Առևտրային, հումանիտար և մասնավոր մեքենաների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով պետք է անհապաղ վերականգնվի. ԱՄՆ պետքարտուղարություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միացյալ Նահանգները տեղյակ է «Լաչինի միջանցքի անցակետում Վագիֆ Խաչատրյանի կալանավորման մասին, ում մարդասիրական միջազգային կազմակերպության ուղեկցությամբ տեղափոխում էին Հայաստան բուժման նպատակով», հայտնել է ԱՄՆ պետքարտուղարությունն ի պատասխան «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցմանը։

Պետքարտուղարությունը հավելել է, որ ընդհանուր առմամբ, «Միացյալ Նահանգները շարունակում է խորապես մտահոգված լինել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը առևտրային, հումանիտար և մասնավոր մեքենաների համար շարունակաբար փակ պահելու կապակցությամբ»:

Ըստ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության՝ մարդասիրական տեղաշարժի դադարեցումն էլ ավելի է վատթարացնում հումանիտար իրավիճակը և խափանում խաղաղ գործընթացի նկատմամբ վստահություն ձևավորելու ջանքերը:

«Առևտրային, հումանիտար և մասնավոր մեքենաների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով պետք է անհապաղ վերականգնվի»,-ասված է պետքարտուղարության արձագանքում:

«Մենք հետևողականորեն պնդում ենք, որ տարածաշրջանում խաղաղությունը պետք է ներառի Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության պաշտպանությունը։ Մենք ողջունում ենք երկխոսությունը, որն առաջնոդվում է այս նպատակով», ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարությունն իր պատասխանում:




Լրահոս