Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադարձել է «Վեոլիա ջուր» ընկերությանը՝ նշելով, որ վերջինս օգտվում է ստեղծված իրավիճակից, եւ մի շարք բնակավայրերում բնակիչները խմելու ենթակա ջուր չունեն: Մակարյանի խոսքով՝ պետք է հարցին լուծում տալ, ոչ թե խնդիրները գցել իրար վրա:
-Պարո՛ն Մակարյան, երեւանցիները շատ են բողոքում «Վեոլիա ջուր» ընկերությունից: «Ժողովուրդ» օրաթերթը եղել է մի քանի հասցեներում, որտեղից եկել են բողոքները. վիճակն ահավոր է: Այս մասին ի՞նչ կասեք:
-«Վեոլիա ջուր»-ը ժամանակակից ընկերություն է: Այն ֆրանսիական կազմակերպություն է՝ ներկայացված Հայաստանում: Իր գործողությունները պետք է լինեն ժամանակակից տեխնոլոգիաներով եւ այնպիսի մենեջմենթով, այնպիսի որակով, որը հարիր է նման կազմակերպությանը: Ցավոք սրտի, երբ մենք խորանում ենք կոնկրետ գործողությունների մեջ, որոնց հատկապես տնտեսվարողներն են առնչվել (տարբեր շինարարական տեխնոլոգիաների, թույլտվությունների հետ կապված), մենք տեսնում ենք, որ «Վեոլիա ջուր»-ը նման է մի կազմակերպության, որը ներկայացնում է հանրային ծառայության կարգավորման հանձնաժողովի կողմից սահմանված գները:
Ես նաեւ տեսնում եմ մեկ այլ թյուր իրավիճակ, երբ կոյուղաջուրը լցվում է տները, «Վեոլիա»-ն ասում է՝ դա քաղաքապետարանի խնդիրն է, բայց սա նաեւ այլ պետական մարմինների խնդիրն է: Առողջապահության նախարարությունը եւս պետք է արձագանքի, հայտարարություն տարածի, որ դրանք հիվանդությունների աղբյուր են: Բնակիչը մեղավոր չէ: Բնակչին հետաքրքիր է լուծումը, բնակիչը պարտավոր չէ իմանալ, թե որ հարցով որ մարմնին պիտի դիմի: Այսինքն՝ մարմինների այս անտարբերությունը շարունակում է մեզ մոտ կայուն մնալ, ցավոք սրտի, երբ մի մարմինը պատասխանատվությունը գցում է մեկ այլ մարմնի վրա, որը բերում է նման դժգոհությունների ու խնդիրների:
-Ի՞նչն է պատճառը, որ հենց այս սեզոնին են հիմնականում առաջ գալիս նման խնդիրները:
-Ամառվա շրջանում կարող են ավելանալ նաեւ ծախսերը՝ կոյուղու օգտագործման հետ, մարդկանց պահածոներ փակելու հետ կապված, ըստ այդմ՝ ավելի շատ ջուր են օգտագործում, քան ձմռանը:
Մեկ այլ պատճառ է այն, որ Երեւանում ու մարզերում շատ մեծ թափով շինարարական աշխատանքներ են իրականացվում, եւ մեր կոյուղու համակարգը չի նախատեսված այդպիսի հզորությունների համար: Եւ փոխարենը զուգահեռ պրոցեսներ գնան, ես կոչ կանեի կառավարությանը, որ պետությունը ինքը վարկավորի, որ ժամանակին կառուցվի կոյուղին, քանի որ դրանք «Վեոլիա ջուր»-ի ուժերից վեր են:
Զրուցեց ՄԱՇԱ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ
«ԳԱԶԵԼ»-ՆԵՐԸ ԿՀԱՆՎԵՆ
Երեւան քաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների շրջանակներում շարունակվում է միկրոավտոբուսային հնամաշ շարժակազմի արդիականացումը, եւ մինչեւ հուլիսի 15-ը իրականացվելու են փոփոխություններ։
Երեկ՝ քաղաքապետարանի գործակարգավարական հերթական նիստի ժամանակ, հայտարարեց Երեւանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը։
Հուլիսի 1-ից կփոխարինվի 9 երթուղի, որոնցից մեկը կսպասարկվի «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսներով։ Արդեն իսկ շահագործումից կհանվի 217 հնամաշ «Գազել», որը կկազմի իրականացվող բարեփոխման 60 տոկոսը։
«Հուլիսի 1-ից նոր երթուղի դուրս կգա համար 2 ավտոբուսը, որը կփոխարինի համար 1 միկրոավտոբուսին, ամբողջությամբ երթուղին կպահպանվի, կգործի միջինը 10 րոպեում, կսպասարկվի «Ժոնգտոնգ» ավտոբուսներով։ 19 եւ 29 համարի միկրոավատոբուսային երթուղիներին կփոխարինի 36 ավտոբուսային երթուղին, որը գաջագործների փողոցը կկապի Արագածի փողոցին, ինչպես նաեւ՝ Կենտրոն վարչական շրջանի հետ, կգործի միջինը 10 րոպե հաճախականությամբ։ Համար 25 միկրոավտուբուսային երթուղին կփոխարինվի 37 ավտոբուսային երթուղով, ամբողջությամբ երթուղին կպահպանվի, կլինեն «Ժոնգտոնգ» ավտոբուսները։ 28 համարի միկրոավտոբուսի փոխարեն կսկսի գործել 40 համարի ավտոբուսային երթուղին, իրականացվել է երթուղու փոփոխություն՝ Չարենց եւ Նար-Դոս փողոցներով կգործի, կլինեն «Ժոնգտոնգ» ավտոբուսները»,- մանրամասնեց նա։
Ըստ նրա՝ հաջորդիվ համար 50 միկրոավտոբուսային երթուղին կփոխարինվի համար 50 ավտոբուսային երթուղով, միջինում կգործի 14 րոպե, «Ժոնգտոնգ» ավտոբուսներով. «75 Ա միկրոավտոբուսին կփոխարինի 75 ավտոբուսային երթուղին՝ ամբողջությամբ նոր ուղեգծով, միջինում կգործի 10 րոպե։ 114 համարի միկրոավտոբուսային երթուղուն կփոխարինի համար 25 ավտոբուսը նույն ուղեգծով, կլինեն «Ժոնգտոնգ» ավտոբուսները, 12 րոպե հաճախականությամբ, համար 35 միկրոավտոբուսային երթուղուն կփոխարինի 12 ավտոբուսային երթուղով, կիրականացվի շարժակազմի ավելացում, հաճախականությունը կլինի 12 րոպե»։
Հարությունյանի խոսքով՝ հուլիսի 1-ից 41 ավտոբուսային երթուղին կսպասարկվի «ՄԱՆ» տիպի ավտոբուսներով, կդադարեցվի 34 համարի երթուղու շահագործումը, քանի որ կրկնում է 52 ավտոբուսային երթուղուն։ Կդադարեցվի նաեւ համար 9 ավտոբուսային երթուղին, որին կփոխարինեն համար 5, 22, 20 երթուղիները։
ԹԱՔՑՐԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾ՝
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւան քաղաքի նստավայրում, դատավոր Սամվել Մարդանյանի նախագահությամբ, ընթանում է Բերդ համայնքի Իծաքար գյուղի բնակիչ, 1992 թվականին ծնված Գեղամ Արթուրի Գինովյանի դատավարությունը։ Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ թիվ Ն զորամասի պայմանագրային զինծառայող, դասակի հրամանատար, ի պաշտոնե հնարավորություն ունենալով առնչվելու պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների եւ փաստաթղթերի, ինչպես նաեւ ռազմական բնույթի այլ տեղեկությունների հետ, լրտեսության, օտարերկրյա պետության ներկայացուցիչներին ռազմական բնագավառում պետական, ծառայողական գաղտնիք հանդիսացող եւ ռազմական բնույթի այլ տեղեկություններ հանձնելու, թշնամական գործունեություն իրականացնելու համար օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչին այլ օգնություն ցույց տալու եղանակներով կատարել է պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության եւ արտաքին անվտանգության։ Գ. Գինովյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով։ Սույն հոդվածը որպես պատիժ նախատեսում է 15-20 տարի ժամկետով ազատազրկում կամ ցմահ ազատազրկում։ Գ. Գինովյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Սույն քրեական գործի վերաբերյալ տեղեկատվությունը դատական տեղեկատավական «Դատալեքս» կայքում թաքցված է։
ԲԺԻՇԿՆԵՐԻ ԵՎ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱԿԱՍ
Տավուշի մարզի առողջապահական հիմնարկներում բժիշկ-մասնագետների պակաս է զգացվում։ Մարզում բժիշկներ կան, որոնք վաղուց կենսաթոշակային տարիքի են, սակայն փոխարինող բժիշկ չլինելու պատճառով շարունակում են աշխատել։ Տավուշի մարզպետարանի տվյալներով՝ Տավուշի մարզպետարանի ենթակայությամբ գործում է 21 բժշկական հաստատություն, դրանց աշխատակիցների ընդհանուր թիվը 638 է, որից կենսաթոշակի տարիքի են 96-ը։ Բժիշկների պակասությունն առկա է առողջապահական հետեւյալ հիմնարկներում՝ «Իջեւանի ԲԿ» – մանկական անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ-1 հաստիք, շտապ օգնության բժիշկ-4, քիթ-կոկորդ-ականջաբան-1, «Իջեւանի ԱԱՊԿ»-ընտանեկան բժիշկ-2, «Արծվաբերդի ԱԿ» ՊՈԱԿ-մանկաբույժ-1, «Մովսեսի ԱԱՊԿ» ՊՈԱԿ-մանկաբույժ-1, «Նոյեմբերյանի ԲԿ» ՓԲԸ- թերապեւտ-1, հեմոդիալիզի բժիշկ-1, նյարդաբան-1, սրտաբան-1, մանկաբույժ-1, վիրաբույժ-1, շտապ օգնության բժիշկ-1, «Բագրատաշենի ԳԲԱ» ՊՈԱԿ- ընտանեկան բժիշկ-1, ինչպես նաեւ 4 ընտանեկան բժիշկ-տնօրեն՝ Ներքին Կարմիրաղբյուրի, Արծվաբերդի, Խաշթառակի, Ազատամուտի ԱԱՊԿ-ներում։ Սահմանամերձ մարզում նաեւ ուսուցիչների պակաս կա։ Տավուշի մարզի հանրակրթական 76 դպրոցներում ընդհանուր առմամբ աշխատում են 1830 ուսուցիչ եւ ուսուցչի օգնական, բազմաթիվ ուսուցիչներ չունեն բարձրագույն մանկավարժական կրթություն։ Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում առկա է ուսուցչի 27 թափուր հաստիք՝ տարբեր առարկաների գծով։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ