի զենքերից, կրակահերթերը եղել են նպատակային եւ թիրախավորված։

Նրանք Պաշտպանին պատմել են նաեւ, որ հաջորդ օրը՝ հունիսի 14-ի առավոտյան, գործարանի ակտիվ շինարարական աշխատանքները վերսկսվել են, մինչդեռ ժամը 11։00-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերը կրկին կրակոցներ են արձակել աշխատանք իրականացնողների ու տեխնիկայի վրա։ Ընդ որում, մարդիկ նշել են, որ կրակոցները եղել են կոնկրետ տեսակի դիպուկահար հրացաններից, քանի որ դրանք առավել թիրախավորված ու վնասաբեր են եղել։ Հենց այդ կրակոցների հետեւանքով բեկորային վիրավորում է ստացել գործարանի շինարարության վրա աշխատող Հնդկաստանի երկու քաղաքացի։ Աշխատողները նշել են, որ հազիվ են կարողացել վիրավորում ստացածներին դուրս բերել տարածքից, քանի որ ադրբեջանական զինվորները կրակոցներ են արձակել ինչպես վիրավորներին տեղափոխող, այնպես էլ կրակոցներից թաքնվող մյուս աշխատողների հետեւից։ Հիշյալ իրավիճակը քաղաքացիական օբյեկտների ու քաղաքացիական անձանց ակնհայտ եւ ուղղակի թիրախավորում է, ինչը կոպտորեն խախտում է ժամանակակից աշխարհում ընդունված իրավական չափանիշներն ու սկզբունքները, այդ թվում` միջազգային մարդասիրական իրավունքի պահանջները։

Տնօրինությունն ու աշխատողները գործարանի տարածքում շրջայցի ընթացքում ներկայացրել են կրակոցների հետեւանքները, գործարանի կրած վնասներն ու բազմաթիվ այլ մանրամասներ։

Պաշտպանն արձանագրում է, որ ադրբեջանական զինված ուժերի ագրեսիայի պատճառով խախտվում է գործարարների՝ միջազգայնորեն երաշխավորված եւ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված տնտեսական գործունեությամբ զբաղվելու իրավունքը։ Լրջորեն վտանգվում են հարյուրավոր քաղաքացիների աշխատանքային իրավունքները։

Պաշտպանը հանդիպել է նաեւ Երասխի բնակիչների հետ: Նրանք պատմել են, որ հունիսի 13-ին եւ 14-ին ադրբեջանական մարտական դիրքերից կրակոցները ինտենսիվ են եղել, կիրառվել են խոշոր տրամաչափի զենքեր: Կրակոցները գյուղում պարզ լսվել են, ինչն առաջացրել է անհանգստություն, տագնապ եւ լարված մթնոլորտ։

Բնակիչները նշել են, որ ադրբեջանական կողմն ուղիղ կրակ է բացել նաեւ բնակավայրի կենտրոնում՝ Մ-2 միջպետական ավտոճանապարհին տեղադրված Հայաստանի դրոշի ուղղությամբ, ինչի հետեւանքով այն վնասվել է։

Պաշտպանն այցելել է նաեւ Արարատի բժշկական կենտրոն, որտեղ տեսակցել է ադրբեջանական կրակոցներից վիրավորում ստացած Հնդկաստանի երկու քաղաքացիներին՝ Մուհամադ Ասիֆին եւ Միրհասան Սահաջանին։

 

 

 

 

 

 

ԱՆՄԽԻԹԱՐ ՎԻՃԱԿ՝ ԿԵՆՏՐՈՆԻ ԲԱԿԵՐՈՒՄ

Երեւանի բարեկարգ լինելու մասին քաղաքային իշխանությունները միայն խոսում են: Իրական կյանքում Երեւանցին ապրում է փնթիության պայմաններում: Սրանում համոզվելու համար մեր խմբագրության որեւէ աշխատակից հեռու գնալու կարիք չունի. հենց մեր խմբագրության բակը անխնամ, փնթի վիճակում է:

Կենտրոն վարչական շրջանի պատասխանատուներին տարբեր առիթներով ներկայացրել ենք խնդիրը, բայց զրո արձագանք. ծառերը չեն էտվում, միջատների դեմ փչումներ չեն արվում:

Աբովյան 22ա հասցեում գտնվող բակում դուք տեսնում եք բակի պոկված ճաղավանդակները: Այնպիսի տպավորություն է, թե այստեղ պատերազմի հետեւանքներ են: Բնակիչներն, իհարկե, իրենց ուժերով կարգի բերում են, բայց երբեմն չի ստացվում ամբողջական պատկեր: Աղբահանությունն էլ դանդաղ է արվում, ոչ ժամանակին, գարշահոտությունը տարածվում է ամբողջ բակով: Դե իսկ մուտքի մասին խոսելն ավելորդ է. 10 տարի առաջ մեր ուժերով նորոգեցինք, կոկիկ, գեղեցիկ մուտք էր, հիմա կարծես ռմբակոծված լինի:

«Ժողովուրդ» օրաթերթը  հրապարակավ պահանջում է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանից այցելել մեր բակ, անհապաղ կարգավորել բակի փնթի, անխնամ վիճակը, այլապես լրատվականի անձնակազմը կզբաղվի դրանով՝ ամեն օր դետալներով ներկայացնելով վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանի անգործությունը:

Մենք 10 օր ժամանակ ենք տալիս Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանին. ժամանակը գնաց, բարի՛ եղեք կատարել ձեր պարտականությունները, որի համար աշխատավարձ  եք ստանում:

 

 

 

 

ՔՊ-ԱԿԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐԸ

ՀՀ Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի՝ 2021 թվականին հայտարարագրված 2008 թվականի արտադրության Nissan մակնիշի մեքենան 2022 թվականի հայտարարագրում փոխարինվել է 2013 թվականի արտադրության Ford մակնիշի մեքենայով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 4 մլն դրամ արժողությամբ ավտոմեքենան Արթուր Հովհաննիսյանը գնել է Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանից։

Իշխանական խմբակցության քարտուղարի բանկային դրամական միջոցներն էլ են ավելացել 600 հազար ՀՀ դրամով՝ դառնալով 1 մլն 200 հազար դրամ: Նրա ընտանիքի անչափահաս անդամների եվ խնամակալության տակ գտնվող անձանց եկամուտները, նախորդ հայտարարագրում ներկայացված տվյալների համեմատ, ավելացել են 5 մլն 673 հազար դրամով՝ դառնալով 12 մլն 337 հազար դրամը, որից 7 մլն 837 հազարը Ազգային Ժողովի աշխատակազմից ստացած վարձատրությունն է, իսկ 4 մլն 500 հազար դրամը վարկ է «Հայէկոնոմ» բանկից, որը տարեվերջին մարվել է:

2022 թվականին հայտարարագրված ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 14 մլն 983 հազար՝ նախորդ տարվա համեմատ աճելով 1 մլն 954 հազար դրամով: Այսպիսով, 2022 թվականին Արթուր Հովհաննիսյանը հայտարարագրել է մեկ նոր մեքենա, իսկ նրա դրամական միջոցներն ավելացել են 8 մլն 227 հազար դրամով:

 

 

 

 

 

ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԱՆՑԱԿԵՏ

Վրաց-ռուսական սահմանի Վերին Լարս ավտոմոբիլային անցակետում ավարտվել են վերակառուցման աշխատանքները, այժմ ընդհանուր երթուղիների թիվը հասել է 39-ի։ Այս մասին  հայտնել են Միջազգային ավտոմոբիլային փոխադրողների ասոցիացիայի մամուլի ծառայությունից։

Գերատեսչության հաղորդագրության մեջ նշվում է, որ այս պահին վերակառուցման օբյեկտի ընդհանուր տեխնիկական պատրաստվածությունը կազմում է 80%։ Կառուցվել են 20 նոր շենքեր եւ շինություններ, տեղադրվել գրեթե 450 հազար տոննա մետաղական կոնստրուկցիաներ, անցկացվել 30 կմ արտաքին ինժեներական ցանցեր, ասֆալտապատվել «գրեթե ֆուտբոլի դաշտի չափ» տարածք՝ 5,5 հազար քառակուսի մետր։ Բացի դրանից, ապահովվել է նախագծով նախատեսված բոլոր 39 երթեւեկելի գոտիների շինարարական պատրաստվածությունը։

Նշվում է, որ թողունակությունը մեծացնելու եւ սուղ պայմանները հաշվի առնելով՝ կիրառվել է երթեւեկության գոտիների եւ անձնագրային հսկողության խցիկների յուրօրինակ դասավորություն՝ երթեւեկության գոտիների անկյունագծով։ Այս որոշումը հնարավորություն է տվել կյանքի կոչել տրանսպորտային հոսքերն ըստ տրանսպորտի տեսակների տարանջատման սկզբունքը եւ փոքր տարածքում տեղադրել անցակետի ընդլայնված ենթակառուցվածքը։

Այս տարվա մայիսի 25-ին ավելացվել է 11 նոր երթեւեկի գոտի, իսկ մինչեւ հունիսի 15-ը գործարկվել է եւս 3-ը, այսպիսով գործող գոտիների ընդհանուր թիվը կազմել է 39։ Միեւնույն ժամանակ, մեկ գոտի կլինի պահեստային եւ թույլ կտա փոխադրել շինանյութ՝ ավարտին հասցնելու այլ շինարարական աշխատանքները, այդ թվում՝ անցակետի բարեկարգումը, որը կտեւի մինչեւ այս տարվա վերջ։

Անցակետի արդիականացման աշխատանքներն իրականացվում են Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի անունից։ Այսպես, հունիսի 7-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ երկկողմ հանդիպման ժամանակ նա հայտարարեց Վրաստանի հետ սահմանային անցակետում մեքենաների տեղաշարժը 39 գոտիներով մինչեւ հունիսի 15-ը սկսելու մասին եւ նշեց, որ դա կվերացնի խցանումները եւ կապահովի բեռնատարների անցումը:




Լրահոս