Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Արցախի լարված իրավիճակի եւ Արայիկ Հարությունյանի վերջին հայտարարության մասին:
-Անմիջապես ու անընդհատ փնտրել տեղեկություն, քան պաշտոնական լրահոսն է, հիմա արդեն ավելորդ է Արցախում, որովհետեւ դա ամենօրյա ռեժիմով է տեղի ունենում: Առհասարակ, մեր գյուղատնտեսական համակարգն է ամբողջովին խանգարված: Այս փոքրիկ տարածքում նույնիսկ բավականին շատ հողատարածքներ կան, որոնք չեն մշակվում հենց թշնամու կրակոցների պատճառով, քանի որ հնարավոր չի այդ տեղերում աշխատանքներ իրականացնել: Ես վաղուց արդեն չեմ հիշում գեթ մեկ օր, որ թշնամին թույլ չտա իրեն խախտել հրադադարի ռեժիմը, եւ գյուղացին կարողանա հանգիստ կատարի իր աշխատանքը: Ընդհանուր առմամբ, մենք անընդհատ այս իրավիճակում ենք:
-Իսկ բնակչությանը որեւէ վնաս պատճառվե՞լ է:
-Բնականաբար, միշտ էլ լինում է, եւ պաշտոնական լրահոսն այդ մասին ասում է: Օրինակ՝ մարդկային կորուստ կարող է չլինել, բայց լինի գյուղատնտեսական աշխատանքների դադար, իսկ դա արդեն իսկ իրենից վնաս է ներկայացնում: Իրենք շատ հաճախ նաեւ տեխնիկան են վնասում, կրակոցները նաեւ բնակելի տարածքին են մոտ լինում, որի պատճառով վնասվում են բնակելի տներ, ինչը եւս պատճառ է դառնում տների վնասման ու երբեմն էլ ինչ-որ հատվածների փլուզման: Դա պարբերական բնույթ է կրում, եւ ամեն օր առիթ է սա հանդիսանում, որ մեզնից հեռու գտնվողները, մեր հայրենակիցները Հայաստանում ի վերջո եւս պատկերացնեն, որ, հումանիտար խնդիրներից բացի, կա նաեւ այլ խնդիր: Այստեղ բառիս բուն իմաստով պատերազմ է, եւ այն կանգ չի առել:
-Հայտնի է դարձել նաեւ, որ Արայիկ Հարությունյանը պատրաստվում է Բաքվի հետ երկխոսության գնալ: Այս ամենը ու՞ր է տանում՝ ըստ Ձեզ: Ի՞նչ կարելի է սպասել:
-Անկեղծ ասած, վերջին շրջանում Արցախի իշխանությունների, մասնավորապես՝ նախագահի պահվածքը խիստ տարակուսելի է եւ անհանգստացնող: Նախ իրենց ուղերձներում եւ իրենց հայտարարություններում իրենք արտահայտում են այն միտքը, ինչ մենք ենք արտահայտում, եւ այն, ինչը ժողովրդի կամքն է, այն է երկխոսության չբռնվել Ադրբեջանի հետ, քանի որ այն ուղիղ ծուղակ է Արցախի համար այն առումով, որ նման փորձ արդեն ունեն Արցախի իշխանությունները, երբ, իբրեւ թե, հիմնավորել է, որ հումանիտար հարցերի շուրջ են գնում քննարկման, ինչի արդյունքում իրենք, կարծում եմ, որ պետք է համոզվեին, որ Ադրբեջանն ունի ընդամենը մեկ օրակարգ, այն է՝ Արցախի բռնակցումը Ադրբեջանին, ինչին որ սատարում են նաեւ Հայաստանի իշխանությունները:
Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
ՊՈՒՏԻՆԻՆ ԱՅԼԵՎՍ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՉԷ
Կրեմլը չի հետաքրքրվում «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր եւ ղեկավար Եվգենի Պրիգոժինով այն բանից հետո, երբ նա Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջնորդությամբ դադարեցրել է զինված խռովությունը. այդ մասին ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Մենք չենք հետեւում նրա [Պրիգոժինի] տեղաշարժին, մենք ո՛չ դրա հնարավորությունն ունենք, ո՛չ էլ ցանկությունը»,- հայտարարել է Պեսկովը:
«Վագներ» մասնավոր զինվորական ընկերությունը հունիսի 23-ի երեկոյան հայտարարեց, որ ՌԴ պաշտպանության նախարարության ստորաբաժանումները հրթիռակոծել են վարձկանների ճամբարներն ու դիրքերը։ Այդ ընկերության հետ կապված ալիքները հայտնում էին «բազմաթիվ զոհերի մասին»։ Հրթիռակոծությանը հաջորդեց ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինի հայտարարությունն այն մասին, որ իրենք ուղիղ հակամարտություն են սկսում ՌԴ ռազմական ղեկավարության հետ։
ՌԴ քննչական կոմիտեն արդեն իսկ ռազմական հեղաշրջման փորձի մեղադրանք է առաջադրել Պրիգոժինին: Իսկ արդեն հունիսի 24-ի առավոտյան Պուտինը ուղերձով դիմեց Ռուսաստանի քաղաքացիներին՝ Եվգենի Պրիգոժինի հեղաշրջման փորձն անվանելով «դավաճանություն», ինչպես նաեւ «հարված Ռուսաստանի թիկունքին»։
Պուտինը տեղի ունեցածը համեմատել է 1917 թվականի իրադարձությունների հետ եւ խոստացել, որ բոլորը, որոնք «կանգնել են դավաճանության ճանապարհին, կպատժվեն»։
«Կձեռնարկվեն վճռական գործողություններ Դոնի Ռոստովում իրավիճակի կայունացման ուղղությամբ։ Այն դեռեւս բարդ է։ Փաստացի արգելափակված է քաղաքացիական եւ ռազմական կառավարման մարմինների աշխատանքը»,- հայտարարել է Վլադիմիր Պուտինը։
Սակայն հիմա հարց է առաջանում՝ ի՞նչն է պատճառը որ Մոսկվան այլեւ չի հետաքրքքրվում Պրիգոժինով, մինչդեռ մինչեւ նրա՝ Բելառուս մեկնելը պաշտոնական Մոսկվան ոչ միայն պարբերաբար անդրադառնում էր նրա գործողություններին, այլեւ խոստանում, որ կպատժվի: Իսկ այսօր Պրիգոժինը ոչ միայն չի պատժվել, այլեւ Պուտինը դադարել է հետաքրքրվել նրանով: Գուցե պատճառն այն է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն թույլ չի տվել, քանի որ վերջինս վաղուց անձամբ ծանոթ է Պրիգոժինի հետ (մոտ 20 տարի)։
Նշենք նաեւ, որ Պեսկովը հայտարարել էր, որ Կրեմլում «երախտապարտ են Լուկաշենկոյին իր այդ ջանքերի համար»։
ՄԱՇԱ ՄԵԼՔՈՆՅԱՆ
ՄԱՐՈՒԹՅԱՆԸ՝ ԸՆԴԴԵՄ ԱՎԻՆՅԱՆԻ
Gallup International Association-ը երեւանցիներից հետաքրքրվել է, թե ում օգտին են պատրաստվում քվեարկել սեպտեմբերին սպասվող ավագանու ընտրություններին:
Հարցվածների 10.1 տոկոսը կքվեարկի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը գլխավորող Տիգրան Ավինյանի օգտին, 8.2 տոկոսը կքվեարկի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի օգտին, 5.3 տոկոսը՝ «Հայաստան» դաշինքի՝ Լեւոն Քոչարյանի գլխավորությամբ, եւ 4.5 տոկոսը՝ ՀՀԿ-ի՝ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ։
«Հարցին դժվարացել է պատասխանել 30.2 տոկոսը։ Սա դասական պատկեր է այս շրջանի համար։ Նորմալ բաշխվածությունն է սաղմնային փուլում, որովհետեւ ընտրությունները լինելու են երեք ամսից, շատ քիչ թեկնածություններ են հաստատվել, մնացածները դեռ խոսակցություններ են։ Երբ որ սկսվի ակտիվ քարոզարշավը, այս ցուցանիշներում փոփոխություններ կտեսնենք»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ասաց Gallup International Association հայկական ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը։
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԳՈՐԾՈՒՂՎԻ ՓԱՐԻԶ
Հաջորդ շաբաթ՝ հուլիսի 10-13-ը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով կգործուղվի Փարիզ: ArmLur.am-ը տեղեկացավ, որ Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակության կազմում լինելու են
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը,
Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը,
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը,
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը,
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
Բացի պատգամավորներից, պատվիրակության կազմում կլինեն նաեւ
ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը,
ԱԺ նախագահի խորհրդատու-օգնական Համլետ Գեւորգյանը,
Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանը,
Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության պետ Ալեքսանդր Մխիթարյանը,
Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության անձնագրային սպասարկման բաժնի պետ Նարինե Բադալյանը,
Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի քարտուղար, ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Էդուարդ Բադոյանը,
ԱԺ աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի լուսանկարիչ-օպերատոր Դավիթ Հակոբյանը,
ԱԺ աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի հեռուստաօպերատոր Վարազդատ Եղիազարյանը:
Թե ԱԺ պատվիրակությունն ինչ հանդիպումներ է ունենալու Փարիզում կամ ինչ քննարկումների է մասնակցելու, հայտնի չէ. համենայնդեպս, ԱԺ նախագահի համապատասխան որոշման մեջ գործուղման օրակարգի մասին ոչինչ չկա: Գործուղման հետ կապված ճանապարհածախսի, ներկայացուցչական ծախսերի, օրապահիկի եւ գիշերավարձի (7 անձի) ծախսերը կկատարվեն պետբյուջեի հաշվին, իսկ 6 անձի գիշերավարձի վճարումը կատարելու է հրավիրող կողմը:
ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆ