Մարդիկ հոգնել են քաղաքական խաղերից, զզվում են այդ ամենից. Արցախի պետնախարար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը զրուցել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանի հետ:

-Պարո՛ն Ներսիսյան, հուլիսի 14-ից Արցախում մեկնարկել է համաժողովրդական շարժում, որը որոշակի թափ է ստացել նաև Հայաստանի Հանրապետությունում: Որն է շարժման հիմնական նպատակը կամ նպատակները:

– Ընդհանուր առմամբ ամեն ինչ շատ պարզ է, Արցախի ժողովուրդը պահանջում է դադարեցնել Արցախի շրջափակումը, Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերից պահանջում է լիաարժեքորեն կատարել իր գործառույթները, աշխարհի ուշադրությունն է հրավիրում Ադրբեջանի կողմից արցախցիների նկատմամբ իրականացվող հանցավոր գործողություններին և պահանջում պատասխանատվություն ստանձնել Արցախի ժողովրդի կյանքը, անվտանգությունն ու իրավունքները պաշտպանելու հարցում, Հայաստանի Հանրապետության իշխանություններից պահանջում է անքննարկելիորեն հաշվի առնել, որ Արցախը և Արցախի ժողովուրդը Ադրբեջանի կազմում չեն կարող լինել, Արցախի ժողովրդի անունից ոչ ոք չի կարող որոշել նրա ճակատագիրը, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը իրացվել ու երբեք չի կարող սակարկության առարկա դառնալ, մեր ժողովրդի համար անընդունելի է նշաձողի իջեցման ցանկացած փորձ կամ քայլ:

​-Առաջին իսկ օրվանից ամենատարբեր շրջանակներ նաև քննադատում են համաժողովրդական շարժումը, գնահատականներ են հնչեցնում ձեր ու Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի հասցեին, քանի որ ընդհանուր ընկալումն այն է, որ շարժման առաջամարտիկները դուք եք, իսկ այսօր Արցախի ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Իշխանյանը հայտարարեց, որ շարժումը կառավարվում է մի կետից՝ ՀՀ իշխանությունների կողմից: Ինչ եք կարծում, ինչու են նման հայտարարություններ արվում, եթե շարժման հռչակված նպատակներից մեկն էլ համերաշխությունը, միասնությունն ու համախմբվածությունն է:

– Ցավոք մենք ապրում ենք այդպիսի ժամանակներ, երբ քաղաքականությունը, քաղաքական կամ անձնական շահը ոմանց համար գերակա է պետական ու հանրային շահից: Եվ երբ որոշ մարդիկ ուզում են համաժողովրդական շարժումը ծառայեցնել իրենց նախընտրած շահերին ու չի ստացվում, սկսվում են հնչել նման ամենատարբեր հայտարարություններ: Շարժումը ժողովրդինն է, մենք ընդամենը փորձում ենք այն պահել անբիծ ու մաքուր տեսքով: Գիտեք, շատերը չեն ուզում հասկանալ և ընդունել, որ մարդիկ հոգնել են քաղաքականությունից, քաղաքական խաղերից, ներեցեք արտահայտությանս համար, զզվում են այդ ամենից, ուզում են իրական պայքար, բայց դե գտնվում են մարդիկ, ովքեր չեն կարողանում հաշտվել դրա հետ, ավելին, փորձում են նսեմացնել, արժեզրկել ժողովրդի ցասումը: Կարծում եմ՝ մի մասն էլ պարզապես մոլորության մեջ են՝ հավանաբար բավարար տեղեկություններ չունենալով կամ տարբեր կարծրատիպեր հաշվի առնելով:

​Ինչ վերաբերում է պարոն Իշխանյանի հայտարարությանը, ապա ես շատերից կսպասեի նման գնահատական, բայց ոչ նրա նման փորձառու, հավասարակշռված քաղաքական գործչից: Համոզված եմ, պարոն Իշխանյանը ամենատարբեր ուժերի կառավարման տակ գտնվող շատ մարդկանց է տեսել, բայց եթե նրա խոսքը վերաբերել է ինձ կամ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանին, ապա այն որքան էլ սեփական կարծիքի արտահայտում լիներ, անհիմն է և մեղմ ասած՝ սխալ: Իրականում եթե այդ հայտարարության հեղինակը պարոն Իշխանյանը չլիներ, ես լրիվ այլ կերպ կարտահայտվեի դրա առնչությամբ:

Բոլոր ազնիվ քննադատողներին հրավիրում ենք պարզ ու անկեղծ շփման, քննարկելու ջանքերի ու ռեսուրսների համատեղման հնարավորությունները: Ցավում եմ, որ նման ծանր իրավիճակում մենք կրկին մասնատված ենք ու չենք կարողանում արդյունավետ կերպով համախմբել բոլորիս ներուժը: Բայց հավաստիացնում եմ ձեզ, անկախ ամեն տեսակի խոչընդոտներից, ժողովուրդը հաջողելու է:

Զրուցեց Սոնա Գրիգորյանը




Լրահոս