ՈՒՐԻՇԻ ՏԱՆԸ՝ ՈՒՐԻՇԻ ՄԵՔԵՆԱՅՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդգար Հակոբյանը հայտարարատու տարում ներկայացված հայտարարագրում չունի ոչ մի սեփական անշարժ կամ շարժական գույք։ Ըստ հայտարարագրի՝ նա բնակվում է մեկ ուրիշի տանը, շահագործում է փաստացի այլ անձին պատկանող հողամասը եւ հասարակական նշանակություն ունեցող շինությունը։

 

Ըստ հայտարարագրի անշարժ գույքի հայտարարագրման բաժնում ներկայացված տվյալների՝ պատգամավորը չունի սեփական աշարժ գույք, այսինքն՝ երկու բնակարանը, մեկ հողամասը եւ մեկ հասրակական նշանակության շինությունը պատկանում են այլ անձի, սակայն շահագործվում է պատգամավորի եւ նրա ընտանիքի կողմից։

Հակոբյանը նույնկերպ հայտարարագրել է մեկ բնակարան, 2013 թվականի արտադրության Toyota մակնիշի մեքենա, որը, ըստ նշված տվյալի, փաստացի պատկանում է այլ անձի, սակայն շահագործվում է պատգամավորի կողմից։

Էլեկտրոնային հաշիվները եւ կրիպտոարժույթները նվազել են. տարեսկզբին դրանք կազմում էին 364 հազար դրամ, իսկ տարեվերջին՝ 7 հազար դրամ։

Պատգամավորի կանխիկ դրամական միջոցներն ավելացել են՝ 364 հազար դրամից դառնալով 7 մլն դրամ։

Պատգամավորի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 7 մլն 956 հազար դրամ, որից 7 մլն 480 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ԱԺ աշխատակազմի կողմից, իսկ ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 4 մլն դրամ։

Նա հանդիսանում է նաեւ երկու կազմակերպությունների հիմնադիր՝ «ԱՐՔԱՅՈՐԴԻ» ՍՊԸ եւ «ՆՈՅ ՏՐԱՆՍ», որտեղ իր անչափահաս որդիները եւս մասնաբաժին ունեն։ Ըստ տեղեկությունների՝ Էդգար Հակոբյանը, որը հանդիսանում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ՔՊԿ տարածքային կառույցի խորհրդի նախագահ, Աննա Հակոբյանի հետ ազգակցական կապ ունի։

Ժամանակին ՔՊ-ն մեղադրում էր նախկիններին, որ իրենց բարեկամներին բարձր պաշտոններ են տվել, եւ համակարգը քավոր-սանիկական հարաբերություններով է աշխատում, սակայն այսօր ԱԺ ծառայողականի վարորդներից մինչեւ ԱԺ պատգամավորներ ՔՊ-ականների բարեկամներն են։ Դիցուք՝ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի ազգականների՝ ԱԺ-ում հայտնվելուն բազմիցս ենք անդրադարձել:

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 

 

ԹԱԳՈՒՀԻ ՂԱԶԱՐՅԱՆԻ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը 2022 թվականի հայտարարտու տարում ձեռք է բերել հիպոտեկով բնակարան Երեւան քաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերից մեկում, որն արժե 27 մլն 750 հազար դրամ։ Բնակարանը ձեռք է բերել «ԱՐՄ ԿՈՆՍՏՐԱԿՏ» ՍՊԸ-ից միանձնյա սեփականության իրավունքով։ Ղազարյանն այդ բնակարանը հայտարարգրել է որպես չորս միլիոն դրամից կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող գույք։

Հանձնված եւ վերադարձված փոխառությունները հայտարարտու տարվա տարեվերջին կազմել են 10 մլն 175 հազար դրամ, բանկային հաշիվների մնացորդները տարեվերջին կազմել են 1 մլն 895 հազար դրամ։ Պատգամավորի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 8 մլն 265 հազար դրամ, որը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմից։ Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել են 17 մլն 325 հազար դրամ, որը հիպոտեկով բնակարանի գումարի մնացած մասն է։

Ղազարյանն այն եզակի պատգամավորներից է, որը, մեծ ունեցվածք ունենալու հետ մեկտեղ, հայտարարագրել է նաեւ միանվագ 2 մլն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցող այլ ծախսեր՝ 2 մլն 750 հազար դրամ։

Այսպիսով, անտուն ՔՊ-ականները իշխանություն գալուց հետո մեքենաներ եւ բնակարաններ են գնում, ապա մեղադրում նախկիններին երկու-երեք բնակարան ունենալու համար։

Է. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 

ՍՆՆԴԻ ԳՆԵՐԸ՝ ԱՐՑԱԽՈՒՄ

Արցախում հումանիտար վիճակը գնալով ավելի է ծանրանում, խանութների մեծ մասը փակվել են վաճառելու ոչինչ չունենալու պատճառով:«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել տիրող իրավիճակի մասին:

«Արցախում չի կարող իրավիճակը դրական փոփոխություն ունենալ, իրավիճակը նույնիսկ րոպեների ընթացքում կարող է փոխվել դեպի ավելի վատը: Արցախում արդեն խանութների մեծ մասը փակ է, մեքենաներն անգամ հաց չեն կարող տանել խանութներ վառելիք չունենալու պատճառով: Քար լռություն է Ստեփանակերտում, նույնիսկ շարժ չկա, ուղղակի բառեր չկան բնութագրելու այս ծայրահեղ իրավիճակը: Մարդկանց մոտ շատ մեծ անհանգստություն է, լարվածությունը նույնիսկ օդի մեջ է կախված:

Բազմաթիվ մարդիկ կան, որ հենց այս պահին էլ ոչինչ չունեն ուտելու, եւ դու չգիտես՝ արդեն քո եղած մի փոքրիկ բանը ում հետ կիսել: Արցախում ուղղակի գնելու ոչինչ չկա, բացառությամբ մի քանի տեսակի միրգ-բանջարեղենի, որոնք աստղաբաշխական գների են, եւ մարդիկ նույնիսկ ռիսկ չեն անում մոտենալ դրանց: Օրինակ՝ լոլիկն արժե 2300-2500 դրամ, սմբուկը, եթե իհարկե լինում է, 2000 դրամ, վարունգը՝ 1400-1500 դրամ եւ այլն:

Միրգ եւս չկա, մարդիկ բերքահավաքի խնդիր էլ ունեն. Ադրբեջանը թույլ չի տալիս, թիրախավորում են, հավաքելու դեպքում էլ տեղափոխելու խնդիր կա, քաղաք չեն կարող բերել, որպեսզի իրացնեն»:

ՄԱՇԱ ՄԵԼՔՈՆՅԱՆ

 

 

 

ՆԱԽԱԳԱՀԸ ԴՐՎԱՏԵԼ Է

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 13-ին աշխատանքային այց է կատարել Տավուշի մարզ, որի ընթացքում Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի եւ Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանի ուղեկցությամբ այցելել է  Նոյեմբերյանի բժշկական կենտրոն, որտեղ «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը եւ հիվանդանոցի տնօրեն Գարունիկ Ղուշչյանը ներկայացրել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կառուցվող նոր՝ ինֆեկցիոն մասնաշենքը:

Նախագահն այցելել է նաեւ Լուսաձոր գյուղում գտնվող,  Ֆրանսիայի համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ կառուցված  անասնապահական ֆերմա եւ պանրի արտադրամաս։ Այդտեղ նախագահ Վահագն Խաչատուրյանին  դիմավորել է ֆերմայի տնօրեն Սուրեն  Գեւորգյանը։

Անասնաֆերմայի եւ  պանրագործարանի տարածքում կատարած շրջայցից հետո  հանրապետության նախագահը մեծապես կարեւորել է այն գործը, որն  այդտեղ  իրականացվում է։ Ուշագրավ է, որ ճանապարհորդի  համբավ ունեցող նախագահը այցելել է  այն ընկերություն, որը բացահայտ խախտում  է ՀՀ օրենքը, համահայկական փողերով ստեղծված ձեռնարկության՝ Լուսաձորի պանրագործարանի արտադրանքի վրա հայերեն ոչ մի գրառում չկա։

Իջեւան քաղաքի կենտրոնում, «ԷկոՏավուշ» ՍՊԸ-ի ֆիրմային խանութում վաճառվող հալած յուղի տուփի վրա հայերեն ոչ մի գրառում չկա, բոլոր գրառումները ռուսերեն են, բացի ընկերության անվան լատինատառ գրառումից։

Սա օրենքի կոպիտ խախտում է, քանզի Հայաստանում արտադրվող, վաճառվող արտադրանքը պետք է ունենա ապրանքի վերաբերյալ հայերեն տեղեկատվություն։ Հալած յուղն արտադրվում է Իջեւան համայնքի Լուսաձոր գյուղում գործող «ՀիմնաՏավուշ»  զարգացման հիմնադրամի պանրագործարանում։ Նույն խանութում վաճառվող, «ԷկոՏավուշի» արտադրած պանրի հատիկների փաթեթի հակառակ երեսին հայերեն գրառումն այնքան փոքր չափի տառերով է, որ խոշորացույցով է հնարավոր այն կարդալ։

«ԷկոՏավուշ» ընկերությունը Տավուշի մարզի Լուսաձոր գյուղի պանրագործարանում արտադրված պանրի հիմնական մասն արտահանում է Ռուսաստանի Դաշնություն։

«ԷկոՏավուշ»  ՍՊԸ-ի տնօրենը Հասմիկ Գեւորգյանն է, այդ ընկերությունը ստեղծվել է «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամի կողմից, որի տնօրենը Ֆրանսիայի համահայկական հիմնադրամի տնօրեն Սուրեն Գեւորգյանն է։ Հասմիկ Գեւորգյանը Սուրեն Գեւորգյանի կինն է։ Ամուսիններով  փոխկապակցված ընկերությունների տնօրեններ լինելը պարունակում է կոռուպցիոն լուրջ ռիսկեր։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 




Լրահոս