Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Euronews հեռուստաընկերությանը։ Այդ մասին հայտնոմ է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
Նա տեղեկացրել է, որ Նիկոլ Փաշինյանը խոսել է հումանիտար ճգնաժամի, գերիների ու պահվող անձանց վերադարձի, ինչպես նաև միջազգային մեխանիզմի ներքո Ստեփանակերտ-Բաքու երկխոսության անհրաժեշտության մասին:
«Հարցազրույցում վարչապետն անդրադարձել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմանը՝ նշելով, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետով ամրագրված ռեժիմը պետք է վերականգնվի։
Հիշեցնելով ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023 թ. փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումների մասին՝ վարչապետը կրկին արձանագրել է, որ միջազգային բարձրագույն դատական ատյանի իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումներն Ադրբեջանի կողմից մինչ օրս չեն կատարվել»,- գրել է Նազելի Բաղդասարյանը: