«Ժողովուրդ» օրաթերթը խոսել է տնտեսագետ, նախկինում Ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Թաթուլ Մանասերյանի հետ: Փորձել ենք ստանալ պատկեր, թե ինչ ազդեցություններ է ունեցել ռուս-ուկրաինական պատերազմը հայաստանյան տնտեսության վրա:
-Ռուս-ուկրաինական պատերազմից հետո հայաստանյան տնտեսությունն ի՞նչ վնասներ է կրել:
-Հայաստանի տնտեսությունը ռուս-ուկրաինական պատերազմից հետո չեմ կարծում, որ լուրջ վնասներ է կրել, այլ ճիշտ հակառակը: Տնտեսական առումով բավական լուրջ հնարավորություններ են առաջացել՝ սկսած անհատական, անձնական տրանսֆերների ներհոսքի ավելացումից, վերջացրած ներքին բիզնեսի աշխուժացումով, հատկապես՝ փոքր բիզնեսի ոլորտում, տեղեկատվական տեխնոլոգիաների, առեւտրի, համախառն ներքին արդյունքի. այս ոլորտներում պահանջարկն է բարձրացել: Այսինքն՝ վնասներ չի կրել:
-Ասացիք, որ Հայաստանը հնարավորություններ է ստացել. ինչպե՞ս պիտի ճիշտ օգտագործենք այդ հնարավորությունները, ի՞նչ պիտի անենք, որ չենք անում:
-Այդ հարցին, լավ կլինի, Կառավարությունը պատասխանի: Պատրա՞ստ են արդյոք, որեւէ սցենար մտածո՞ւմ են՝ ինչ անել ավելացած ռեսուրսների հետ: Բյուջեի ճիշտ բաշխում չի անում պետությունը:
-Ինչպիսի՞ տնտեսական իրավիճակ է այժմ Ռուսաստանում:
-Ռուսաստանը այժմ պատերազմում է գրեթե 51 երկրի դեմ, որովհետեւ 51 երկրից այժմ զենք է մատակարարվում Ուկրաինայի բանակին, եւ այս պահին Ռուսաստանը չի կարող ունենալ այն տնտեսությունը, որը կարող էր ունենալ կամ հավակնում էր ունենալ խաղաղ պայմաններում: Այսօր ավելի շատ ռազմական արդյունաբերության մասին կարող է խոսք գնալ: Այնուամենայնիվ, տնտեսությունը, որը հիմնված է առաջին հերթին ածխաջրածինների վրա՝ նավթի, գազի արտահանման վրա, միջազգային շուկայում, կարծես թե, այս պայմաններում Ռուսաստանը կարողանում է իր ռեսուրսները բարեհաջող վաճառել, եւ այդ իմաստով, կարող ենք ասել, ցնցումներ չեն նկատվում:
-Նշված 51 երկրները արդյոք միայն ռազմակա՞ն օգնություն են ցուցաբերում, այլ ուղղություններում օգնություն չի՞ տրամադրվում:
-Ոչ, ոչ մի այլ ուղղությամբ օգնություն չի տրամադրվում Ուկրաինային: Այսօր Արեւմուտքը միայն պահանջ է դրել՝ միանալ սանկցիաներին, այդ թվում՝ նաեւ Հայաստանին է հորդորում դա անել: Չնայած պարզ է, որ Հայաստանի վիճակը ավելի յուրահատուկ է, եւ նման բան մենք մեզ չենք կարող թույլ տալ այն պատճառով, որ մեզ համար Ռուսաստանը առեւտրատնտեսական գործընկեր երկիր է նաեւ ճիշտ այնպես, ինչպես Իրանը: Պատերազմական իրավիճակում պատժամիջոցների պայմաններում Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցությունը դադարեցնելը կարող է ճակատագրական լինել Հայաստանի Հանրապետության համար: Հարյուրավոր երկրներ կիրառում են պատժամիջոցներ, առաջինը՝ Արեւմուտքի զարգացած երկրները, որոնք ոչ միայն ռազմական, այլ նաեւ տնտեսական պատժամիջոցներ են կիրառում:
-Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը, նախորդ տարիների համեմատ, բավականին աճել է. որքանո՞վ սա կապ ունի ռուս-ուկրաինական պատերազմի հետ:
-Անմիջական կապ ունի. եթե չլինեին անձնական տրանսֆերները, համախառն ներքին պահանջարկը, ապա մեծ հարցականի տակ պիտի դրվեր ընդհանրապես տնտեսական աճ ունենալը: Հայաստանի Հանրապետություն բանկային հաշիվներով մուտք է գործել ավելի քան 5 միլիարդից ավելի դոլար, եւ գրեթե նույնքան, եթե ոչ ավելի, կանխիկ գումար է մուտք գործել Հայաստան: Այսինքն՝ համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) կեսից ավելին դրսից է ստացվել: Նաեւ սրան գումարենք, որ հայկական դրամը մեկ տարվա ընթացքում արժեւորվել է ավելի քան 20%-ով: Կարող ենք ասել՝ աճի հիմնական մասը սա է՝ չհաշված այլ գործոնները: Նման պայմաններում կարելի էր գրանցել 30%-35% տնտեսական աճ, սակայն մենք լավ չենք կարողանում օգտագործել մեր պետական բյուջեն:
-Ըստ Ձեզ՝ այս իրավիճակը որքան ժամանակ կայուն կմնա:
-Ամեն ինչ, ցավոք սրտի, կախված է պատերազմի ընթացքից, կախված կլինի նաեւ նրանից, թե ովքեր եւ ինչպես կղեկավարեն տնտեսությունը: Քանի որ տարվա մեծ մասն անցել ենք, ես կարող եմ ասել՝ Հայաստանը տարեվերջին կունենա տնտեսական աճի դրական միտում: Բայց մենք դրանով չենք կարող սահմանափակվել, նման արդյունք ունենալու համար պետք է մտածենք ապագայի մասին. տեխնոլոգիական ռեսուրսները, բնական ռեսուրսները պետք է կարողանանք ճիշտ օգտագործել:
Զրուցեց ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ
«ՈՒԶՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ՄԵԶ ԼՍԵՆ»
44-օրյա պատերազմի ժամանակ Էջմիածնի N զորամասի անհայտ կորած զինծառայողների ծնողները հուլիսի 19-ին կառավարության դիմաց սկսած ակցիան շարունակեցին նախագահի նստավայրի մոտ, ուր տեղափոխվել է Նիկոլ Փաշինյանը: Կառավարության ընդունարանում ծնողները ընդունելության խնդրանքով դիմում են թողել:
Ծնողները պահանջում են գործողություններ ձեռնարկել անհայտ կորած զինծառայողների գտնվելու վայրը պարզելու համար: Նրանց մի մասը հայտարարում է, որ պատերազմից հետո իրենց զավակները ադրբեջանցիների տրամադրած հեռախոսներով կապի են դուրս եկել իրենց հետ, հետեւաբար համոզված են, որ նրանք ողջ են: Ծնողներից Կարինե Մանավազյանն ասաց. «Մեզ կառավարությունում ոչ ոք չընդունեց, ոչ մի պատասխան չտվեցին, արհամարհանքից ու վիրավորանքից բացի, ոչ մի բան չտեսանք: Դիմումը երեսի զոռով գրեցինք, հիմա էլ սպասենք, տեսնենք, թե դիմումին երբ կպատասխանեն: Անձամբ ես եմ գրել, խնդրել եմ, որ Նիկոլ Փաշինյանը մեզ ընդունի: Ուղղակի խոսենք, հարցեր ու պատասխաններ լինեն: Նույն պահանջով էլ եկել ենք այստեղ: Ուզում ենք՝ մեզ լսեն: Ուզում ենք ասել՝ մեր երեխեքին «պա լյուբոմու» տալու եք, մեկ է, այդ հարցը լուծում է ստանալու, չենք թողնելու հանգիստ ապրեն»: Նա հավելեց, որ ԱԱԾ փոխտնօրենն է նախորդ շաբաթ իրենց ընդունել եւ լուրջ դեմքով ասել, որ աշխատում են այդ ուղղությամբ. «Բա ո՞ւր է ձեր աշխատածի արդյունքը: Ոչ մի բան չեն արել ու չեն անում: Կարելի՞ է ծնողի վշտի հանդեպ նման արհամարհանք դրսեւորել: Թքած ունեն ու չեն ասում, որ էսքան երեխեքը իրենց համար են գնացել ու իրենց պատճառով են կորել»:
Ակցիայի մասնակիցները հայտնեցին, որ բազմաթիվ նամակներ են գրել վարչապետին եւ նախագահին, սակայն արձագանք չկա, եւ իրենց երբեք նախագահը չի ընդունել: Ակցիայի մասնակիցներին հրավիրեցին նախագահի նստավայր, որտեղ տեւական ժամանակ գտնվում է Փաշինյանը: Նշենք, որ ակցիային մասնակցում են Էջմիածնի N զորամասի («քիմիկների» զորամաս) զինծառայողների ծնողները, որոնց զավակներին 2021 թվականի հոկտեմբերի 21-ին տեղափոխել էին Արցախ՝ մարտական առաջադրանքի, եւ սխալ հրամանի պատճառով նրանք հայտնվել էին շրջափակման մեջ ու անհետ կորել: Նրանք նստացույց են հայտարարել:
ՎԻՐԱԲՅԱՆԸ՝ ՆՈՐ ՊԱՇՏՈՆՈ՞ՒՄ
Երեկ «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանին որպես փոխարինող շրջանառվում է Երեւանի նախկին փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի անունը, որը 2020 թ. դեկտեմբերից Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի տեղակալն է եւ հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսերը: Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի տեղակալ, հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանի հետ՝ պարզելու համար՝ նման առաջարկ ստացել է, թե ոչ:
«Ինձ համար այնքան դեժավյու է այս պատմությունը, ամեն անգամ մշակութային կարեւոր պաշտոնից մեկի փոխարինող ինձ են տեսնում, եւ մամուլն այս մասին գրում է»,-ասաց նա:
Մեր այն ճշտող հարցին՝ ի վերջո նման առաջարկ ստացել է, թե չէ, մեր զրուցակիցն առանց ժխտելու նշեց, որ մեր հարցերին կպատասխանի օրվա երկրորդ կեսին: Հիշեցնենք, որ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը նշանակվել է Մատենադարանի տնօրեն:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԻՆ
Իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները ՀՀ պետբյուջեին վերաբերվում են, ինչպես սեփականության. բոլոր հնարավոր եղանակներով նրանք գումար են կորզում պետբյուջեից: Ծագումով ապարանցի Մաթեւոս Ասատրյանը, օրինակ, որ 11 անշարժ գույք ունի, ամեն ամիս պետությունից 100 հազար դրամ տան վարձի փոխհատուցում է ստացել: Պաշտոնական հայտարարագրից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթեւոս Ասատրյանը 2023 թվականի հունվարին բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք է գնել։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ պատգամավորն այն ձեռք է բերել 800 հազար դրամով, որը գտնվում է Երեւանում՝ Աջափնյակ վարչական շրջանում։ Բացի այս տարածքից, որի միանձնյա սեփականատերն է նա, Ասատրյանը տնօրինում է եւս տասը անշարժ գույքի՝ երկու բնակարան, 5 հողամաս, Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ նոր կառուցված, ձեռք բերված եւ անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից հաշվառված ու գնահատված շինություն եւ հողին ամրացված այլ անշարժ գույք եւ մեկ ավտոտնակ։ Երկու բնակարանները գտնվում են Աջափնյակ վարչական շրջանում, որոնք նա ձեռք է բերել նույն օրը՝ 2021 թվականի սեպտեմբերի 16-ին։ Այդ բնակարաններից մեկի պարագայում նա համասեփականատեր է, իսկ մյուսի դեպքում 1/3 բաժինն է իրենը։ Մյուս բոլոր գույքերը նա ունեցել է մինչեւ հեղափոխությունը։ Այս ամենը նա գնել է՝ ունենալով միայն պատգամավորի աշխատավարձը՝ որպես եկամուտ, որը մեկ տարվա ըթացքում կազմել է 7 մլն 886 հազար դրամ։ Ու թեեւ Մաթեւոս Ասատրյանը պատգամավոր եղած ժամանակ Աջափնյակ վարչական շրջանում 2021թ. 2 բնակարան է գնել, այնուամենայնիվ, օգտվելով պատգամավորի երաշխիքների մասին օրենքի 9-րդ հոդվածից, այն է՝ եթե պատգամավորը Երեւանում չունի բնակարան, նրան վարձավճարի փոխհատուցում է տրվում, ստացել է 100 հազար դրամ ամսական փոխհատուցում: ԱԺ լրատվական ծառայությունից «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրել են՝ 2021 եւ 2022 թթ. Մաթեւոս Ասատրյանը օրենքի խախտմամբ ստացել է վարձավճարի փոխհատուցում: Մանրամասները՝ առաջիկայում: