Անցած շաբաթ մեր «Հայաքվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնությունը շարունակում էր թափ հավաքել, ընդարձակելով իր աշխարհագրությունը, ձեռք բերելով նորանոր աջակիցներ, և դառնալով անմիջական գործոն, որն արդեն սկսում է ազդել գործող իշխանության կողմից վարվող քաղաքականության վրա, ֆեյսբուքյան իր էջում գրում է «Հայաքվե» նախաձեռնության հիմնադիր Ավետիք Չալաբյանը․
«Ստորագրահավաքի առաջին երկու շաբաթների արդյունքում, մենք հատեցինք անհրաժեշտ նվազագույն շեմի կեսը, սակայն բնավ մտադիր չենք բավարարվել ձեռք բերված տեմպով: Այդ նպատակով մենք շարունակում ենք ընդլայնել «Հայաքվե»-ի աշխարհագրությունը, ընդարձակում ենք մեր ներկայությունը լրատվամիջոցներում և հանրային վայրերում, ավելացնում ենք մարզային այցելությունների թիվը:
Բոլոր մեր այն աջակիցներին, որոնք արդեն միացել են «Հայաքվե»-ին, խնդրում ենք չբավարարվել այդքանով, և հորդորել ձեր մտերիմներին և ծանոթներին ևս միանալ այս կարևորագույն նախաձեռնությանը: Ովքեր որոշել են միանալ, բայց դեռ չեն հասցրել, խնդրում ենք չհապաղել և դա անել այս շաբաթ, ձեր ձայնը հիմա նոր թափ կհաղորդի այս նախաձեռնությանը, և իր հետևից կբերի նոր աջակիցներ: Եթե դուք դեռ երկմտում եք, ձեր մոտ դեռ կան հարցեր՝ մի վարանեք, բարձրաձայնեք դրանք, մենք սիրով պատրաստ ենք ցանկացած հարցի պատասխանել: Իսկ եթե դուք վստահ եք արդեն ձեր կատարած ընտրության մեջ, և ցանկանում եք նաև օգնել մեզ՝ մի վարանեք, կամավորագրվեք «Հայաքվե»-ին, միացեք մեր օր օրի աճող, հայրենատեր, ժրաջան և համերաշխ թիմին, դարձեք մեզանից մեկը, և առաջ տարեք մեր բոլորի «Հայաքվե»-ն»,- նշել է նա։