Ո՞ՐՆ Է «ՀԱՅԱՔՎԵ»-Ի ՆՊԱՏԱԿԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ինչպես խոստացել էի, այսօր շարունակում եմ պատասխանել «ՀայաՔվե»-ի հետ կապված առավել տարածված հարցերին։ Այսօր ցանկանում եմ հատուկ անդրադառնալ մի հարցի, որը մեր համար անակնկալ է առաջացել, իրականում շրջանառության մեջ է դրվել շատ կոնկրետ մեկ ուժի կողմից, եւ շատ կոնկրետ նպատակով»,- Facebook-ի իր էջում գրել է «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը:

 

Նա, մասնավորապես, նշել է. «Հարց. արդյոք օրենքի նախագծի մեջ «այլ պետություն» արտահայտությունը վերաբերո՞ւմ է նաեւ Հայաստանին, եւ արդյոք այս օրենքի նախագիծը չի՞ նախաձեռնվել Արցախը Հայաստանից պոկելու համար։

Պատասխան. ուղիղ հակառակը՝ «ՀայաՔվե»-ն նախաձեռնվել է Հայաստանի եւ Արցախի վերամիավորման նպատակով, եւ հետեւյալ պարզ հիմնավորումներով.

ա) օրենքի նախագիծը շարադրված է հետեւյալ կերպ՝

«Հայաստանի Հանրապետության անունից Արցախը որեւէ այլ պետության կազմում ճանաչելը պատժվում է ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով»։ Քանի որ խոսքը գնում է Հայաստանի Հանրապետության անունից, ապա «այլ պետություն» արտահայտությունը վերաբերվում է բացի Հայաստանից այլ պետություններին. իրավականորեն եւ քերականորեն դա ակնհայտ է։

բ) Օրենքի նախագծի հիմնավորումը ուղիղ հենվում է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի վրա, որը սկսվում է հետեւյալ նախաբանով՝ «Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը, արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից եւ միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա»։ Սա միարժեք ձեւակերպում է, քանի որ այդ որոշմամբ Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների վերամիավորման սկիզբն է դրված, եւ մեր նախաձեռնությունը հենվում է հենց այս հիմնարար նպատակի վրա։

գ) Օրենքի նախագիծը պատժամիջոց է նախատեսում «Սահմանադրական կարգի դեմ ուղղված» հանցագործությունների բաժնում, որից եւս հետեւում է, որ այս պատիժը կիրառվում է այն պաշտոնատար անձի դեմ, որն իր գործողություններով խոչընդոտում է Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրում եւ դրա միջոցով ՀՀ Սահմանադրության մեջ ամրագրած վերամիավորման սկզբունքը իրագործելուն՝ Արցախը ճանաչելով այլ պետության կազմում։

Մեր նպատակը միավորված եւ հզոր հայկական հայրենիքն է, եւ ցանկացած ոք, ով խոսքով կամ գործով ծառայում է նույն նպատակին, պետք է դադարեցնի պառակտչական քայլերը, դուրս գա ազնիվ երկխոսության եւ  կենտրոնանա նրա վրա, թե ինչպես համատեղ ուժերով մենք հասնենք մեր երազանքների իրականացմանը։ Մինչ այդ շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր արդեն իրենց վստահության քվեն են տվել «ՀայաՔվե»-ին, եւ կոչ եմ անում մեր բոլոր հայրենատեր եւ արժանապատիվ քաղաքացիներին էլ միանալ այս կարեւորագույն նախաձեռնությանը։ Աստված զորավիգ մեր միասնական հայրենիքին, եւ իր համար պայքարող մեր քույրերին եւ եղբայրներին»։

 

 

 

ԲՆԱԿԱՆ ԱՂԵՏԻ ՀԵՏՔԵՐՈՎ

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ  ««Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Նորատուս համայնքից սկսած մինչեւ Երանոս համայնքն ընկած անտառային հատվածում սոճիները համատարած չորացել են, ավելինմեր տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես են արդեն իսկ համարակալվել են այդ ծառարմատները, եւ անտառային այդ հատվածը վերածվել է բնապահպանական աղետի:

««Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի գլխավոր անտառագետ Սասուն Գալստյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց, որ սոճիների  անհասկանալի հիվանդության համար հատուկ Հայաստան են ժամանել Ռուսաստանից մասնագետներ եւ անձամբ վերցրել փորձանմուշներ:

«Շրջակա միջավայրի նախարարության եւ մեր ռուս գործընկերների հետ համատեղ այս պահին ընթանում են  ուսումնասիրություններ, քննարկումներ: Կարող եմ ասել, որ այս պահին Գիտության ակադեմիան թույլատրել է իրականացնել հիվանդ, ոչ կենսունակ ծառերի հատում, սակայն դեռ նախարարության կողմից որոշում այդ մասով չկա: Կարծում եմ, որ շուտով կլինի»,-նշեց գլխավոր անտառագետը:

Նշենք, որ  խոսքը մոտ 8400 հիվանդ սոճիների մասին է, որոնք ենթակա են հատման եւ անգամ թափուկ չեն կարող լինել:

 

 

 

ՇՈՒՌՆՈՒԽՈՒՄ ՀԱՆԳԻՍՏ Է

Շուռնուխում ամեն ինչ նորմալ է, լարվածություն չկա: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի սահմանային Շուռնուխ համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանը:

«Վերջին ամիսներին մեզ մոտ հանգիստ է՝ ի տարբերություն, օրինակ, Տեղ համայնքի: Գյուղացիներից ամեն մեկը զբաղված է իր գործով, բոստանները մշակելով: Ժողովուրդը խոշոր եղջերավոր անասուններին վերացրել է, ոչխար են հիմնականում պահում, քանի որ արոտավայրեր չկան առաջվա նման, հակառակորդի կողմն էլ որ անցնում են, ետ չեն վերադարձնում: Բնակիչները բոլորն էլ իրենց տեղում են, բացի 4 ընտանիքից, որովհետու մարդիկ մնալու տեղ չունեն, սպասում են, մինչեւ իրենց տները կառուցեն»,-նշեց մեր զրուցակիցը՝ միեւնույն ժամանակ հավելելով, որ գյուղացիների մոտ խուճապային տրամադրություն չկա, ավելին՝ մարդիկ մարտական են տրամադրված:

Հիշեցնենք, ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու պատճառով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Շուռնուխ եւ Որոտան բնակավայրերում հաշվառված եւ բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիները մինչեւ 2023 թվականի հուլիս ամիսը ներառյալ ստացել են 68.000 ՀՀ դրամ աջակցություն:

Նյութերը՝ ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ

 

 

 

ԳՈՐԾԸ՝ ՆՈՐ ՓՈՒԼՈՒՄ

ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի գործը Հակակոռուպցիոն դատարանում մտնում է առավել աղմկահարույց փուլ: Բանն այն է, որ գործով դատարան է հրավիրվելու վերջին վկան՝ Հայաստանի Հանրապետության ԶՈւ ավիացիայի պետ-վարչության նախկին պետ Գագիկ Ասլանյանը, որից հետո սկսվում է մեղադրյալների հարցաքննության փուլը: Ասել է թե՝ խոսքը հասնում է ՊՆ նախկին պաշտոնյաներին՝ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, Ավետիք Մուրադյանին, գործարար Դավիթ Գալստյանին՝ Պատրոն Դավոյին:

Հիշեցնենք, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել էր քրեական գործ՝ ռազմամթերքի ձեռք բերման գործընթացում ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ։ Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել յոթ անձի, այդ թվում՝ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, Պատրոն Դավո մականունով հայտնի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանին։ Քրեական գործով այս պահին «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հինարկում՝ «ԿԳԲ-ի պադվալում» են գտնվում ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, զինված ուժերի ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ավիացիայի վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Ավետիք Մուրադյանը, իսկ մյուս մեղադրյալնեը ազատության մեջ են:

Գործը Հակակոռուպցիոն դատարանում քննվում է դռնփակ:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԻՐԱՎԻՃԱԿԸ՝ ՍԱՀՄԱՆԻՆ

«Գյուղում լարվածություն չկա, ամեն ինչ նորմալ է: Կրակոցները դիրքերի ուղղությամբ են եղել, գյուղում չեն լսվել»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը՝ անդրադառնալով սահմանային լարված իրավիճակին:

«Ժողովուրդն իր առօրյա գործերով է, խուճապային իրավիճակ չկա»,-հավելեց նա:

Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 12-ին՝ ժամը 12:10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ  կրակ էին բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետեւանքով վիրավորում է ստացել Հայաստանի Հանրապետության ԶՈՒ զինծառայող Ն. Թ.-ն:

Զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում:

Նշենք  նաեւ, որ ավելի վաղ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ էին բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետեւանքով վիրավորում էր ստացել նաեւ ՀՀ ԶՈՒ զինծառայող Ե. Խ.-ն:

Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ




Լրահոս