Կառավարության այսօրվա նիստի օրակարգում Երևանի ավագանու ընտրությունների հարցն է։ Այն տեղի կունենա սեպտեմբերի 17-ին։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ հիմնավորման մեջ նշվում է, որ Երևանի ավագանու վերջին ընտրությունները տեղի են ունեցել 2018 թվականի սեպտեմբերի 23-ին: Ավագանին իր լիազորությունները ստանձնել է 2018 թվականի հոկտեմբերի 10-ին: Վերջինիս լիազորությունները ժամկետը լրանում է 2023 թվականի հոկտեմբերի 10-ին:
«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 127-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Երևանի ավագանու հերթական ընտրությունն անցկացվում է ավագանու լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 20 օր առաջ»: Վերոնշյալ կարգավորման համաձայն՝ ընտրությունները պետք է նշանակվեն սեպտեմբերի 17-ին (որպես նշված միջակայում գտնվող միակ կիրակի օրը):
Եվ ահա, հենց այդ պատճառով էլ այսօր այս հարցը ներառված է կառավարության նիստի օրակարգում։
Ն․Հ․