Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բահրեյնի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նասեր Մուհամմադ Յուսուֆ Ալ-Բելուշիին (նստավայրը՝ ք. Հռոմ):
Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ իր առաքելության մեջ: Փոխվարչապետն ընդգծել է, որ երկու երկրների առևտրատնտեսական կապերի զարգացման մեծ ներուժ կա:
Մհեր Գրիգորյանը ներկայացրել է դեսպանին ներդրողների համար Հայաստանի առավելությունները, խոսել տարածաշրջանային ենթակառուցվածքային և էներգետիկ խոշոր ծրագրերում Հայաստանի մասնակցության հնարավորությունների մասին:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Բահրեյնի երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավոր ուղղությունները: Կողմերը պատրաստակամություն են հայտնել համատեղ ջանքեր գործադրելու հայ-բահրենյան հարաբերությունների խորացման ուղղությամբ՝ այդ համատեքստում ընդգծելով միջկառավարական հանձնաժողովի ձևավորման անհրաժեշտությունը: