ԱՌԵՎԱՆԳՄԱՆ ԳՈՐԾԸ՝ ՆՈՐ ՓՈՒԼՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավարտվել է Տավուշի մարզի Աչաջուր գյուղի 84-ամյա բնակչի՝ ԱԺ նախկին պատգամավորի հոր առեւանգման եւ շորթում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

 

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում իրականացված մեծածավալ քննչական եւ վարութային գործողությունների արդյունքում պարզվել եւ հիմնավորվել է, որ Ս. Մանուկյանը, Ա. Քամալյանը, Մ. Մուրադյանը, Թ. Պողոսյանը մի խումբ այլ անձանց հետ նախնական համաձայնություն են ձեռք բերել Աչաջուր գյուղի 84-ամյա բնակիչ Գ. Քոքոբելյանին առեւանգելու եւ շորթմամբ վերջինիս հարազատներից առանձնապես խոշոր չափերի` 3.000.000 ԱՄՆ դոլար պահանջելու շուրջ:

Հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով 2022թ. հուլիսի 27-ին՝ վաղ առավոտյան, «Օպել» մակնիշի ավտոմեքենայով հիշյալ անձինք գնացել են Տավուշի մարզի Իջեւան համայնքի Աչաջուր բնակավայրի 1-ին փողոցում գտնվող տան մոտ, որտեղ դիմակավորված դարանակալել եւ սպասել են նշված տան 84-ամյա բնակչին: Ժամը 07:00-ի սահմաններում, երբ վերջինս դուրս է եկել իր տան բակից, ֆիզիկական ուժ գործադրելով՝ նրա կամքին հակառակ նստեցրել են նրան նշված ավտոմեքենան, փակել աչքերն ու բերանը եւ դուրս բերել գյուղից:

Կարճ ժամանակ անց տարեց տղամարդուն տեղափոխել են TOYOTA LAND CRUISER PRADO 2.7 մակնիշի ավտոմեքենա, տարել Լոռու մարզի Ծաթեր գյուղ եւ պահել նույն գյուղի բնակիչներից մեկից վարձակալած հյուրատանը, որտեղ Թ. Պողոսյանը եւ հանցավոր խմբի մեկ այլ անդամ հերթափոխով դիմակավորված, մինչեւ 2022թ. օգոստոսի 2-ը մշտապես գտնվելով նշված տանը, հսկել են տարեց տղամարդուն:

Շարունակելով իրենց հանցավոր մտադրությունը՝ հանցավոր խմբի անդամները 2022թ. հուլիսի 29-ին՝ ժամը 09:30-ին, տարեց տղամարդու ուրդուն՝ Խ. Քոքոբելյանին, WhatsApp հավելվածի միջոցով հաղորդագրություն են ուղարկել՝ պահանջելով 3 միլիոն դոլար գումար: Բացի այդ, նրանք բազմիցս վերջնագրեր են ներկայացրել ԱԺ նախկին պատգամավորին՝ սպառնալով, որ հաջորդը կլինի վերջինիս որդին:

Նշված գումարից 20.000 ԱՄՆ դոլարն իրենց կողմից նախապես ուղարկված կրիպտոարժույթի հաշվին ստանալուց հետո 2022թ. օգոստոսի 2-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, Ս. Մանուկյանը Ա. Քամալյանի հետ իրենց մտերիմին պատկանող HYUNDAI SONATA 2.4 մակնիշի ավտոմեքենայով Երեւան քաղաքից ուղեւորվել եւ ժամը 14:00-ի սահմաններում ժամանել են Ծաթեր բնակավայր: Մինչեւ վերջիններիս տեղ հասնելը Թ. Պողոսյանը բամբակե եւ բինտե խծուծներով փակել է տարեց տղամարդու աչքերը, որից հետո վերջինիս տեղափոխել են հիշյալ ավտոմեքենան եւ հեռացել: Նույն օրը՝ ժամը 17:30-ի սահմաններում, Դիլիջան-Իջեւան ավտոճանապարհի անտառապատ գոտում հանցավոր խմբի անդամները տղամարդուն իջեցրել են ավտոմեքենայից, նստեցրել քարի վրա եւ հեռացել Իջեւան քաղաքի ուղղությամբ, որից հետո վերջինիս հարազատներին հաղորդագրությամբ հայտնել են նրա գտնվելու վայրը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ հիշյալ 4 տղամարդկանց մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով եւ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: Ս.Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, Ա.Քամալյանի նկատմամբ՝ տնային կալանքը։ Մ.Մուրադյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, իսկ Թ.Պողոսյանի նկատմամբ խափանման միջոց չի կիրառվել՝ վերջինիս՝ ազատազրկման մեջ գտնվելու պատճառով:

Հիշյալ 4 անձանց մասով նախաքննությունն ավարտվել է: Քրեական վարույթի նյութերը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:

 

 

 

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ՝ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ

Բյուրեղավանում 20-ամյա Կարենին կյանքից զրկած Մհերը նախկինում մարդ է կացնահարել: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնել է մահացած տղայի քույրը:

 

Մեզ հայտնի դարձավ, որ սպանված 20-ամյա Կարենը հերոսաբար կռվել է 2022 թվականի սեպտեմբերին, երբ հակառակորդը ներխուժել էր ՀՀ տարածք, ու մի կերպ է փրկվել մարտերում, իսկ, ահա, օրեր անց առողջական խնդիրներ ունեցող անձը նրան զրկեց կյանքից:

«Ժողովուրդ» օրաթերթի  հետ զրույցում Բյուրեղավանում սպանված 20-ամյա Կարենի քույրը` Սառան, որի անունը հարգելի պատճառերով փոփոխության է ենթարկվել, մեզ մանրամասներ հայտնեց ողբերգական դեպքից։

Ըստ Սառայի՝ իր եղբայրը երկու ընկերների հետ գարեջրատուն է գնացել, որտեղ մնացել են 1 ժամ: «Եղբայրս՝ Կարենը, անգամ հարբած չի եղել, ուղղակի Վարդավառ է եղել, ընկերներով գնացել էին գարեջրատուն, իսկ եղբորս բանակի քեֆը եղել էր 10 օր առաջ: Տաքսիստը եղել է եղբորս ընկերներից մեկի հորեղբոր տղան, որը նրանց տարել էր գարեջրատուն, եւ պայմանավորվել էին, որ նա էլ գնալու էր, նրանց կրկին գյուղ տաներ։ Զանգահարել էին տաքսիստին, նա ասել էր, որ հիմա հարմար չէ՝ գա իրենց հետեից: Իմ եղբայրն իր երկու ընկերների հետ որոշել են ոտ-ոտ իջնել, մինչեւ տաքսիստը կգա: Ճանապարհից իջնելիս նորից զանգահարում են տաքսիստին ու ասում են՝ բա ի՞նչ եղար, քեզ ենք սպասում, եւ այլ բան չի եղել», – պատմում է նա: Մեր հարցին՝ հայհոյանքներ չե՞ն հնչել տաքսիստի հասցեին, նա նշեց. «Սպանված Կարենի քույրը հայտնեց, որ տաքսու վարորդը եղել է Արթուրը։ Տաքսու վարորդը եկել է տղաների հետեւից, եւ նրա հետ է եղել Մհերը, որը հայտնի է նույն քաղաքում որպես հարբեցող, թմրանյութ օգտագործող։ Երբ տաքսին կանգնել է, ու իմ եղբայրը երկու ընկերների հետ մոտեցել են՝ նստեն տաքսին, նույն րոպեին մեքենայից իջել է Մհերը ու միանգամից կտրել է եղբորս պարանոցը ու հարվածել երկու երիտասարդներին, որոնք եղել են եղբորս հետ։ Իսկ ինչ վերաբերում է Մհեր կոչեցյալին, ապա ոստիկանությունում ցուցմունքներ կան, որ նա տարիներ առաջ մեկին կացնահարել է: Կրկնում եմ՝ իմ եղբայրը հարբած չի եղել, վիճաբանություն չի եղել, ամեն ինչ եղել է այդ Մհերի պատճառով, որը եղել է աֆեկտի ազդեցության տակ»:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԻՆՉՈՒ՞ ՀԵՏԱՁԳՎԵՑ ԺՈՂՈՎԸ

«Ժողովուրդ» օրաթերթն արդեն հայտնել էր, որ  դատավորների ընդհանուր ժողովի օրակարգը չի հաստատվել, եւ նիստը հետաձգվել է։

Դատավորների ընդհանուր ժողովը հետաձգվել է, քանի որ դատավորները բարձրաձայնել են, որ Բարձրագույն դատական խորհուրդը դատավորներին սխալ է ծանուցել։ Ստացվում է, որ նիստը հետաձգվեց, ու նոր ծանուցում կլինի, ինչը դատավորների կողմից նոր հարված էր ԲԴԽ-ին: Այս իրավիճակը ցույց է տալիս, որ դատավորներ ու ԲԴԽ կռիվը նոր փուլ է տեղափոխվում։

Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Բալայանն ընդդեմ Դատական դեպարտամենտի ղեկավարի հայց է ներկայացրել դատարան, պահանջում է ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության համար քվեաթերթիկում ներառելու ծանուցումը միայն մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատավորներին ուղարկելու գործողությունը ոչ իրավաչափ ճանաչել եւ, որպես հետեւանք, Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության համար քվեաթերթիկում ներառելու ծանուցում ուղարկել առաջին ատյանի դատարանների բոլոր այն դատավորներին, որոնք բավարարում են Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թեկնածուի համար սահմանված պահանջները։

Նշենք, որ ԲԴԽ անդամ Մեսրոպ Մակյանի՝ հրաժարականի դիմում ներկայացնելուց հետո ԲԴԽ-ում դատավոր անդամի մեկ թափուր տեղ է առաջացել։ ԲԴԽ-ի դատավոր անդամին ընտրում է Դատավորների ընդհանուր ժողովը։ Երեկ նշանակված էր Ընդհանուր ժողով, որի օրակարգում ընդգրկված էր ԲԴԽ դատավոր անդամի ընտրության հարցը, սակայն դատական դեպարտամենտը խորհրդի անդամի ընտրության համար քվեաթերթիկում ներառելու ծանուցումն ուղարկել է միայն մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներին. ժողովը չկայացավ։

 




Լրահոս