ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՊԱՀԱՆՋԸ ՈՒԺԻ ՄԵ՞Ջ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փաստաբանների բողոքի ակցիան, որը ներքին գործերի փոխնախարար Արամ Հովհաննիսյանի հրաժարականի պահանջով էր, ավարտվեց ՆԳՆ-ի դիմաց։

 

Արա Զոհրաբյանը ներկայացել էր բանակցության ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է հանձնաժողով ստեղծելու հարցը, որը կարձանագրի փաստաբանների խոշտանգումների դեպքերը եւ համապատասխան լուծում կտա։

Հանձնաժողովը կազմված է լինելու 3 փաստաբանից եւ 3 ոստիկանից, որոնք, ըստ Զոհրաբյանի, օպերատիվ են աշխատելու եւ ընթացք են տալու բոլոր ահազանգերին։

Ակցիայից հետո փաստաբանների խումբը շարժվեց ԲԴԽ՝ Կարեն Անդրեասյանի հրաժարականի պահանջով։

-Հանդիպեցինք ներքին գործերի նախարարի հետ, Ոստիկանության պետն ու այլ ոստիկաններ էլ էին  մասնակցում: Հանդիպման ժամանակ պարոն Բաբայանը ներկայացրեց բոլոր խնդիրները: Եղավ երկուստեք քննարկում, վերլուծություն այդ խնդիրների շուրջ: Որոշվեց, որ Ներքին գործերի նախարարության հետ ստորագրվի հուշագիր, ստեղծվի հանձնախումբ՝ ոստիկաններից եւ փաստաբաններից կազմված, որը որ նմանատիպ դեպքերում օպերատիվ  արձագանք կտա: Կենտրոնի բաժնում տեղի ունեցած դեպքերով ծառայողական քննությունը ընթացքի մեջ է, եւ իրենք հավաստիացրին, որ մեղավորները օբյեկտիվ պատասխանատվություն կկրեն: Այսուհետ նման դեպքեր՝ կապված փաստաբանների հետ, բացառվում է. չի լինի նման դեպք, եւ մենք ամեն ինչ կանենք, որ նման դեպքեր այլեւս չարձանագրվեն: Տարբեր հավաստիացումներ եղան: Մենք պաշտոնապես  ներկայացրել ենք մեր պահանջները, այժմ խոսում ենք հետագա զարգացումների մասին:

-Իսկ հավաստագիրը տվեցի՞ք:

-Հավաստագիրը մեր գործընկերը, այո՛, ներկայացրել է Ներքին գործերի նախարարություն:

-Հրաժարականի պահանջը շարունակու՞մ է ուժի մեջ մնալ:

-Մենք ինչ ներկայացրել ենք, շարունակում է ուժի մեջ մնալ, բայց ասեմ, որ մենք այս հանդիպման արդյունքներից գոհ ենք, քանի որ կա հստակ հավաստիացում  եւ ափսոսանք՝ նման դեպքի հետ կապված: Նրանք հավաստիացնում են, որ իրենց ի սկզբանե չեն զեկուցել դեպքի մասին, եւ սա է եղել իրենց անտարբերության պատճառը:

Զրուցեց ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ

 

 

 

 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԱՎԹՄԱՆ ՔԱՅԼ

Ազգային Ժողովում երեկ դադարեցվեցին Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի լիազորությունները:

Այս իրավիճակի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանի հետ: «Ես ուսումնասիրել եմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության շրջանառած նախագիծը եւ ասեմ, որ նախագծի հիմավորման  70%-ն այն բնույթի էր, որ  «կարող ենք, անում ենք»:

Եվ փաստական միակ հիմավորումը ԱԺ խորհդի նիստերին չմասնակցելն էր: Այլ հիմնավորումները, որոնք նշված են երկրորդ մասում՝  հանգամանքներ կապված ատելության խոսքի եւ այլնի հետ, որեւիցե փաստերով ամրագրված չեն: Այդ նախագիծը փաստական առումով շատ թույլ է: Այստեղ այլ հանգամանք է կարեւոր, որ այդ պաշտոնը ընդդիմությանն է քվոտայով,  եւ շատ խնդրահարույց է իշխանության կողմից ընդդիմության առաջատար պաշտոնյային հանձնաժողովի նախագահի լիազորություններից զրկելը:

Այո, պաշտոնյայի գործունեությունը կարող է դուր չգալ իշխանությանը, եւ իշխանությունը պետք է դա հանդուրժի: Ես կարծում եմ՝ այս իրավիճակը իշխանության ներկայացուցիչների կողմից պետության զավթման մի փոքրիկ բաղադրիչ պարունակող քայլ է»,- ասաց Իոաննիսյանը:

 

 

 

 

ԱՆԱՐԴԱՐ Է ՀԱՄԱՐՈՒՄ

Երեկ խորհրդարանում քննարկման ու քվեարկության արդյունքում Ազգային Ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական նախագահ Թագուհի Թովմասյանի լիազորություններ դադարեցվեցին:

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այս առնչությամբ նշում է.  «Ես տարակուսած եմ, որովհետեւ եթե Նաիրա Զոհրաբյանի հարցը ժամանակին չբարձացվեց հայտնի միջադեպից հետո, ես զարմանում եմ՝ ինչպես կարելի հիմա նման հարց բարձրացնել այս իրավիճակում:

Ամենակարեւոր հարցը, դու չես բարձրացնում քո թիմակիցների վարքագծի հետ կապված հարցերը՝ ԱԺ նախագահի թքելու հայտնի իրադարձություններից, վերջացրած բառացիորեն խուլիգանական եւ Աժ պատգամավորի ոչ վայել պահվածքների համար տարբեր իրավիճակներում: Իրավիճակներ, որտեղ իրենք իրենց դրսեւորել են՝ սեռական բնույթի հայհոյանքներ տալով, ծեծկռտուքով եւ մնացած բոլոր պատմություններով: Եվ այս դեպքում ընդդիմադիր պատգամավորի հարցը քննարկելը հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելու համար, մեղմ ասած, տարակուսելի է: Ես այս երեւույթը կբնորոշեմ հին ավանդույթների վերադարձ, երբ յուրայինները սրբադասված են, իսկ այլախոհների նկատմամբ կարելի է օգտագործել օրենքի ողջ խստությունը»:

 

 

 

 

 

ՄԱՐՈՒԹՅԱՆԸ ՆՈՐԻՑ ԱԿՏԻՎԱՆՈՒՄ Է

Երեւանի ավագանու սպասվող ընտրություններին մասնակցելու հարցով բաց է մնում նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հարցը. վերջինս  զբաղված է իր սիրած գործով՝ գումար աշխատելով։ Նա ներկայացումներ է խաղում ՀՀ-ում եւ նրա սահմաններից դուրս: Տիգրան Ավինյանի ու Մանե Թանդիլյանի պարագայում պարզ է, թե ովքեր են նրանց քաղաքական հենարանները, թիմակիցները, մարդիկ, որոնք կանգնած են նրանց հետեւում, իսկ Մարությանի իրավիճակը շարունակում է անհասկանալի մնալ: Նա քաղաքապետ էր դարձել 2018թ.-ի իշխանափոխությունից հետո, երբ իշխանության վարկանիշն ամենաբարձրն էր, ու կապ չուներ, թե ով է անձը, կարեւորը՝ ում կմատնանշեր Նիկոլ Փաշինյանը։ Հիմա նա ոչ միայն իշխանական թեկնածուն չէ, այլեւ չունի թիմ, ում վրա կհենվի։ Մեզ փոխանցեցին, որ Հայկի թիմը հիմնականում օպերատորներ, պրոդյուսերներ, ադմիններ էին, որոնք կարողանում էին լավ տեսանյութեր նկարել, միջոցառումներ կազմակերպել, բայց շատ թույլ ու անփորձ էին համայնքային խնդիրներն ընկալելու, դրանց լուծումներ տալու հարցում: Իշխանական մեր աղբյուրները պնդում են, որ Հայկ Մարությանի համար խիստ տհաճ էր նույնիսկ առավոտյան ֆիքսված ժամին աշխատանքի հաճախելը, ժողովներ անցկացնելը, հարցերի մեջ խորանալն ու դրանց ադեկվատ լուծումներ տալը: Հիշեցնենք, որ Մարությանն ամենաշատն աշխատավայրից բացակայող քաղաքապետն էր, հաճախ է «աշխատել» հեռավար, շատ էր իր հաշվին արձակուրդ վերցրել, ու բոլորին պարզ էր, որ նա իրեն այդքան էլ հարմարավետ չի զգում պետական պաշտոնում: Սրան էլ գումարած՝ անդադար կոնֆլիկտներ էր ունենում կառավարութան ու ավագանու անդամների հետ. փաստացի Մարությանի հետ արդյունավետ աշխատել չի ստացվել ո՛չ ներսում, ո՛չ դրսում: Հայկի շրջապատին մոտ կանգնած մարդկանցից մեզ փոխանցեցին, որ քիչ հավանական են համարում նրա առաջադրումը. եթե առաջադրվի ու ինչ-որ հրաշքով նորից քաղաքապետ դառնա, ապա, իր բնավորության համաձայն, արագ կհոգնի, կսկսի փնթփնթալ աշխատանքային ծանրաբեռնվածությունից: Անընդատ տարբեր լուրեր են շրջանառվում՝ Հայկ Մարությանի առաջադրման հետ կապված, քանի որ  ինքն էլ չի կողմնորոշվում, թե, ի վերջո, առաջադրվի ավագանու ընտրություններին, թե ոչ:

 

 




Լրահոս