Քաղաքացիների մեծամասնությունը համաձայն չէ Նիկոլ Փաշինյանի այն տեսակետի հետ, թե Հայաստանի պետական խորհրդանիշները պետք է փոփոխվեն:
Հիշեցնենք, որ հունիսի 15-ին ԱԺ-ում 2022 թ. պետ.բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ իր ելույթում Նիկոլ Փաշինյանը մի քանի հնչեղ հայտարարություն արեց, որոնք վերաբերվում էին պետական խորհրդանիշներին։ Նա հայտարարեց, թե ՀՀ պետական խորհրդանիշները կապ չունեն 1991 թ. հիմնած պետության հետ, դրանք պետք է փոփոխվեն:
Gallup international ընկերության անցկացրած հարցումները ցույց են տալիս, որ ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը համաձայն չէ Փաշինյանի հետ:
Այսպիսով՝ քաղաքացիների շուրջ 88.3%-ը կարծում է, որ մեր պետական դրոշը փոխելու կարիք չկա, 3.7%-ը դժվարանում է պատասխանել այս հարցին, եւ միայն 8%-ն է կարծում, որ մեր դրոշը փոփոխել է պետք:
Ինչ վերաբերվում է մեր պետական օրհներգին՝ հարցմանը մասնակցած քաղաքացիների 79.5%-ը կարծում է, որ այն փոխելու կարիք չկա, 3.9%-ը դժվարանում է պատասխանել, իսկ 16.5%-ը համամիտ է Փաշինյանի հետ, կարծում է, որ օրհներգը փոփոխության պետք է ենթարկվի:
Զինանշանի մասով՝ քաղաքացիների 84.5%-ը կարծում է, որ այն չպետք է փոփոխվի, 11.5%-ը դժվարանում է պատասխանել, իսկ 4.1%-ը կարծում է, որ զինանշանը պետք է փոփոխվի։
Քրիստինա Մուշեղյան