ՅՈՒՆԵՍԿՕ-Ն ՆՇՈՒՄ Է ՇՆՈՐՀԱԼՈՒ 850-ԱՄՅԱԿԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, հունիսի 28-ին կայացել է Ներսես Շնորհալու 850-րդ տարելիցին նվիրված եզրափակիչ միջոցառումը՝ «Հովեր» երգչախմբի համերգը։

 

Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, hամերգին ներկա էին ՅՈԻՆԵՍԿՕ-ում հավատարմագրված դեսպաններ, հրավիրված հյուրեր, Ֆրանսիայի գիտական շրջանակների ներկայացուցիչներ, քույր եկեղեցիների հոգեւոր հայրեր:

Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Էդուարդո Ֆիրմին Մատոկոն, ՀՀ մշտական ներկայացուցչության ղեկավար Քրիստիան Տեր-Ստեփանյանը: Մայր Աթոռի թանգարանների եւ արխիվի տնօրեն Հոգեշնորհ Տ. Ասողիկ աբեղա Կարապետյանը միջոցառման մասնակիցներին փոխանցել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի ողջույնի խոսքը:

Ողջունելով ներկաներին՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ Սուրբ Ներսես Շնորհալին իր անփոխարինելի տեղն է զբաղեցնում հայոց միջնադարի հոգեւոր պատմության մեջ.

«Չափազանց հարուստ, բազմաժանր ու բազմաբովանդակ է Շնորհալու գրական ու աստվածաբանական ժառանգությունը: Շնորհալին հայ քնարերգության մեջ մի շարք ժանրերի հեղինակ է եւ ամենամեծ շարականագիրն է: Ներսես Շնորհալին հեղինակել է հարյուրավոր օրհներգեր, որոնք հարստացրել են հայ եկեղեցու պատարագների եւ ժամերգությունների երգասացությունները, կատարելագործել է հոգեւոր երգերի եղանակները, բարեկարգել եւ ճոխացրել եկեղեցական պաշտոներգությունը»:

Նախարարի նշմամբ՝ Հայրապետին նվիրված այս արարողությունն ավելին է, քան հանդիսությունը։ Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ ներկայիս աշխարհաքաղաքական մարտահրավերները, ռազմական ընդհարումների ժամանակ մշակութային համամարդկային արժեքների՝ հազարամյա կոթողների փաստացի ոչնչացումը այլ խորհուրդ են հաղորդում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց եւ կարեւոր իրադարձությունների՝ 2022-2023 թվականների օրացույցում ընդգրկված Ներսես Շնորհալու հիշատակի միջոցառումներին. «Համոզված ենք, որ մշակութային, կրոնական ու հոգեւոր արժեքների անձեռնմխելիությունը պետք է բարձրագույն եւ անխախտ սկզբունք լինի բոլոր ազգերի ու պետությունների համար։ Աշխարհաքաղաքական ալեկոծումները, քաղաքական հակասությունները եւ ռազմական ընդհարումները չեն կարող սպառնալիք լինել այնպիսի արժեքների համար, որոնց ստեղծումն ու պահպանումը հազարավոր սերունդների հոգեւոր սխրագործության ու հումանիստական արժեքների բարձր գիտակցության դրսեւորում են։ Սուրբ Ներսես Շնորհալուն նվիրված այս միջոցառումն այնպիսի բարձր միջազգային հարթակում, ինչպիսին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանն է, մեզ համար ունի մշակութային ժառանգության պահպանման համընդհանուր պատասխանատվության ուղերձի նշանակություն: Ի՞նչ կմնար Ներսես Շնորհալու ժառանգությունից, եթե այդ ժառանգության հետ վարվեին այնպես, ինչպես այսօր վարվում են Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության հետ. ոչինչ »,- նշել է ԿԳՄՍ նախարարը եւ շարունակել:

Ավարտելով խոսքը՝ նախարարը շնորհակալություն է հայտնել բոլոր կազմակերպիչներին եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարությանը նման հնարավորություն ստեղծելու եւ միջոցառման կայացմանն աջակցելու համար:

Միջոցառման բացման բանախոսներն արժեւորել եւ կարեւորել են Ներսես Շնորհալու ստեղծագործական ժառանգությունը, նրա դերակատարությունը համաքրիստոնեական արժեքների տարածման գործում։

Ողջույնի խոսքերին հետեւել է համերգային ծրագիրը, որը կազմված էր հայ հոգեւոր միջնադարյան շարականների, Կոմիտասի եւ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններից։ Երգչախումբը ներկայացրել է նաեւ եվրոպական հոգեւոր երաժշտություն։ Համերգն ուղեկցվել է թեմատիկ տեսաշարով։

 

 

 

 

ԸՄԲԻՇՆԵՐՆ ԱՎԱՐՏԵՑԻՆ ԵԼՈՒՅԹՆԵՐԸ

Հունահռոմեական ոճի երիտասարդ ըմբիշները եւս երկու մեդալ են նվաճել Իսպանիայում ավարտին մոտեցող Մ20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում:

60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթողի տիտղոսի համար գոտեմարտել է Վրաստանը ներկայացնող Անրի Խոզրեւանիձեի հետ եւ 1-6 հաշվով պարտություն կրելով՝ բավարարվել է արծաթե մեդալով:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Գասպար Տերտերյանը (67 կգ) բրոնզե մեդալ է նվաճել՝ 5-4 հաշվով տպավորիչ հաղթանակ տանելով Ֆրանսիայի ներկայացուցիչ Մագոմեդ Գատագաեւի նկատմամբ:

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը 1 ոսկե, երկուական արծաթե եւ բրոնզե մեդալներով ավարտեց ելույթները Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնությունում: Հայաստանը 4-րդն է թիմային հաշվարկում:

Թիմն առաջնությանը մասնակցում էր մարզիչներ Մովսես Կարապետյանի, Արմեն Առաքելյանի, Տիգրան Սահակյանի եւ Ժորա Վարդանյանի ղեկավարությամբ:

 

 

 

 

ԲԱՐԵԼԱՎԵԼ Է ԴԻՐՔԵՐԸ

ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման վարկանիշային աղյուսակը։

Հայաստանի ազգային հավաքականն առաջադիմել է 7 հորիզոնականով եւ զբաղեցնում է 90-րդ հորիզոնականը։

Աղյուսակի առաջին հորիզոնականը զբաղեցնում է աշխարհի չեմպիոն Արգենտինան։ Նրան հաջորդում են Ֆրանսիան, Բրազիլիան, Անգլիան եւ Բելգիան։

 

 

 

 

ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՆ ՁԵՌՆՈՒՆԱՅՆ

Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց ընտրանին ձեռնունայն է վերադառնում Եվրոպական երրորդ խաղերից:

Լեհաստանում ընթացող Եվրոպական խաղերի բռնցքամարտի մրցաշարում կայացան քառորդ եզրափակիչ մենամարտերը:

Հայաստանի հավաքականից նախ պարտություն կրեց Արթուր Բազեյանը` զիջելով բուլղար մարզիկի, այնուհետ անհաջող մենամարտ ունեցավ Գուգեն Մադոյանը եւ գերծանր քաշային կարգում պարտվեց Դավիթ Չալոյանը:

Հայաստանի հավաքականի ոչ մի ներկայացուցիչ դուրս չեկավ Եվրոպական խաղերի կիսաեզրափակիչ, որը նաեւ Փարիզի 33-րդ օլիմպիական խաղերի ուղեգիր կապահովեր մարզիկների համար:

Ավելի վաղ անհաջող էր հանդես եկել նաեւ Հայաստանի բռնցքամարտի կանանց ընտրանին: Կանանց թիմի բոլոր մասնակիցները պարտվել էին մեկնարկային մենամարտերում:

 




Լրահոս