Դավիթաշենի թաղապետի օգնականի կրակոցների գործով 3-րդ անձին են ձերբակալել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նրան ձերբակալել են խմբի կազմում սպանության փորձ կատարելու համար։ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռոման Համբարձումյանի օգնական Կորյուն Մխիթարյանի վրա կրակելու դեպքը բավականին խոր արմատներ ունի. միայն այն վարկածը չէ, որ քննում են իրավապահները:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Դավիթաշենի թաղապետի օգնական Կորուն Մխիթարյանն իր շրջապատի մի քանի մարդկանց հետ կռիվ է արել:
Մասնավորապես՝ թաղապետի օգնականը ծեծի է ենթարկել Կոտայքի մարզի մի բնակչի՝ Ս. Ս.-ին՝ կոտրելով նրա ոտքերը:
Ու թեեւ իրավապահները քննում են վարկած, թե թաղապետի օգնականը հողակտորում շինարարության համար է կռվի մեջ ընկել, որ կրակել են նրա վրա, այնուամենայնիվ, պարզվում է՝ դրանից առաջ էլ կա նախապատմություն.
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Ռոման Համբարձումյանի օգնականի վրա ուղղված մայիսի 19-ի կրակոցների գործով իրավապահները իրական կրակողին մինչ օրս չեն գտել եւ որոշել են կալանավորել Կոտայքի բնակիչ Ս. Ս.-ին, որպեսզի իրական կրակողը գա, ներկայանա: Կասկածներ ունեն, որ ոտքերը կոտրած քաղաքացու մտերիմներն են հաշվեհարդար տեսել թաղապետի օգնականի նկատմամբ:
Տեղեկացանք, որ երեկ երկու անձի դարձյալ ձերբակալել են սպանության փորձին իբրեւ օժանդակելու համար, որոնցից մեկը նույնիսկ Երեւանում չի եղել դեպքի օրը։
Ի դեպ, դատարանը չկալանավորեց երկու ձերբակալվածներին։
Մեզ հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ իրավապահների մոտ տվյալներ կան՝ միջադեպի օրը Դավիթաշենի թաղապետ Ռոման Համբարձումյանի օգնական Կորյուն Մխիթարյանն է առաջինը մեքենայից կրակոցներ արձակել, երբ փայտերով հարձակվել են իր մեքենայի վրա։ Ինչ զենքով է կրակել՝ մեզ դեռ չհաջողվեց պարզել:
Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի 19-ին մի խումբ անձինք, դարանակալելով «Վոլսկվագեն տուարեգ» մակնիշի ավտոմեքենային, որի ղեկին եղել է թաղապետի օգնական Կորյուն Մխիթարյանը, մահակներով վնասել են հիշյալ ավտոմեքենան, իսկ 30-ամյա տղամարդն իր մոտ գտնվող հրազենով կրակել է ավտոմեքենայի ուղղությամբ, որի հետեւանքով թաղապետի օգնականի թիկունքային հատվածում պատճառվել է մարմնական վնասվածք:
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի հայտնած տեղեկության՝ դեպքին մոտ 2-3 ամիս առաջ նախորդել է հողակտորի հարցի շուրջ 41-ամյա տղամարդու եւ մի 30-ամյա տղամարդու միջեւ սուր վիճաբանություն։
Ըստ ArmLur.am-ին հասած տեղեկությունների՝ քաղաքացին հողակտոր է ունեցել, որի վրա շինարարություն է կատարել, եւ թաղապետ Ռոման Համբարձումյանի օգնական Մխիթարյանը (չի բացառվում՝ հենց Ռոման Համբարձումյանի հանձնարարությամբ) անընդհատ միջամտել է, խոչընդոտել քաղաքացուն: Թաղապետի տեղակալ Հրաչյա Հակոբյանը մեզ հետ զրույցում պնդում է, որ թաղապետի օգնականը հողակտորի զավթման հետ որեւէ առնչություն չունի եւ չի ունեցել, եւ իրենց համար կատարվածը առեղծված է:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՊՆ-Ն ՈՒ ՕՏԱՐՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ
Պաշտպանության նախարարության պաշտոնատար անձինք, 2014 թվականի հուլիսի 24-ին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով, խախտելով մի շարք կարգավորումներ, նախարարությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված՝ Տավուշի մարզի Բերդ համայնքի Նավուր գյուղում գտնվող 1198,09 քմ մակերեսով անշարժ գույքը եւ «հատուկ նշանակության» 6.0536 հա հողամասն ուղղակի վաճառքով 8 մլն 717 հազար 184 դրամով օտարել են քաղաքացի Ա.Ս.-ին:
Զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից 2023 թվականի ընթացքում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ քաղաքացի Ա.Ս.-ն գույքը ձեռք բերելուց հետո՝ 2017 թվականի հուլիսի 17-ին, «հատուկ նշանակության» հողամասը եւ շինությունները, այդ թվում՝ զորանոցը, 400 հազար դրամով վաճառել է մեկ այլ քաղաքացու՝ Վ.Գ.-ին: Վ.Գ.-ն ձեռք բերված անշարժ գույքը 2018 թվականի հունվարի 11-ին գրավադրել է բանկում 11 մլն դրամով, իսկ 2022 թվականի օգոստոսի 9-ին՝ 86 մլն 500 հազար դրամով (ձեռք բերման գնից տասն անգամ թանկ):
Ուսումնասիրությամբ տվյալներ են ձեռք բերվել նաեւ այն մասին, որ «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Ա.Ա.-ն, անտեսելով Կադաստրի կոմիտեի 2014 թվականի հուլիսի 4-ին տրված տեղեկանքը, համաձայն որի՝ վերոնշյալ հողամասը «հատուկ նշանակության» է, վավերացրել է պայմանագիրը, Կոմիտեի աշխատակիցներն իրականացրել են իրավունքների պետական գրանցում՝ քաղաքացուն տալով սեփականության իրավունք, իսկ Պաշտպանության նախարարության պաշտոնատար անձինք պետական սեփականության հողամասն օրենքի խախտմամբ վաճառել են քաղաքացուն:
Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ պարզված հանգամանքներն առերեւույթ պարունակում են Քրեական օրենսգրքով նախատեսված արարքի հատկանիշներ՝ դատախազությունը 2023 թվականի հունիսի 8-ին ուսումնասիրության արդյունքներն ուղարկել է Հակակոռուպցիոն կոմիտե քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար:
2023 թվականի հունիսի 9-ին Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը):
ՊԵԿ-Ը ԿԱՆԽԵԼ Է
ՀՀ ՊԵԿ արեւելյան մաքսատուն-վարչության Գոգավան-Պրիվոլնոյեի մաքսային կետ-բաժնի մաքսային ծառայողների իրականացրած ուսումնասիրության արդյունքում հսկողություն է սահմանվել Ղրղզստանի Հանրապետությունում հաշվառված երկու բեռնատար տրանսպորտային միջոցի նկատմամբ։ Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից:
Այսպես, ԵԱՏՄ մաքսային օրենսդրության պահանջների համաձայն՝ օրերս մաքսային կետ-բաժնում հսկողություն իրականացնելու նպատակով նշված բեռնատար տրանսպորտային միջոցներն ուղարկվել են խորը զննման անգար։ Պարզվել է, որ տարանցման հայտարարագրերում բեռների վերաբերյալ տեղեկատվությունը ճշգրիտ չէ։
Տրանսպորտային միջոցներից մեկում հայտնաբերվել է շուրջ 4300 կգ ընդհանուր քաշով չհայտարարագրված ապրանք՝ հագուստ, կոշիկ, ռետինե խողովակներ, պաստառներ, ճամպրուկներ:
Պարզվել է նաեւ, որ ուղեկցող փաստաթղթերում ներկայացված ապրանքների եւ փաստացի առկա ապրանքների քաշերի մեջ կա անհամապատասխանություն. հայտարարագրված է եղել 17 522 կգ, սակայն ապրանքների իրական քաշը կազմել է 13 296 կգ:
Մյուս բեռնատար տրանսպորտային միջոցի մաքսային զննման արդյունքում հայտնաբերվել է չհայտարարագրված 2.300 կգ քաշով նոր հագուստ։ Պարզվել է նաեւ, որ տարանցման հայտարարագրում նշված են եղել ոչ ճշգրիտ տեղեկություններ։ Մասնավորապես, հայտարարագրվել է 3.290 կգ կոկոսի մանրաթելի քաթան, սակայն բեռնատարի մեջ տվյալ ապրանքի փաստացի քաշը կազմել է 572 կգ։
Փաստերի առթիվ կազմվել են մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություններ՝ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 316 հոդվածի հատկանիշներով։
Ապրանքները հիմնականում Ղրղզստանի, Չինաստանի, Ուզբեկստանի եւ Ռուսաստանի Դաշնության արտադրանք են: Բեռնատարները կապարակնքվել են եւ կայանվել Գոգավան-Պրիվոլնոյեի մաքսային կետ բաժնի տարածքում։