«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը եւ քարտուղար Արթուր Հովհաննիսյանը շրջանառության մեջ են դրել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԺ նախագիծ:
Նախագծի հիմնական զեկուցողը լինելու է Հովիկ Աղազարյանը:
ԱԺ նախագիծն արդեն տեղադրվել է ԱԺ կայքում։
Նշենք, որ այդ նախագծի մասին առաջին անգամ խոսել էր ՔՊ-ական Հովիկ Աղազարյանը: Նախագիծը ՔՊ խմբակցությունը ներկայացրել է այն բանի համար, որ ԱԺ ՄԻՊ հանձնաժողովում ՀՀ մարդու իրավուքների պաշտպանի ընտրության օրը Թագուհի Թովմասյանը չի արգելել ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանին «ադրբեջանաթուրքական» հեղափոխության մասին խոսել, բայց թե ինչպես պետք է արգելեր, հայտնի չէ:
Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն ապրիլի 4-ի նիստին տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ դիմում էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին։
Նշենք, որ իր դիմումի մեջ պատգամավորը նշում էր. ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը պետք է օրենքով կրի իր բաժին պատիժը, քանի որ նա իր պահվածքով եւ գործունեությամբ խախտեց ՀՀ օրենսդրությունը։ Այդ օրը Արթուր Հովհաննիսյանի կողմից խախտվեց ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածը՝ «Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք (…)», «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 3-րդ հոդվածի շատ կետեր, մասնավորապես՝ «դրսեւորել պատգամավորին հարիր վարքագիծ», «պահպանել ԱԺ հանձնաժողովի նիստերի անցկացման կարգը», «ՀԱՐԳԱԼԻՑ վերաբերմունք ցուցաբերել քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ»։
Վնաս հասցվեցին նաեւ ՀՀ քրեական օրենսգրքով պաշտպանվող իրավահարաբերություններին, մասնավորապես` ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածով սահմանված, երբ հնչեց մարդու առողջությանը վնաս պատճառելու սպառնալիք՝ պայմանավորված ՄԻՊ թեկնածուի հայացքներով ((…) լեզուդ կկտրեմ, ականջներդ կկտրեմ եւ այլն), ոտնահարվեցին ՀՀ քրեական օրենսգրքի 203-րդ հոդվածով պաշտպանող՝ անձի սահմանադրական իրավունքներն ու ազատությունները՝ օգտագործելով իշխանական լիազորությունները, եւ վերջապես ակնհայտ դրսեւորվեց նույն օրենսգրքի 297-րդ հոդվածով նախատեսված խուլիգանություն»։
ԱՋԱՓՆՅԱԿԻ ԿԱՅԱՆԸ՝ ՇՈՒՏՈՎ
Աջափնյակի մետրոյի նախագծի 2-րդ փուլն ավարտված է, այս պահին աշխատանքներ են իրականացվում երրորդ փուլի ուղղությամբ, մինչեւ տարեվերջ նախագիծը կդրվի մրցույթի:
Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական արտահերթ նիստի ժամանակ այս մասին հայտարարեց փոխքաղաքապետ Ստեփան Մաչյանը՝ ընդգծելով, որ Երեւանի մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի նախագծման աշխատանքներն իրականացնում են երեք փուլով:
«Ապրիլին ավարտել ենք առաջին փուլը, երկրորդ փուլի ավարտի ժամկետը հուլիսի 10-ն էր, մենք անցած շաբաթվա ընթացքում կազմակերպության կողմից ստացել ենք երկրորդ փուլի ամբողջական փաթեթը կատարված: Այս պահին աշխատանքներ են իրականացվում երրորդ փուլի ուղղությամբ. մենք նախատեսում ենք աշխատանքներն ամբողջությամբ ավարտել տարվա վերջին՝ ժամկետից մի փոքր շուտ»,-ասաց նա:
Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ հավելեց՝ վստահ է, որ մինչեւ տարեվերջ նախագիծն ամբողջական ունենալու են:
ԴԱՐՁԱՓՈԽԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆ
Մյասնիկյան պողոտայում խցանումները մեղմելու նպատակով դիտարկվում է դարձափոխային երթեւեկություն կազմակերպել:
Հարցը քննարկվել է քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում։
Նշվում է, որ առավոտյան եւ երեկոյան ժամերին հավելյալ գիծ կավելացվի:
ԱՅՑ՝ ՀԱՅ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻՆ
Հունիսի վերջին եւ հուլիսի սկզբին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատակիցները կրկին այցելել են Ադրբեջանում կալանավորված հայ ռազմագերիներին, այլ պահվող անձանց, այդ թվում՝ նաեւ վերջերս ձերբակալված 2 զինծառայողներին։
ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման եւ կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին նշել է, որ հայ ռազմագերիների հետ անհատական հանդիպումներ են տեղի ունեցել, նրանց հնարավորություն է տրվել շփվել ընտանիքների հետ։
«Իր մանդատի համաձայն՝ ԿԽՄԿ-ն իր այցերի ընթացքում գնահատում է գերիների նկատմամբ վերաբերմունքը եւ պահման պայմանները, ինչպես նաեւ նպաստում է նրանց ընտանիքների հետ շփումների վերականգնմանը կամ շարունակմանը»,- նշեց Ամատունին:
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓԱՐԻԶՈՒՄ Է
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 10-ին աշխատանքային այցով մեկնել է Փարիզ. այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնում են ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչությունից:
ԸՆԴԴԵՄ ՀՈԽԻԿՅԱՆԻ
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկություններ էր ստացել, որ Մարտունի քաղաքում ծեծի է ենթարկվել Մարտունի քաղաքում «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Նաիրի Հոխիկյանը:
Մենք զրուցեցինք Նաիրի Հոխիկյանի հետ՝ հասկանալու համար՝ ինչ է տեղի ունեցել: Նրա պարզաբանմամբ՝ իրեն չեն ծեծել, այլ սադրել են:
«Իրավիճակն ինձ հետ կապ չի ունեցել, կապ է ունեցել կոնկրետ «Հայաքվե» նախաձեռնության հետ: Մարտունի քաղաքում արդեն երրորդ օրն է՝ իրականացվում է ստորագրահավաք: Այսօր՝ վաղ առավոտից՝ սկսելուց անմիջապես հետո, սկսեցին մարդիկ մոտենալ հստակ ուղղորդված, ագրեսիվ տոնով, գոռգոռալով: Մեզ մեղադրում էին տարբեր բաների մեջ, այդ թվում՝ իբրեւ սա Արցախի հետ կապ չունի: Ստորագրողներին ասում էին՝ ձեզ խաբում են, սա նախկինների օգտին է: Միջամտելուց հետո սկսվեց քաշքշուք, բայց ծեծկռտուք չի եղել, պարզապես սադրել են: Փորձում էին ստորագրված թերթիկներից վերցնեին, թույլ չտվեցի, սակայն մի քանի տեղեկատվական թերթիկ պատռեցին»,- ասաց Հոխիկյանը:
Իրավիճակը ավելի չլարելու համար Հոխիկյանը զանգահարել է ոստիկանություն, որից հետո պարզել են միջադեպի մասնակիցների ինքնությունները, ապա կազմվել համապատասխան արձանագրություն:
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ՆՈՐ ՆՍՏԱՇՐՋԱՆ
ԱԺ-ն այսօր՝ հուլիսի 11-ին, արտահերթ նստաշրջան կհրավիրի:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ԱԺ արտահերթ նիստերը պետք է արդեն երեկ՝ հուլիսի 10-ին մեկնարկեին, սակայն տեղեկացանք, որ արտահերթ նստաշրջան հրավիրելու համար անհրաժեշտ 27 ստորագրություն չի հավաքվել, ինչի հետեւանքով նիստերը հետաձգվել են:
ԱԺ արտահերթ նստաշրջանը կմեկնարկի հուլիսի 11-ից: