Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը ժամկետների խախտումով է գործում։ Բանն այն է, որ արդեն երեք անգամ իրավական ակտեր են խախտվել։ Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեք անգամ փոփոխություններ են կատարվել իրավական ակտերում, բոլորն էլ՝ 2020 թվականին։ Այդ ակտերում հստակ նշված են ժամկետներ, թե երբ պետք է պատրաստ լինի փոփոխությունների նախագիծը, սակայն դրանք խախտվել են։ Այսինքն՝ սահմանված իրավական ակտի խախտումներ են եղել։ Հանձնաժողովն իր աշխատանքները պետք է ավարտեր դեռ 2022 թվականին, եւ վերահսկող պետք է լիներ վարչապետը, սակայն հենց Նիկոլ Փաշինյանն է խախտման հեղինակը։ Ստացվում է՝ կա նաեւ խորհուրդ, եւ մասնագիտական հանձնաժողովը ենթակա է այդ խորհրդին։ Խորհուրդը պետք է արձանագրեր խախտումները, բայց նրանք էլ աչք են փակել: Իսկ վերահսկողությունը պետք է իրականացներ ՀՀ արդադատության նախարարությունը՝ նախկին նախարար Կարեն Անդրեասյանը եւ արդեն ներկայիս նախարար Գրիգոր Մինասյանը: Նրանք էլ դա չեն արել, քանի որ Նիկոլ Փաշինյանին չեն ցանկացել «նեղացնել» իրենց քայլերով:
Արդյունքում հանցագործություն է եղել, որը չի արձանագրվում:
Մինչեւ հեղափոխությունը 100-դրամանոց երթուղայինով տեղաշարժվող Նարեկ Բաբայանի գործերը լավ են արդեն: Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Բաբայանի ներկայացրած հայտարարագրից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է, որ նախորդ տարի պատգամավորը Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում 27 մլն դրամ արժողությամբ բնակարան է գնել, որի համասեփականատերն է հանդիսանում։ Նա դեռ 2017 թվականին Կոտայքի մարզի Առինջ գյուղում եւս բնակարան էր գնել, որի համասեփականատերն է հանդիսանում կրկին։ Ներկայիս պատգամավորը 2021 թվականի փետրվարին 2009 թվականի արտադրության «Տոյոտա» է գնել։ Այդ ժամանակ Բաբայանը հանդիսանում էր Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահը։ ՔՊ-ական պատգամավորը, չգիտես՝ ինչու, կանխիկ դրամ չի ունեցել, իսկ բանկային հաշիվներում նրա դրամական միջոցները կազմել են 53 հազար եւ 521 հազար դրամ։ Նարեկ Բաբայանը մեկ տարվա ընթացքում միայն պատգամավորական աշխատավարձից է եկամուտ ստացել, սակայն նրա ծախսերի մասին որեւէ տեղեկություն հայտարարագրում առկա չէ։ Նրա կինը՝ Լենա Նազարյանը եւս ներկայացրել է իր հայտարարագիրը։ Վերջինս եւս հայտարարագրել է Ծաղկաձորի եւ Առինջի բնակարանները, որոնց համասեփականատերն է ամուսնու հետ, սակայն Նազարյանը դեռ 2009 թվականին Նորք-Մարաշում անհատական բնակելի տուն է ժառանգություն ստացել։ Նազարյանը եւս ամուսնու պես կանխիկ դրամ չի ունեցել, սակայն բանկային հաշիվներին 1 մլն դրամ է եղել։ Պարզվում է՝ Լենա Նազարյանն անհատ վարձակալ է եւ մեկ տարվա ընթացքում վարձակալությունից 1 մլն 500 հազար դրամ է ստացել, եւս 8 մլն դրամ ստացել է ԱԺ-ից, իսկ 34 հազար դրամ էլ՝ «Կանանց իրավունքների տուն» կազմակերպությունից։ Նազարյանը նաեւ 43 մլն դրամի վարկ ունի եւ 2 մլն 100 հազար դրամ է ծախսել այդ վարկի տարեկան մարման համար։ Վերջում հավելենք, որ կոռուպցիան «բարեւում է» պատգամավոր զույգերին:
Գագիկ Ջհանգիրյանի թոշակի գործը դատական համակարգում գլխացավանք է դարձել։ Մեզ հայտնի դարձավ, որ թոշակի պահանջի գործով դատավոր է փոխվել։ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանը 2022 թվականի դեկտեմբերի 27-ին դատարան է ներկայացրել հայցադիմում՝ ընդդեմ ՀՀ միասնական սոցիալական ծառայության, եւ խնդրել է դատարանին պարտավորեցնել ՀՀ միասնական սոցիալական ծառայությանը ընդունել Գագիկ Վրեժի Ջհանգիրյանին դատախազի կենսաթոշակ նշանակելու մասին որոշումը: Դրանով նա միեւնույն ժամանակ պահանջում է անվավեր ճանաչել ՀՀ միասնական սոցիալական ծառայության գլխավոր քարտուղարի՝ 05.12.2022 թվականի գրությունը եւ 04.10.2022 թվականի որոշումը, որով Գագիկ Ջհանգիրյանին կենսաթոշակ չէին նշանակել: Ասել է թե՝ ՀՀ միասնական սոցիալական ծառայությունը հրաժարվել է ԲԴԽ նախկին նախագահին դատախազի կենսաթոշակ նշանակել, եւ հիմա նա դատարանով է փորձում վերականգնել թոշակի իր իրավունքը: Այս գործը քննում էր դատավոր Աննա Դիլբարյանը, եւ հիմա կազմի փոփոխություն է եղել. այն մակագրվել է դատավոր Անի Չիլինգարյանին։
Ութերորդ գումարման խորհրդարանի գարնանային նստաշրջանն ավարտվել է, սակայն արտահերթ նիստերի պակաս չի զգացվում։ Երեկ եւս արտահերթ նիստ է գումարվել կառավարության նախաձեռնությամբ։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս նստաշրջանը վերջինն է լինելու, քանի որ երկուշաբթի օրվանից պատգամավորները գտնվելու են արձակուրդում։ Տեղեկացանք, որ օրակարգում չորս հարց է, որոնցից երկուսն անցնելու են առաջինից երկրորդ ընթերցում։ Ամեն դեպքում, նիստը կաճատեւ է լինելու։ Այսպիսով, հարցերից մեկը վերաբերում է կառավարության կառուցվածքում փոփոխություն կատարելուն։ Այս նախագծով վարչապետն իրավասու է ձեւավորելու միջազգային դատարաններում դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության հանձնաժողով։ Օրինակ՝ քաղաքացիական հրազեն կրելու համար հատուկ լիազոր մարմնին պետք է քննություն հանձնել։ Մի խոսքով, էլի կարեւոր նախագծերը արտահերթով են ներկայացնում։